Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթական համարը աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ և ընդգրկունությամբ։ Անշուշտ թեմաների առանցքում քաղաքական գործընթացներն են՝ Հայաստանում և Հայաստանի շուրջ։
Պատմաբան Անի Մելքոնյանը հետ հայացք նետելով 105 տարի առաջ հայ բոլշևիկների վարած դավաճանական քաղաքականությանը և Կարսի խայտառակ պայմանագրին զուգահեռ է տանում մեր օրերի հետ, կուռ փաստարկումներով ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վարած թուրքամետ քաղաքականությունը ոչ մի բանով տարբեր չէ իր հոգևոր-քաղաքական նախորդների քաղաքականությունից։ Ինչպես բախտորոշ այն օրերին բոլշևիկ արկածախնդիրները պատմական թշնամու հետ ազգի արյունով գրվող հարաբերությունների հարցում մեղադրում էին ազգային ուժերին և, հանձնելով երկիրը, ժողովրդին խաբում էին «խաղաղության հեքիաթով» նույնն անում են այսօրվա բախտախնդիրները։ Եվ սա այն պարագայում, որ հայկական կողմի անընդհատ զիջումների դիմաց և խաղաղության փուչ հայտարարություններին ի պատասխան ադրբեջանական կողմը մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, ընդլայնում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների սահմանները։
Պատմաբան Տարոն Հակոբյանը շարունակում է ներկայացնել ներքաղաքական զարգացումները Արցախի պետականության կայացման բարդ ժամանակահատվածում։
Ժողովուրդների կյանքում ազգային արժեքների և խորհրդանիշների դերի ու նշանակության մեկնաբանությամբ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը այս անգամ իր վերլուծության առանցքում շոշոփում է Արարատ լեռան ավանդական-խորհրդանշական դերի ու արժեքի հարցերը։
Ավանդույթների առումով հոկտեմբեր ամիսը հիշատակելի է վերջին տասնամյակներին թարգմանչաց տոների վերականգնմամբ, ինչն իր արմատներով հասնում է մինչև Մաշտոցյան ազգային-հոգևոր վերածնության ոսկեդար։
Պաշտոնաթերթում տեղ են գտել հետաքրքրական այլ հոդվածներ ևս:
Ներբեռնել համարը [2]
