- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Ատավիզմ

khmbagrakan [1]Ատավիզմ բառի արմատը լատիներեն atavi – նախնիներ արմատն է, որ բառացիորեն նշանակում է հետագա սերունդների կառուցվածքում, վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը: Ատավիզմի դրսեւորում է համարվում օրինակ կույր աղիքի գոյությունը, որը վաղուց մարդու օրգանիզմում որեւէ գործառույթ չի իրականացնում, սակայն շարունակում է իր գոյությունը: Այդպես կարող է նաեւ մարդկանց վրա ի հայտ գալ օրինակ ավելորդ մատ, կամ մեկ այլ գոյացություն, որի գոյությունը ոչ միայն օգտակար չէ այլեւ տհաճ է ու անցանկալի: Մեր խոսակցության նյութը կենսաբանությունը չէ, սակայն ատավիզմ բառը սկսում է պտտվել գիտակցության մեջ, երբ անդրադառնում ես հայաստանյան իրականության որոշ երեւույթների:

Անկախության ճանապարհի սկզբնավորման պահից, որոշակի հանգամանքների պայմաններում, մեզանում ձեւավորվեց մի խավ, որը թեեւ աչքի չէր ընկնում կրթվածությամբ, սակայն ընդունակ եւ ճարպիկ էր ձեռներեցության ու «փող սարքելու» գործում: Այս խավը օժտված էր նաեւ որոշակի հատկություններով, որոնք նրան թույլ տվեցին դիմանալ ու ոչ առանց հաջողության դիմակայել վայրի լիբերալիզմի հաստատմանը, սեփականության անվերահսկելի վերաբաշխման գործընթացին եւ տնտեսության զարգացման չգրված, սակայն տիրապետող կանոններին:

Երբ ծառացավ չգրված, բայց գործող օրենքների պայմաններում, սեփական ունեցվածքն ու ծավալվող բիզնեսը պաշտպանելու խնդիրը, այս խավն անմիջապես գլխի ընկավ, որ բավական չէ օրվա իշխանությանն աջակցելը, անհրաժեշտ է սերտաճել եւ մաս կազմել այդ նույն իշխանություններին: Անմիջականորեն իշխանության հետ լինելու անհրաժեշտությունը այս մարդիկ հիմնավորեցին հատկապես երկու հանգամանքով՝ սուղ բյուջեի պայմաններում կառավարողների տարբեր նախաձեռնումների մեջ նյութական ներդրումով եւ իշխանական թիմի հաղթանակով՝ կոնկրետ ընտրատարածքներում: Ի դեպ երբ հաճախ գլուխ ենք կոտրում, թե ինչու այս կամ այն քրեական կենսակերպ ունեցող պաշտոնյան կամ գործարարը այդպես էլ որեւէ արաքի համար չի պատժվում կամ առնվազն աշխատանքից հեռացվում, ապա արժե որպես վարկած նախ եւ առաջ անդրադառնալ հենց վերը նշված հանգամանքներին:

Բնականաբար մարդկանց այս խումբը, սեփական թիմ ստեղծելիս (աշխատակիցներ, ենթականեր, բիզնեսը վերահսկողներ, թիկնապահներ, ընտրություններ կազմակերպողներ եւ այլն) իր շուրջ պետք է համախմբեր հենց իր տեսակին՝ այն պարզ պատճառով, որ նմանը զնմանը կգտանե:

Եւ պետք է փաստել, պետականության կայացման մոտ երկու տասնամյակի ընթացքում այս խավն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում: Նա այսօր էլ պատրաստ է կաշվից դուրս գալով ծառայել վերեւներին, միայն թե չկորցնի դերակատարությունը, միայն թե պահպանվի այն ճահիճը, որի պայմաններում կարողացել է այդպես փթթել ու ուռճանալ: Կյանքը, սակայն առաջ է գնում եւ այս բնական օրինաչափությունը չի կարողացել ու չի կարողանա կանխել ոչ ոք: Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները, գրեթե ամեն օր տեղական ու արտերկրյա բեմերից, հավաստիացնում են, թե Հայաստանը հավատարմ է ժողովրդավարությանը, օրենքի գերիշխանությանը, եւրոպական արժեհամակարգին եւ այլն: Մեկ բան է, սակայն ասելը եւ այլ բան՝ անելը: Հայաստանն այսօր բաց է աշխարհի առաջ եւ անհեթեթյոււն է մտածելը, թե կարելի է մշտապես անել մեկ բան եւ ներկայացնել մեկ այլ բան: Կարելի է վկայակոչել ընդամենը երկու փաստ՝ Վահե Ավետյանի սպանությունը եւ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը, փաստելու համար, թե ամեն մի արտառոց իրողություն ինչպիսի արձագանք է ունենում երկրի ներսում եւ երկրից դուրս: Քավ լիցի, մեր հայացքը հառված չէ օտարների կողմը եւ մեր ներքին պատասխանատվությունները նկատի պետք է ունենանք հենց մեր հանրության առաջ:

