- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

«Ազգ»-ի գաղափարի ընկալումը հայ ականավոր գործչի կողմից

hodvadz [1]ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ(*)

«Ազգ»-ի գաղափարի մասին բազմիցս է խոսվել: Համաշխարհային հասարակական ու գիտական միտքը խնդրի շուրջ տվել է և շարունակում է տալ բազմատեսակ մեկնաբանություններ: Այս տեակետից բավական հետաքրքիր է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) առաջին վարչապետ, Հովհաննես Քաջազնունու ընկալումը:

Հ. Քաջազնունի [2]

Հ. Քաջազնունի

Քաջազնունին, ով 1920 թ. Հայաստանի անկախության անկումից հետո հայտնվեց տարագրության մեջ, 1923-1924թթ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» հայատառ հանդեսի մի քանի համարներում ներկայացրեց «Ազգ և հայրենիք» հոդվածաշարը [1], որտեղ բազմակողմանի վերլուծությունների և պատմական համեմատությունների է ենթարկում իր կողմից ազգին բնորոշող հատկանիշները: Առանձնացնենք, որ մեր հեղինակը ծանոթ եղել 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի համաշխարհային ակնառու դեմքերի կողմից «Ազգ»-ին տրվող գնահատումներին և բնորոշումներին: Ի դեպ, հոդվածաշարը հետագայում նախ` Բեյրութում, ապա` Երևանում լույս է տեսել առանձին գրքի տեսքով [2, 3]:

Հովհաննես Քաջազնունին «ազգ»-ի սահմանումը տալու համար բերում է մի քանի բնորոշիչներ: Առաջինը նա խոսում է ցեղային, արյունակցական կապի մասին: Ըստ նրա միայն ցեղային միությամբ հնարավոր չէ որևէ հավաքականության ազգ անվանել, «բայց ցեղը` ազգ կազմող հիմնական տարրերից մեկն է» [1, յունիս, էջ 58]: Միաժամանակ հեղինակը չի բացառում, որ որևէ ազգի ներկայացուցիչը ցեղակցական կապեր չունենա մյուս ազգակիցների հետ, սակայն դրանք շատ հազվադեպ կարող են լինել:

Հաջորդ կարևոր բնորոշումը պետության առկայությունն է: Այստեղ ևս, որոշ բացառիկ դեպքերի մասին խոսելով հանդերձ, Քաջազնունին կարևորում է պետության դերը ազգի սահմանումը տալու համար: Նա նախ նշում է, որ պետությունն ու ազգություն տարբեր էություններ են: Ազգը կարող է գոյություն ունենալ (թեկուզ ժամանակավորապես) առանց պետության, կարող է բաժանված լինել տարբեր պետութիւնների մեջ, ինչպես եւ պետությունը կարող է կազմված լինել տարբեր ազգերից: Սակայն ազգը ավելի հիմնական, ավելի տևողական ու ավելի արժեքավոր երևոյթ է, քան պետությունը: «Պետութիւնները յաճախ կազմւում են ու լուծւում յանկարծակի, քաղաքական պատահարների հետեւանքով ու արհեստական միջոցներով. մինչդեռ ազգը կազմելու կամ լուծելու համար` հարկաւոր է դարերի ու սերունդների աշխատանք»,- գրում է Քաջազնունին [1, յունիս, էջ 59]: Նա ընդգծում է մի կարևոր հանգամանք ևս. այն է, որ ազգերին դեպի ինքնուրույն պետական կյանք մղում է ինքնապահպանման բնազդը, որովհետև սեփական պետականությունը ազգի գոյութեան կամ, առնվազն, անվտանգության անհրաժեշտ պայմաններից մեկն է:

Կրկին, եզակի բացառություններով, ազգին բնորշելու համար Քաջազնունին կարևորում է նաև որոշակի աշխարհագրական տարածքի, երկրի առկայությունը, որովհետև երկիրն անհրաժեշտ է պետություն կազմելու և ազգը պահպանելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ազգը բնորոշող ազգային արժեքներ ստեղծելու համար կարևոր է հավաքական աշխատանքը, փոխգործակցությունը, որը ավելի արդյունավետ է լինում մշտական սերտ շփումների դեպքում միայն, իսկ դրա համար «հարկաւոր է ամէնից առաջ ֆիզիքական մօտիկութիւն, այսինքն` երկրային միութիւն» [1, յունիս, էջ 61]:

