- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․11-րդ համարը

[1]

Էլեկտրոնային հասցեի ներքո այսօրվանից տեղադրված է «Դրօշակ»ի 2022 թվականի 11-րդ համարը: ՀՅ Դաշնակցության պաշտոնաթերթի առաջնորդող հոդվածը նվիրված է հայության համար տագնապալի քաղաքական գործընթացներին և դրանց հավանական հետևանքներին` հայության և հայոց երկու զույգ պետականության համար: Անդրադառնալով վերջին շրջանի բանակցային գործընթացներին և դրանց հետևանքներին «Դրօշակ»ը եզրակացնում է, որ Հայաստանի ներկայիս իշխանության համար այս գործընթացներն ինքնանպատակ բնույթ ունեն և ծառայում են որպես Արցախի ու Հայաստանի կործանման հաշվին իշխանությունը պահպանելու հնարավորություն:

Թուրքագետ Սաբինա Մուրադյանը թյուրքացեղ պտեությունների, ինչպես և հատկապես Վրաստանի օրինակով բացահայտում է, թե որքան վտանգավոր է տուրք տալը թուրքական փափուկ ուժին և բացելով երկրի դարպասները դարավոր թշնամուն ու ցեղասպանին թույլ տալը խաղաղ ճանապարհով զավթելու սեփական երկիրը: Միջազգային իրավունքի մասնագետ Սեթո Բոյաջյանը դատապարտելի է համարում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շահերի հակադրումը` փաստելով, որ դրանք միասնական են և կա՛մ երկուսի հետ ես կա՛մ երկուսին էլ դեմ ես:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների շրջանակում Իրանի համար անվտանգային առումով կարմիր գծերի մասին, փաստում է, հարևան երկրի շահագրգռությունը, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: Մյուս կողմից խոսվում է Հայաստանի ներկա իշխանությունների ցուցաբերած ոչ համարժեք քայլերի մասին` բնական դաշնակցի հետ, համապատասխան հարցերում, սերտ գործակցության ուղղությամբ:

Արևելագետ Արմեն Պետրոսյանը և Իրանագետ Կարինե Մկրտչյանը խոսելով այն մասին, որ ադրբեջանական հոգեկերտվածքը հենվում է հակահայկականության, հակաիրանականության և հակառուսականության վրա ներկայացնում են այն հակառուսական հիստերիկ ատելությունը, որով ներծծված է ադրբեջանի հասարակությունը: «Դրօշակ»ի այս համարում եզրակափակվում է հրապարակագիր, բանասէր, Հալէպի հայագիտական հիմնարկի Հայ դատի դասախօս Ավո Գաթրջյանի «Հայ ազատագրական շարժման մեծագոյն նուիրեալ Գէորգ Չաւուշին ձօնուած երգերը» հոդվածը: Հայ մեծ հերոսին նվիրված ընդարձակ և, թեմայի առումով, ամբողջական այս ուսումնասիրության մեջ Գևորգ Չավուշի կյանքի մանրամասներին անդրադառնալով հեղինակը ներկայացնում է Սասնո «Սարերու Ասլանին» նվիրված երգերը, դրանց ստեղծման շարժառիթները, ինչպես և այդ երգերի հեղինակներին: Ազգային ազատագրական պայքարի պատմությամբ և այդ պայքարին ձոնված երգարվեստով հետաքրքրվողների համար օգտակար ու հաճելի կլինի այս հոդվածի ընթերցանությունը:

Համառոտ այս խոսքում, բնականաբար, չանդրադարձանք պաշտոնաթերթի սույն համարում տեղ գտած մյուս նյութերին, որոնք, կարծում ենք, ընթերցողի համար կլինեն ոչ պակաս հետաքրքրական:

Ներբեռնել համարը [2]