- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Բանակցությունների տրամաբանությունը

khmbagrakan [1]Այս օրերին, Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում են ակտիվ բանակցություններ: Գաղտնիք չէ, որ բանակցությունների թեման գալիք նախագահական ընտրություններն են՝ մասնավորապես նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու խնդիրը: Շատերը թերահավատ են նշված նպատակի իրագործելիության հարցում եւ պետք է ընդունել, որ նման տեսակետը զուրկ չէ հիմքից: Նկատի ունենանք, որ բանակցություններում ներգրավված բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, նրանց հետ իրեն իշխանությանն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստանը», հենց սեփական կուսակցության ներկայացուցիչներին են տեսնում միասնական թեկնածուի դերում: Բանակցությունների մասնակից «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ արդեն իսկ հայտարարել է առաջադրվելու որոշման մասին:

Այս դեպքում անձի ընտրության հնարավորությունից ոչ պակաս էական խոչընդոտ են դիտվում գործընթացի մասնակից ուժերի գախափարա-քաղաքական տարբերությունները, ինչպես եւ այն փոխհարաբերությունների պատմությունը, որ որպես բարոյա-հոգեբանական անջրպետ գոյություն ունի նրանց միջեւ:

Միասնական թեկնածուի ճշգրտման գործընթացների նկատմամբ բավականին տաք զգայնություն են ցույց տալիս իշխող Հանրապետական կուսակցությունը, ինչպես եւ վերջինիս դուդուկը փչող լրատվամիջոցներն ու տնաբույծ վերլուծաբանները: Որակումներից չխորշելով փորձ է արվում սեւացնել տեղի ունեցողը, գործընթացների ստվերում փնտրելով հազար ու մի պատճառ ու դրդապատճառ: Ակնհայտորեն շահագրգիռ ուժի համար ցանկալի է, որ գալիք ընտրությունը ընտրության չնմանվի, որ ժողովուրդը մոտենա դրան այլընտրանքներ չտեսնող դատապարտվածի հոգեբանությամբ: Հանուն ճշմարտության պետք է խոստովանել նաեւ, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո շատերն սկսեցին մտածել, թե արդյո՞ք նման ընտրությունների պարագայում միասնական կամ ոչ միասնական թեկնածուներն առհասարակ ունեն իշխանական ուժի հետ արդար մրցակցության հնարավորություն:

Անդրադառնանք, սակայն ինչ իրավիճակ էր մինչ այս եւ ինչպես էր Հայաստանը գնում նախագահական ընտրությունների: Գործող եւ հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանի դիմաց կարող էին հայտնվել քաղաքական դաշտը բաժան-բաժան արած մեկ տասնյակի չափ կամ դրանից ավելի թեկնածուներ, որոնք ավելի շուտ միմյանց դեմ էին պայքարելու փոշիացնելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները : Անձնավորված այս պայքարը շիկացնելու էր մթնոլորտը՝ կանխորոշելով նույն դաշտում պայքարող ընդդիմադիրների ջախջախիչ պարտությունը եւ էլ ավելի խորացնելով ժողովրդի հիասթափությունն ու անտարբերությունը: Ի դեպ արձանագրենք, որ այս հեռանկարը չի կորցրել կենսունակությունը:

Նախընտրական շրջանում, քաղաքական ուժերի միջեւ նախաձեռնված երկխոսությունը առաջին հերթին փոխում է այս կացությունը, ձեւավորելով միանգամայն այլ որակի ընտրապայքար:

Անդրադառնանք այն մեղադրանքին, թե իրարից գաղափարական եւ այլ առումներով տարբեր կուսակցությունների համագործակցության փորձերը անհասկանալի են եւ ինքնանպատակ:

Իրապես էլ այդպես կլիներ, եթե կուսակցությունները հավաքվեին իրար գլխի եւ փորձեին համոզել մեկ-մեկու, թե ում թեկնածուն է ամենալավը: Նման առեւտուրը իսկապես կարժեզրկեր ընտրությունների քաղաքական բովանդակությունը: Միանգամայն տարբեր է իրավիճակը, երբ սեղանին դրվում են Բարգավաճ Հայաստանի երկու եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության յոթ առաջարկները ու փորձ է արվում դիմացինների հետ ճշտել ինչն է ընդունելի եւ ընդհանուր միմյանց համար: Թե ինչն է տարբեր եւ ինչն է զատում քաղաքական ուժերին միմյանցից անցած ավելի քան քսան տարիներին խոսվել է որքան ասես, բայց եթե զգացվում է երկխոսության ու փոխգործակցության անհարժեշտությունը, բնական է իհարկե ճշտել այն սկզբունքները, որոնք ընդհանուր են: Այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ է որդեգրել, եթե իհարկե նշյալ ուժերը իրապես ձգտում են արմատական բարեփոխումներ իրականացնել այս երկրում: Նկատենք, որ երբ դրվում են կոնկրետ ու կարճժամկետ լուծելիք խնդիրներ, ապա գաղափարական եւ այլ տարբերությունները պարտադիր չէ, որ խոչընդոտող դեր խաղան: Մենք այս երեւույթի մեկ այլ ձեւաչափի վկան ենք քաղաքական ուժերի խորհրդարանական գործունեության օրինակով:

