- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թ․ վերջին համարը

[1]

Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել ավարտվող տարվա «Դրօշակ» պաշտոնաթերթի եզրափակիչ համարը։ Համարի Առաջնորդողը ինչպես և մյուս քաղաքական նյութերը անդրադարձ են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին և, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների բացասական դերակատարությանը։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը փորձում է բացահայտել հետպատերազմյան շրջանում թուրք-ադրբեջանական հետապնդած նպատակները և անցնող տարվա ընթացքում այդ ծրագրերում ի հայտ եկած նոր տարրերը։

Ուսումնասիրական բնույթի հետաքրքրական հոդված է ներկայացրել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, ուսանող Գագիկ Եկմալյանը։ Այս հոդվածի բնույթի մասին պատկերացում է հաղորդում նրա խորագիրը․ «Սյունիքի աշխարհաքաղաքական տեղն ու դերը պանթուրանական ծրագրի իրագործումը կասեցնելու գործընթացում»։

Երիտասարդ հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է թե Սյունիքի արժեքին հայության համար և, թե ինչպես է այն ընկալում թյուրքական տարրը՝ պանթուրանական և պանթյուրքական հավակնոտ երազանքների իրականացման համատեքստում։

Պատմաբան Անի Մելքոնյանը անդրադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների արյունալի պատմությանը, որը մշտապես պայմանավորվել է Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ նախկին քոչվորների մշտական հավակնություններովև այդ հարաբերությունների մեջ Ռուսական կայսրության տարբեր իշխանությունների խաղացած կործանարար հակահայ դերին։

Դեկտեմբերը հայությունը մշտապես կհիշի որպես Առաջին հանրապետության անկման ամիս, մասնավորապես և հիշվելու են, որ 1920 թ․ դեկտեմբերին տեղի են ունեցել Ալեքսանդրապոլի բանակցությունները։ Այս բանակցություններին, դրանցից ծնված Ալեքսանդրապոլի պայմանագրին՝ վերջինիս իրավական և քաղաքական արժեքին է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը։ Պատմական ժամանակահատվածի վրա կարկինը լայն բացելով այս շրջանի մասնագետ պատմաբանը անդրադառնում է նաև 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի հակահայ պայմանագրերին։

Մարիամ Հովսեփյանը շարունակելով թուրքական թեման անցյալ դարի առաջին քառորդին Պոլիսում լույս տեսնող «Ճակատամարտ» եւ «Ժամանակ» թերթերի 1919 և 1920 թվականների հրապարակումների միջոցով բացահայտում է տվյալ ժամանակահատվածում ծավալված «Միլլի» շարժմանը, որը գլխավորելով Մուստաֆա Քեմալը կարողացավ հասնել իշխանության և ճակատագրական դեր խաղալ Թուրքիայի պատմության մեջ։

Ավելացնենք, որ «Դրօշակ»ի ներկայացվող համարը շատ ավելի բազմազան է՝ ընթերցողը ուշագրավ հրապարակումներ կարող է գտնել նաև «Դաշնակցական բեմ», «Հայ դատ» «Ընկերական զրույցներ» խորագրերի ներքո։

Ներբեռնել համարը [2]