- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ 8-րդ համարը

[1]

«Դրօշակ»ի ընթերցողն այսօրվանից համացանցում կարող է գտնել պարբերականի 8-րդ համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի օգոստոսյան համարի հոդվածները անդրադարձ են Հայաստանի ներքաղաքական հիմնահարցերին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին շրջանի կարևոր գործընթացներին։ Անկախությունից հետո Հայաստանում ավանդական քաղաքական կողմնորոշումների փոփոխության, ազգային շահերից նահանջի և թուրքամետ քաղաքական գծի ներդրման գործընթացներին և այս երևույթին առնչվող խնդիրներին է անդրադառնում համարի Առաջնորդողը։

Վարդան Հակոբյանի «Ֆրանսիայի հրապարակը գլոբալիզմի հորձանուտում» հոդվածը քննում է ողջ աշխարհով հաղթարշավը շարունակող գլոբալիստական հեղափոխությունների երևույթը, որոնք ոչ միայն արժեքներ ու բարոյական սկզբունքներ են խորտակում, այլև գերուժերի համար գործիք են ծառայում պետություններ ու հասարակություններ կործանելու, հակամարտություններ հրահրելու, ազդեցության դաշտերը վերահաստատելու և ընդլայնելու համար։ Այս ընդհանուր խորապատկերի վրա հեղինակը դիտարկում է Հայաստանի ու Արցախի շուրջ ներկայումս տեղի ունեցող մտահոգիչ գործընթացները ինչպես և ներկայացնում է վարկածներ հավանական զարգացումների վերաբերյալ։

«Դրօշակ»ի հեղինակները անդրադառնում են Թեհրանում տեղի ունեցած Իրանի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների «Աստանայի» ձևաչափով հանդիպմանը, ինչպես և դրան հետևած Սոչիի Պուտին-Էրդողան բանակցություններին։ Տարածաշրջանային խնդիրների մասնագետները լուսաբանում են այս հանդիպումների ժամանակ քննարկված թնջուկները և փորձում են պարզաբանել բանակցությունների խորքային հարցերը։ Ուշագրավ վերլուծություն է ներկայացնում իրանագետ Նարե Գևորգյանը, որի հոդվածի թեման արտացոլված է նյութի խորագրում «Քրդական գործոնը Իրան-Թուրքիա հարաբերություններում»։

Արաբագետ Սոնա Տոնիկյանը Արաբական մամուլի հրապարակումների հիման վրա անդրադառնում է ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի Մերձավոր Արևելք կատարած այցին և այցի արդյունքներին։

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»ը «Դրօշակ»ի ընթերցողի համար վերլուծում է սույն թվականի աշնանը ԱՄՆ-ում տեղի ունենալիք կոնգրեսի միջանկյալ ընտրությունների թեման, ներկայացնում է քաղաքական ուժերի հնարավորությունները, դրանց վրա ներգործելու ունակ ներքին և արտաքին ազդակները։

Ընթերցողը «Դրօշակ»ի ամառային վերջին համարում կգտնի հետաքրքրող այլ նյութեր ևս։

Ներբեռնել համարը [2]