Ինչպես գիտենք ամեն նստաշրջանի, խորհրդարանների քննարկման են ներկայացվում երբեմն մի քանի տասնյակ ամենատարբեր հարցեր: Այդ խնդիրները շատ կոնկրետ են եւ ընդգրկում են իրականության բոլոր ոլորտները՝ հարկայինից ու մաքսայինից սկսած մինչեւ երկաթուղին, առողջապահությունը, կամ ասենք հանրային ավտոկայանատեղիները: Հարցից-հարց տարբեր քաղաքական ուժեր, անկախ նրանից ընդդիմություն են, թե իշխանություն, կարող են հակառակվել իրար կամ միասին պաշտպանել ու հետապնդել ինչ-ինչ լուծումներ, շտկումներ, բարեփոխումներ եւ այլն: Յուրաքանչյուր նման դեպքում անհեթեթ է պատվեր կատարող լրագրողների նման, ընկնել բացահայտումների ետեւից, թե ով ում հետ համագործակցեց, ով ում չմիացավ եւ այլն:
Նախագահական ընտրությունների շուրջ այսօրվա բանակցող հիմնական ուժերը խորհրդարանում արդեն իսկ աշխատում են նույն սկզբունքով: Եթե ուսումնասիրենք ներկա բանակցությունների սեղանին դրված առաջարկները կնկատենք, որ դրանք նույնպես կոնկրետ են եւ մի շարք հիմնական հարցերի դեպքում ենթադրում են լուծումներ՝ որոշակի ոչ երկար ժամանակահատվածում: Այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են կառավարման համակարգի փոփոխությունը, անցումը 100%- անոց ընտրակարգի, ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, բնավ չեն պարտադրում գաղափարական ընդհանրություններ ունենալ կամ միանման ծրագրեր:

Պետք է ողջունելի համարել ներկա բանակցությունների երեւույթը թեկուզ այն բանի համար, որ վերջինս մեղմում է ընտրապայքարի հնարավոր լարվածությունը եւ հասարակության համար տհաճ քաղաքական առեւտրի մթնոլորտը փոխարինում է ծրագրերի քննարկմամբ, ստեղծելով երկրի առջեւ ծառացած առաջնահերթ մարտահրավերների շուրջ խոսակցությունների առիթ: Ի դեպ նկատենք, որ արդեն իսկ քաղաքական որոշ ուժեր, որոնց օրակարգերում նախկինում չէին եղել նման հարցեր հակված են քննարկումների եւ թեկուզ վերապահումներով ընդունում են մի շարք առաջ քաշված պահանջներ: Այդ ուղղությամբ վերջին շրջանում տեղաշարժ է նկատվում նաեւ իշխանական ճամբարում:

Ինչպես հայտնում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները, եզրափակելով բանակցությունների նախնական փուլը, ներկայումս նրանք պատրաստվում են ընդլայնել քննարկումների ձեւաչափը: Նպատակն է դրանցում ներգրավել ոչ միայն արտախորհրդարանական ուժերին այլեւ հասարակական հատվածին: Այս դեպքում երկրի համար կարեւորագույն հիմնահարցերի քննարկումը դուրս կբերվի քաղաքական շրջանակից եւ կունենա հանրային ընդգրկում: Սա իր հերթին հնարավորություն է հիասթափված ու անտարբեր զանգվածներին մղելու ակտիվ կեցվածքի եւ մասնակից բոլոր կողմերին պարտադրելու ընտրական գործընթացը դուրս բերել ետնավարագույրների ետեւից եւ տալ նրանց քաղաքական ուղղվածություն: Կհաջողվի՞ արդյոք հասնել նախանշված նպատակների իրագործմանը: Հնարավոր է այո, բայց հնարավոր է նաեւ՛ ոչ: Ամեն պարագայի, չհաջողելու կասկածներից դրդված, եթե յուրաքանչյուր ոք խուսափի քայլ անելուց, ապա քաղաքական կյանքը ընդհանրապես կմեռնի: Սկսված նախաձեռնումների այս փուլում զգալի է նաեւ հասարակական հետաքրքրության աճը եւ մյուս կողմից ակնհայտ է դառնում, թե իրականում ով ինչ շահագրգռություններ ունի եւ ինչ վերջնական նպատակներ է հետապնդում:

Շարունակենք հետեւել իրադարձությունների ընթացքին, համոզված լինելով, որ այն ունի իր տրամաբանությունը եւ արդարացնում է սեփական գոյությունը:

Խմբագրական «Դրօշակ»ի
26 նոյեմբեր 2012