Արձանագրենք, որ նոր ժամանակների վրա իր իրավունքն է հաստատում անկախության սերունդը, որը սովետական բռնապետությունը չի տեսել, չի ձեւավորվել անկախության քաոսի տարիներին եւ չի ցանկանում համակերպվել անպատժելիության, բիրտ բարքերի հետ, հանդուրժել այն բռի ու ագրեսիվ խավի քրեական պահվածքը, որն իր իրավունքն է փորձում պահպանել ներկայի եւ գալիքի վրա: Իրականում երեւույթն ավելի ընդգրկուն է՝ հրամայականներն ավելի ընդարձակ: Ժողովուրդն իր մեծամասնությամբ եւ երկիրն իր զարգացման անայլընտրանք հեռանկարով արմատական եւ համակարգային փոփոխություններ են պահանջում: Այն ինչի մասին խոսվում է այս նյութի մեջ, վերջին շրջանում հաճախ է ակնարկվում մեր լրատվամիջոցներով: Այլեւս մարդիկ չեն ցանկանում հանդուրժել խուժանների խուժանությունը, չեն ցանկանում հանդուրժել անօրինականության անպատժելիության, կոռուպցիայի ու թալանի այն դրվածքը, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում: Հայ մարդը զզվել է ամենակարող այն մուտանտների գոյությունից, որոնք հարիր չեն այս ազգի պատմական հոգեկերտվածքին եւ մեր երկիրը վարկաբեկում են աշխարհի առաջ: Նշված եւ բացասական այլ երեւույթների մասին վերջերս ուղղակի եւ բաց խոսեցին երեք երկրների դեսպաններ: Հոկտեմբերի իննին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասաց. Եթե մարդիկ հեռանում են Հայաստանից ուրեմն առարկայական պատճառներ ունեն.: «Ոչ ոք հայերին բռնի ուժով Ռուսաստան չի քշում: Եթե փակենք Միգրացիոն դաշնային ծառայության ներկայացուցչությունները, միգրացիան չի դադարի»:Դեսպանը խորհուրդ տվեց. «Ինքներդ մտածեք, թե որոնք են Հայաստանից միգրացիայի պատճառները»:

Այս ասուլիսի հաջորդ օրը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի հետ կապված խնդրին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց. «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին` անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»:
Սրանից օրեր անց իր համացանցային բլոգում հետաքրքրական գրառում էր կատարել Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Տիկին դեսպանը ակնարկում էր Հայաստանում օրինական բիզնեսով զբաղվելու նպատակահարմարության եւ դատարանների կողմից այդ բիզնեսի պաշտպանությունը երաշխավորելու հարցի մասին: Հայաստանի մարզային դատարանները նա անվանում է «Հնավոճ ինկվիզիցիոն համակարգ», տիկին Լիչը հայաստանյան արդարադատությունը չի համարում անկախ, չի համարում հակակոռուպցիոն պատնեշ եւ հակակշռումների ու զսպումների համակարգ: Անհրաժեշտ է նկատում, որ բարձրաստիճան անձանց ֆինանսական միջոցները լինեն թափանցիկ եւ առհասարակ բոլորը օրենքի առաջ լինեն հավասար:

Գերտերությունների դեսպանները անշուշտ լավ գիտեն, որ նման արտահայտություններով, նրանք անցնում են այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու սահմանը: Բայց այդ բանն իրենց թույլ են տալիս, իսկ այսօրվա ու վաղվա իշխանության վրա չի բացառվում, որ փորձեն ճնշում գործադրել, ազդել այսպիսի մեղադրանքներով:

Ուրեմն եւ երկրի ընդհանուր բարեփոխումը այլընտրանք չունի, իսկ այդ անել հավանաբար հնարավոր է նախ կտրելով այն կույր աղիքը, որը խոչընդոտում է արյան ազատ շրջանառությանը: Կտրել այն իմաստով, որ առանց բացառության բոլորը հայտնվեն օրինական գործունեության հավասար դաշտում: Այլապես, մարդիկ չեն հավատում իշխանության հռչակած պայքարի անկեղծությանը, երբ հանկարծ հայտարարվում է, թե հարկ չվճարելու համար քրեական գործ է հարուցվել մի վարսավիրի դեմ կամ գողության համար ձերբակալվել է մեկը, ով սոված երեխաների համար հաց գնելու նպատակով, մի պահեստից մի քանի կիլոգրամ պղնձալար է գողացել: Տեղին է հիշել մեծ գրող Բալզակին, ով բնորոշելով իր ժամանակի Ֆրանսիան ասում էր, թե նա ով հացի կտոր է գողանում՝ գող է, իսկ նա ով երկաթուղի է գողանում՝ գող չէ: Առողջացնել է պետք հայոց մարմինը եւ իրական անելիքն ակնհայտ է:

Խմբագրական «Դրօշակ»ի
24 հոկտեմբեր 2012