Ազգին տրվող մյուս բնորոշիչը Քաջազնունին համարում է կրոնը: Ճիշտ է, կրոնական միությունը ազգային միություն չէ, սակայն ազգությունը նկարագրող կարևոր տարրերից մեկը համարվում է կրոնը: «Դաւանանքն ու դաւանական կազմակերպութիւնը` եկեղեցին խաղացել են ազգերի պատմութեան մէջ (ու դեռ այսօր էլ շարունակում են խաղալ) շատ կարեւոր դեր եւ կրօնը պէտք է համարել` որոշ վերապահումներով ազգային խոշոր յատկանիշներից մեկը,- գրում է հայ ականավոր գործիչը և շարունակում,- ազգերը գունաւորում են հաւատքը իրանց սեփական գոյներով եւ երբ ազգայնացած հաւատքը հաստատուած է, նա ինքը արդէն գունաւորում է ազգերը իր գոյներով» [1, յունիս, էջ 61]:

Այստեղ Քաջազնունին խոսում է նաև առկա գիտակցական և անգիտակցական թյուրըմբռնումների մասին: Օրինակ նա տգիտություն կամ գաղափարական միտումնավոր շփոթում է համարում մասնավորապես թուրք որոշ հրապարակախոսների կողմից շրջանառության մեջ տրված «մուսուլմանական ազգ» արտառոց արտահայտությունը:

Անդրադառնալով հայ ազգին բնորոշելու գործում կրոնի դերին` Քաջազնունին ընդգծում է լուսավորչական հավատքը, չնայած որ հայ ազգը ունեցել է Ղևոնդ Ալիշանի և Մկրտիչ Պթշիկթաշլյանի նման լուսավոր դեմքեր, որոնք կաթոլիկ դավանանքի էին պատկանում:
Ոչ լուսավորչական դավանանքը, որ օտար էր հայի համար, դարերի ընթացքում Թուրքիայի հայ կաթոլիկներին և հայ բողոքականներին հեռու է պահել հայ ազատագրական շարժումներից: «Այդ շարժումները բացարձակապէս ազգային-քաղաքական էին, չունէին ոչ մի առընչութիւն դաւանական բաժանումների հետ. բայց եւ այնպէս, ոչ լուսաւորչական հատուածները բռնել էին չէզոք, նոյնիսկ անբարեացակամ հանդիսատեսների դիրք»,- նկատում է Քաջազնունին [1, յունիս, էջ 64]:
Նա բերում է նաև հրեաների օրինակը նշելով, որ հրեությունը որպես ազգ պահպանվելու գործում պետք է մեծապես երախտապարտ լինի նաև մովսեսական օրենքին, որ դարերից ի վեր եղել է ու այսօր էլ մնում է նրանց ազգային կրոնը:

Ազգին բնորոշող ամենակարևոր բաղադրիչը Քաջազնունին համարում է լեզուն: «Ազգը կազմւում է այն ժամանակ ու այնտեղ միայն, երբ եւ ուր կան արդէն մշակութային հարստութիւնների բաւարար պաշարներ: Այդ հարստութիւններից ամենէն արժէքաւորը, ազգութեան տեսակէտից, լեզուն է»,- գրում է նա [1, յուլիս, էջ 70]: Լեզուն ոչ միայն ծնում, այլև ապրեցնում է ազգը: Ազգը կենդանի է իր լեզվով: Լեզվի մահը ազգի մահն է, ինչպես որ ազգի մահը լեզվի մահն է:

Ազգի հատկանիշներից է նաև ընդհանուր անցյալը, պատմությունը: Քաջազնունին այս առումով գրում է. «Պատմութիւնը անբաժանելի մասն է ազգից,- անբաժանելի այն պարզ պատճառով, որ ազգը էապէս պատմական երեւոյթ է. աւելին եւս, ազգը` ինքը պատմութիւնն է, նրա մարմնացումը» [1, յուլիս, էջ 75]: Անցյալի գիտակցումը, առավել ևս ընդհանուր անցյալի գիտակցումը ազգի գոյության հիմնական պայմաններից մեկն է:

Քաջազնունին ազգին բնորոշում է նաև ուրույն կենցաղով: «Անշուշտ, կենցաղը այնպիսի մեծ արժէքի ազգային տարր չէ, ինչպիսին է օրինակ լեզուն, բայց եւ այնպէս, նա ունի իր որոշ տեղն ու նշանակութիւնը ազգ կազմող միւս տարրերի մէջ»,- գրում է նա [1, յուլիս, էջ 79]:

Ազգի բնորոշիչներից է նաև ինքնագիտակցությունը: Ազգային գիտակցություն ասելով Քաջազնունին հասկանում է «գիտակցել այն կապերը, որ կապում են անհատին ազգային հաւաքականութեան հետ. գիտակցել այդ հաւաքականութեան շահերը. գիտակցել այն հաւաքականութեան շահերը, կարիքներն ու իրաւունքները. գիտակցել, թէ ինչ բարիքներ է ստանում եւ ունի ստանալու անհատը հաւաքականութիւնից եւ թէ ինչ պարտականութիւններ ունի ինքը` հանդէպ հաւաքականութեան [1, յուլիս, էջ 79]: Ըստ մեր հեղինակի առանց այդ գիտակցության ազգը կայացած չի կարող համարվել:

