- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Որքան ցինիկ այնքան ճշմարտանման

aknark [1] Հավանաբար մեր իշխանությունները հենց այդպես են մտածում. «Որքան ցինիկ լինես, խոսքդ այնքան ճշմարտանման կհնչի»:Այդպիսի տպավորություն են նրանք թողնում, երբ սկսում են խոսել օրինակ ազնվությունից, ընտրություններում արդարորեն ձեռք բերած հաղթանակից եւ իրենց նկատմամբ ժողովրդի մեծամասնության ունեցած սիրուց ու համակրանքից: Խոսում են նույն այս ժողովրդի առաջ, ում օրինակ ընտրությունների շրջանում բացահայտորեն խաբել են, երբ գրեթե յուրաքանչյուր հայաստանցի վկա է եղել նրանց ձեռնարկած ընտրական կեղծարարություններին, կաշառքի ու մյուս անօրինականությունների փաստերին: Ահա այդ ոճի մի երեւույթի էլ ականատես եղանք մայիսի 23-ին, երբ իշխանական ուժի կողմից կառավարության ծրագրի հաստատումից հետո վարչապետը խորհրդարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով: Մեկ տարվա ընթացքում երկու համապետական եւ մեկ մայրաքաղաքային ընտրություններ գլուխ բերածի եւ գործունեության առաջիկա հինգ տարների վստահության երաշխիքը հանդիսացող կառավարության հաստատված ծրագիրը գրպանը դրածի ինքնագոհությամբ, նա սկսեց դաս տալ ընդդիմությանը.

«Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ եւ թույլ»:

«Առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան եւ առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից»:

«Իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք եւ կգնանք առաջ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ»:

«Իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը»: «Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը եւ կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք եւ կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն»:

Այս ամենն ասում է մի մարդ ով.

-հրաշալի գիտի, եւ նույնիսկ ակտիվ մասնակիցն է այն գործընթացների, որոնց արդյունքում երկրում ընդդիմությունն ու իշխանությունը այն են եւ այնպիսին են ինչպիսին, որ կան:

Այնուամենայնիվ եթե իսկապես անտեղյակ է կարող է դուրս գալ փողոց եւ հանդիպած մարդկանց հարցնել թե ինչ զգացումներ են տածում իր եւ իրեն ներկայացրած քաղաքական ուժի նկատմամբ:

-Դաս է տալիս մի մարդ ում մասնակցությամբ եւ ակտիվ նախաձեռնությամբ վերջին տարիներին նվազագույնի հասցվեցին ընդդիմության հնարավորությունները, կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ զտվեց ընդդիմության ներկայացուցիչներից եւ ձեւավորվեց իշխանության միատարր բուրգը:

Ով իր թիմի հետ եւ նախագահի «ծանր ձեռքի» օժանդակությամբ հինգ տարի խորհրդարանին ու ժողովրդին պարտադրել է օրենքներ ու որոշումներ եւ երբեք հաշվի չի նստել այլընտրանքների ու վտանգավոր հետեւանքներից խուսափելու զգուշացումների հետ:

Խրատում է մեկը, որի կառավարման հինգ տարիների ընթացքում տեղի ունեցած հետընթացի ու անկումների համար ոչ մի դեպքում կառավարության մեղքը չի տեսել, չի ընդունել որեւէ քննադատություն այլ միշտ փորձել է պատճառները փնտրել համաշխարհային ճգնաժամի, բնական աղետների ու իրենից հեռու այլ երեւույթների մեջ:

-«Իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը» ասում է նա, երբ հրաշալի գիտե, որ ձեւավորված արատավոր բուրգը, բաղկացած է իր ներկայացրած կուսակցության պաշտոնյաներով ու օլիգարխներով, եւ անիմաստ է խոսել իշխանության թեւերի հակակշռելիության, մենաշնորհների կազմաքանդման, օրենքի առաջ հավասար պատասխանատվության մասին, եթե սեփական համակարգը պաշտպանում է իր ներկայացուցիչներին:

Ապագայի տեսլականից է խոսում մեկը, ով ձախողել է նախորդ հնգամյակի ծրագիրը, ում ներկայացրած ուժի նոր հաղթանակներից հետո ավելի են մեծացել հուսալքությունն ու երկիրը լքելու տրամադրությունները, խորանում են բնակչության մեծամասնության համար անհաղթահարելի սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Այնուամենայնիվ կառավարությունը ներկայացրել է նոր ծրագիր եւ եթե աչառու չենք մեր դատողությունների մեջ պետք է կարողանանք տեսնել ու գնահատել առաջարկվող հեռանկարը: Իհարկե վերապահումով կարելի է ընդունել ներկայացված ծրագիրը եւ իհարկե չպետք է կասկածել, որ իշխանություն անկեղծորեն կցանկանար, որ այն իրագործվեր:
Հիմնական խնդիրն այլ է եւ որքան էլ փորձենք անաչառ լինել չենք կարող չմտածել, թե որքանով է երաշխավորված տվյալ ծրագրի իրագործումը:

Իրականում ծրագիր ասվածը շատ ավելի հիշեցնում է բարի ցանկություն, քանի-որ ներկայացված չեն այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է ապահովեն ցանկալի ձեռքբերումներն ու առաջընթացը:

Հինգ տարվա համար բավարար չի կարելի համարել, այնուամենայնիվ ի գիտություն ընդունենք 100.000 աշխատատեղ ստեղծելու նպատակադրումը: Իսկ ինչպես պետք է այն իրագործվի: Այս անգամ եւս կառավարությունը չի ցանկանում ստանձնել իր անմիջական նախաձեռնությամբ աշխատատեղեր ստեղծելու գործը, այլ կրկին անգամ խոստանում է պայմաններ ստեղծել, որպեսզի մասնավորը այդ պարտավորությունն իրականացնի: Այնինչ մասնավոր գործատերը նման խնդիր երբեք չի ստանձնում՝ նա առաջնորդվում է քիչ նյութական ներդրմամբ առավել մեծ շահույթ ստանալու սկզբունքով:

Չունենալով կոնկրետ պատկեր արտադրությունների ու ծառայությունների ընդլայնման եւ նորերի ստեղծման վերաբերյալ ինչպե՞ս կարելի է հստակ հաշվարկներ անել աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման եւ երկրի տնտեսության ընդհանուր զարգացման վերաբերյալ:

Այնինչ վերջին ընտրություններից հետո առավել բացահայտված սոցիալ-տնտեսական, ֆինանսական, բանկային ու այլ իրողությունները վկայում են շատ ավելի խորացող ճգնաժամի, քան թե կառավարության բարի նախագծումների իրագործմանը նպաստող պայմանների մասին:

Մի կողմ թողնելով տնտեսական բնույթի դատողությունները կարելի է ոչ պակաս կարեւոր գործոններ նկատի ունենալ մոտ ապագայի պատկերը ուրվագծելու համար:

Հիշենք, որ նոր ծրագիրը պետք է իրականացնի այն նույն կառավարությունը, որը հինգ տարի շարունակ ձախողել է տարեկան բյուջեներով ներկայացված խոստումները եւ մեծ հաշվով չի կատարել ստանձնած հնգամյա ծրագիր:

Նույն կուսակցապետական համակարգը խոստանում է տնտեսության ազատականացում, ստվերի կրճատում, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն, երբ բոլոր այս արատների արմատը թաղված է հենց կառավարման միակուսակցական համակարգի հիմքում: Երեւույթը հիշեցնում է գորբաչովյան վերակառուցումը, երբ կուսակցությունը մեկն էր եւ վերակառուցվելով ինքը պետք է շտկեր իր թերությունները:

Ասվածին էլ ավելացնենք, որ հանրապետության նախագահը ի սկզբանե գոհունակություն է հայտնել նախկին (արդեն ներկա) կառավարության գործունեությունից, բնական է համարել, որ մարդիկ շարունակելու են դժգոհել, «պարզաբանել» է, որ երկիրը լքողները չեն հասկանում, որ եթե մարդիկ այստեղ աշխատեն այնքան՝ ինչքան օտարության մեջ են նույն չափ կվաստակեն: Երկրի գաղջ մթնոլորտի պատճառն էլ լրագրողներն են:

Այժմ իրար կողք դնենք նախագահի արտահայտած ու վարչապետի վերը բերված մտքերը եւ փորձենք հասկանալ, թե որտեղ է այն մղիչ ուժը, այն նոր մոտեցումը, այն արմատական սկզբունքը, որոնք հիմք պետք է դառնան այս երկիրը անընդհատ անկումից դեպի հետեւողական զարգացում շրջադարձի բերելու համար:

Եւ այս դեպքում իրավիճակը չի փոխվի եթե անգամ անկատար ծրագիրը փոխարինվի՝ իդեալականով: Պետք է տեսնել, թե թղթերի ու խոսքերի հետեւում ով եւ ովքեր են կանգնած:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