- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ առաջին համարը

[1]Համացանցի վրա այսօրվանից կարելի է ընթերցել «Դրօշակ»ի 2022 թվականի առաջին համարը։ Պաշտոնաթերթի նոր համարում ևս ընթերցողը կարող է գտնել Հայաստանի քաղաքական կյանքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին վերաբերող հոդվածներ։

Կարելի է ընթերցել նաև ազգային կյանքին, պատմական իրողությունների և այլ խնդիրների անդրադարձող հրապարակումներ։

ՀՅԴ պաշտոնաթերթի նոր համարի առաջնորդողը ուշադրություն է հրավիրում Սփյուռքի, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զգայուն թեմայի վրա։

Քաղաքականագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լուսաբանում է հայ-ռուսական ներկա բարդ և հակասական փոխհարաբերությունները և կատարում է եզրահանգումներ՝ որոնք բխում են Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում ճակատագրական սխալների սայթակուն ճանապարհից խուսափելու և ազգային շահերի առումով քաղաքականապես ճիշտ կողմնորոշվելու պատմական մարտահրավերից։

Փորձագետ Վահե Սարգսյանը մանրամասնորեն վերլուծել է անկախության շրջանում Վրաստանում ընտրական համակարգի կրած փոփոխությունների թեման՝ կենտրոնանալով հարևան հանրապետությունում 2021 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների եւ Ջավախքի վրա դրանց ունեցած ազդեցության հարցի վրա։

Միջին և Մերձավոր Արևելյան տարածաշրջանում քաղաքական փոխհարաբերությունների ոլորտում դրսևորվող նոր զարգացումների միտումներին է վերաբերում տարածաշրջանային մեկ այլ փորձագետի՝ արևելագետ Արմեն Պետրոսյանի քննարկած նյութը։

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի աշխատակիցներ Լիանա Պետրոսյանը և Նարե Գևորգյանը իրենց հոդվածներում ներկայացնում են Ադրբեջանում և Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վիճակը, որպես օրինակ ընտրելով համապատասխանաբար թալիշների և զազաների հիմնահարցերը։

Քաղաքական և պատմական այլ նյութերի հետ ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարում տեղ է գտել նաև «Դրօշակ»ի հարցազրույցը «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի հետ։ Ընթերցողի համար հետաքրքրական կլինի ծանոթանալը ազգային այս կառույցի գործունեությանը և հատկապես վերջին շրջանի ձեռնարկումներին՝ հայաշխարհի ընդարձակ տարածքի վրա։

Ներբեռնել համարը [2]