Քաջազնունին կարևորում է նաև առողջ ազգային գիտակցության և ազգայնամոլության` շովինիզմի տարբերակումը: Այս երկուսին նա տալիս է հետևյալ տիպիկ բնորոշումը. «Ազգային գիտակցութիւնն ու սրանից անհրաժեշտօրէն բխող ազգասիրութիւնը – ազգերի ֆիզիոլոգիան (բնախոսութիւնը) է, առողջ կեանքի հետեւանք ու պայման: Շօվինիզմը – նրանց պատոլոգիան – հիւանդաբանութիւն է, հիւանդ վիճակի արտայայտութիւն» [1, յուլիս, էջ 81]: Իսկապես, որ շովինիզմը բացասական երևույթ է ոչ միայն ազգամիջյան փոխհարաբերությունների և մարդկային համակեցության տեակետից, այլև զուտ ազգային կյանքի համար: Ընդհակառակը ապրելու և բարգաւաճելու համար ազգերը կարիք ունեն փոխադարձ օգնութեան: Մարդկությունն ինքը ազգերի հավաքականություն է: Իսկ շովինիզմը, ըստ Քաջազնունու, անկարելի է դարձնում կամ շատ է դժվարացնում ազգերի համակեցությունը` դրանով իսկ վնասելով ազգային շահերին: Ավելին ազգերի մրցակցությունը, որն ամենևին չի հակասում համագործակցության սկզբունքին, պետք է բնական և շատ օգտակար համարել:

Վերոնշյալ ընկալումներից և ընդհանրացումներից զատ իր աշխատանքի մեկ այլ հատվածում Քաջազնունին տալիս է «ազգ»-ի մի կարևոր և ընդհանրական բացատրություն. «Ազգը – մշակոյթ է: Ազգի կորուստը – մի ուրոյն մշակոյթի ու ամէնից առաջ մի ուրոյն լեզուի կորուստ է: Իսկ լեզուի կորուստը – գրականութեան կորուստ է, այսինքն` մտածելու, զգալու եւ արտայայտուելու մի յատուկ ձեւի կորուստ: Կորցնելով այս կամ այն ազգութիւնը, մարդկութիւնը կորցնում է մշակութային տիպերից մէկը, մարդկութիւնը աղքատանում է»[1, յունվար, էջ 108]:

Այսպիսով` շուրջ մեկ դար առաջ հայ ականավոր գործիչը «ազգ»-ի գաղափարն ընկալելիս հիմնականում ընդգծում է արյունակցական, պետական աշխարհագրական, լեզվամշակութային, կենցաղային, պատմական, ինքնագիտակցական բնորոշիչները: Առավելաբար նա շեշտադրում է մշակույթի գործոնը: Այս տեսակետից էլ Քաջազնունին կարևորում է ազգերի գոյությունը` նկատելով, որ ազգերի, ասել է թե մշակույթների բազմազանությունը (ներդաշնակության մեջ իհարկե) հարստացնում են մարդկության ներկան և ավելի բեղմանվոր դարձնում ապագան: Հետևաբար` ազգերի վերացումը, որքան էլ որ տեղի ունենա պատմության ընթացքում, պետք է համարել հետադիմական երևույթ:

Գրականություն
1. Քաջազնունի Յ., Ազգ եւ հայրենիք, «Հայրենիք» ամսագիր, 1923, մայիս, էջ 83-102, յունիս, էջ 56-64, յուլիս, էջ 69-83, հոկտեմբեր, էջ 100-114, յունվար, էջ 100-114:
2. Քաջազնունի Յ., Ազգ եւ հայրենիք, Պէյրութ, 1979, 365 էջ:
3. Քաջազնունի Յ., Ազգ եւ հայրենիք, Երևան, «Հայրենիք» ակումբ, 2008, 178 էջ:

Խաչատուր Ստեփանյան [3]

Խաչատուր Ստեփանյան

(*) «Ազգի գաղափարի ընկալումը հայ ականավոր գործիչ Հովհաննես Քաջազնունու կողմից» հոդվածը International Academy of Science and Higher Education (Լոնդոն) և All-Ukrainian Academic Union of specialists for professional assessment of scientific research and pedagogical activity (Կիեւ) կազմակերպությունների կողմից կազմակերպված “Military and political sciences in the context of ocial progress” խորագրով առցանց գիտաժողովում (Kiev, London, December 7 – December 15, 2011) արժանացել է բրոնզե դիպլոմի: Առաջին անգամ հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածուում: Տես՝ “Military and political sciences in the context of social progress, Materials digest of the XV and XVI International Scientific and Practical Conferences” (Kiev, London, December 7 – December 15, 2011). Odessa: InPress, 2012, 204p., pp. 28-29: