- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի 8-րդ համարը

[1]

Այսօրվանից ընթերցողը համացանցի վրա կարող է ընթերցել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի սույն թվականի 8-րդ համարը։

Այս անգամ ևս «Դրօշակ»ի ուշադրության առանցքում են Արցախը և Հայաստանի արտաքին ու ներքին հիմնահարցերը։

Ներկայացվող վերլուծությունները անդրադառնում են հայ հասարակության մեջ տիրապետող մտայնություններին ու բարոյական մթնոլորտին, ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրներին, վեր հանելով և ելքեր առաջարկելով հայության համար ներկա ճակատագրական կացությունից։ Այս թեմաներն են քննարկվում համարի առաջնորդողում, Վ․ Պետրոսյանի, Հ․ Զեյթլյանի, Ա․ Շահբազյանի հոդվածներում։ Օգոստոս ամսվա մեզ համար պատմական նշանակության իրադարձություններից է Սևրի պայմանագրի կնքումը 1920 թ օգոստոսի 10-ին։

Հայ դատ խորագրի ներքո այս թեմային է անդրադառնում պատմաբան Արարատ Հակոբյանը։ Պատմաբան Անի Մելքոնյանը ներկայացնում է տարբեր ժամանակներում վավերացված այն միջազգային պայմանագրերին, որոնք բախտորոշ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի ճակատագրի և նրա պատմական ընթացքի վրա։ Հայ դատ խորագրի ներքո մեկ այլ ուշագրավ հրապարակում է ներկայացնում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը։

Ա․ Մուշեղյանի թարգմանությամբ առաջին անգամ հայերենով ընթերցողին է ներկայացվում նշանավոր հայասեր Արմին Վեգների նամակը, որը նա 1919 թ․ գրել է Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին։ Իր ողջ դաժան մանրամասնությամբ ներկայացնելով ցեղասպանության շրջանում հայ ժողովրդի ապրած ողբերգությունը նա հզոր երկրի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռք առնել քաղաքակիրթ ժողովրդին վերջնական կործանումից փրկելու համար։ Իրավաբան և մարդասեր Արմին Վեգները այդ ելքը տեսնում է պատմական բնօրրանում հայոց անկախ պետության վերականգման մեջ։ Կարելի է ենթադրել, որ ժամանակին մեծ արձագանքի արժանացած Վեգների այս նամակը Սևրի պայմանագրի կնքման և Վիլսոնյան իրավարար վճռի կայացման գործում ունեցել է իր որոշակի դերակատարությունը՝ մասնավորապես Ամերիկայի նախագահի որդեգրած կողմնորոշման հարցում։

Մեկ այլ ուշագրավ հրապարակմամբ Երևանի պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի աշխատակից Արտյոմ Տոնոյանը
Հայաստան-Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականության համատեքստում դիտարկում է Նախիջևանի գործոնի կարևորության հարցը Ադրբեջանի համար։

Աշխարհաքաղաքական թեմաների վերլուծության շարքում հետաքրքիր կլինի ընթերցելը նաև տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հոդվածը՝ նվիրված Լիբանանում վերջ չգտնող ճգնաժամին, կարճ անդրադառնալով դրա նախապատմությանն ու հնարավոր զարգացումներին։ Հեղինակը չի մոռանում անդրադառնալ նաև մեզ համար եղբայրական այս երկրում ապրող հայկական կարևոր գաղթօջախներից մեկի հոգսերին ու հնարավոր հեռանկարին։

Հետքրքրիր ու արժեքավոր է նաև Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր Խմբագիր Դերենիկ Մելիքյանի «1918 թ. Ուրմիայի հերոսամարտի դերն ու նշանակութիւնը Մայիսեան ճակատամարտերի յաղթական աւարտի գործում…» հոդվածը։ Հոդվածն անդրադարձ է ժամանակի պարսիկ իշխանությունների բարյացկամ վերաբերմունքի պայմաններում հայկական կուսակցությունների ազատ և հակաթուրք գործունեությանը այդ երկրում։ Ինչպես նույն դիմադրական շարժման շնորհիվ հնարավոր եղավ դանդաղեցնել այս թևից թուրքական զորքերի մուտքը Արարատյան դաշտ և անուղղակիորեն նպաստել Մայիսյան հերոսամարտերի հաղթանակին։

«Դրօշակ»ի հերթական այս համարում ընթերցողը կգտնի հետաքրքրական այլ հրապարակումներ ևս։

Ներբեռնել համարը [2]