- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Հայաստանի հեռանկարներ — Իրողություններ եւ եզրահանգումներ

hodvadz [1]Այս օրերին շարունակվում են բուռն քննարկումները սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից արված հայտարարության շուրջ, ըստ որի. «Հայաստանը ցանկանում է միանալ մաքսային միությանը եւ ներգրավվել Եւրասիական տնտեսական միավորման ձեւավորման գործընթացում»:

Հայտարարության առիթով բարձրացած հասարակական-քաղաքական ալեկոծությունը բնական է ոչ միայն այն պատճառով, որ նախագահի նշած «Հայաստանը» այս դեպքում ներկայացրել է միայն ինքը կամ գուցե իր թիմակիցների մի նեղ շրջանակը: Հայտարարված որոշումը անակնկալ էր բոլորի համար եւ բնական է մասնավորապես հայ ժողովրդի անհանգստությունը: Հասարակությունը ցանկանում է մինչեւ վերջ հասկանալ, թե Մաքսային միություն կոչվածը, ինչպես եւ այդ ճանապարհով զարգացող հետագա հեռանկարը ինչ նշանակություն կունենան մեր երկրի համար, ինչ բարիքներ ու թաքնված ականներ են պարունակում իրենց մեջ:

Հարցին պատասխաններ փնտրելիս պետք է վերապահումներով մոտենալ երդվյալ ռուսասերների ու արեւմտամետների տեսակետներին, որովհետեւ նրանց հիմնավորումների հիմքում փաստերը չեն՝ այլ այս կամ այն բեւեռի նկատմամբ նախասիրությունները: Նույն կերպ պետք է վերաբերվել նաեւ իշխանական թեւի գործիչների եւ նույն թեւին ծառայող լրագրող-վերլուծաբան-քաղաքականագետ-սոցիոլոգների բանակին: Ակնհայտ է, որ իշխանության, առանց բացառության ցանկացած քայլ ու որոշում, նրանք պիտի ողջունեն եւ գովերգեն որպես միակ ճիշտ ու իմաստուն լուծում:

Անաչառ եզրակացություններ կայացնելու համար նախ եւ առաջ պետք է նկատի ունենալ անկախության տարիներին ձեւավորված առկա իրողությունները:

Թարմացնելով հիշողություններս հիշենք, որ մեր երկիրը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ է , մաս է կազմում Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական դաշինքին՝ Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ռուս սահմանապահները, եւ այս երկրից է մշտապես համալրվում մեր զենքի ու զինամթերքի գրեթե ողջ պաշարը:

Ի դեպ ռազմական համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի ստորագրումից հետո այս գործընթացն ավելի լայն թափ առավ: Ինչպես վերջերս Արցախում հայտարարեց Հայաստանի վարչապետը, վերջին երեք տարիներին Հայաստանը ավելի շատ զենք է ներկրել քան անցած քսան տարիների ընթացքում: Ռուսաստանից է ստացվում Հայաստանում իրացվող գազի մեծ ծավալը, եւ ատոմակայանի հումքը: Այս երկրի հետ է իրականացվում Հայաստանի ամենամեծ առեւտրային շրջանառությունը: Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի տնտեսական, էներգետիկ, եւ հաղորդակցության կարեւորագույն ու ռազմավարական ձեռնարկությունների ու օբյեկտների: Եւ դեռ այսքանով չեն սահմանափակվում նշված ոլորտներում եղած բազմակողմանի կապերը:

Որպես համեմատաբար թարմ տեղեկատվություն ավելացնենք՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ վիճակագրական տվյալ:

2013 թ. հունվար-հուլիս ամիսներին, ոչ առեւտրային նպատակներով ֆիզիկական անձանց արտերկրից Հայաստան կատարած տրանսֆերտները կազմել են 942մլն ԱՄՆ դոլար( միայն հուլիսին դրանք կազմել են 203 մլն. եւ տարվա գալիք ամիսներին հավանաբար ավելի եւս պետք է աճեն): Նշյալ տրանսֆերտից 800 միլիոնը փոխանցվել է Ռուսաստանից:

Ի դեպ նշենք, որ ԱՄՆ-ից ստացվել է 44մլն, Ղազախստանից 11մլն, իսկ ֆրանսիայից դրա կեսի չափ ԱՄՆ դոլար:Մյուս երկրներից դրամական ներհոսքը շատ ավելի փոքր թիվ է կազմում):

Ավելացնենք, որ ունենալով տնտեսական զարգացման նույնպիսի մակարդակ՝ Հայաստանի համար Եւրասիական շուկան ներկայումս ամենանվաճվածն է ու ամենահեռանկարայինը: Հայաստանն ու Ռուսաստանը ներկայումս ծրագրում են մեծ ծավալներով ընդլայնել տնտեսական գործակցությունը, ինչը կներառի հատկապես էներգետիկ եւ ռազմարդյունաբերական ոլորտները:
Կարելի է, արձանագրել, որ փաստացի (դե ֆակտո) մենք գտնվում ենք եվրասիական տնտեսաքաղաքական տարածքում:
Լավ է սա թե՝ վատ հարցը ունի միանշանակ ու հայտնի պատասխան՝ աննպատակահարմար է եւ վտանգավոր միակողմանի կապվածությունը, որն ինքնին վերածվում է կախվածության:

Հանուն ճշմարտության իհարկե պետք է արձանագրել նաեւ, որ հատկապես երկրորդ նախագահի ղեկավարման շրջանից Հայաստանը ձգտեց, ոչ առանց հաջողության վարել փոխլրացման քաղաքականություն:

Հայաստանը կարողացավ թե հարեւանների եւ թե տարածաշրջանում շահագրգռություններ ունեցող գերուժերի համար ընդունելի դարձնել իր բազմակողմանի կապերն ու կողմնորոշումները՝ ակտիվ հարաբերություններ պահպանելով եւ Ռուսաստանի եւ Եւրոմիության երկրների, եւ ԱՄՆ-ի եւ անգամ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ: Հայաստանը Ռազմական դաշինքի մեջ լինելով ՀԱՊԿ-ի շրջանակում, միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

Հայտարարելով, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանը միաժամանակ հասավ Եւրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման եզրափակիչ փուլին, ինչպես եւ արդյունավետորեն շարունակեց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու բանակցությունները:

Հարկ է փաստել նաեւ, որ անցնող տարիներին, եթե նույն Եւրոպան, ավելի բաց ու գործնական լիներ Հայաստանին
իրեն ավելի մերձ տեսնելու հարցում, հավանաբար քաղաքատնտեսական այդ տեղաշարժն ավելի զգալի կլիներ եւ զուգահեռաբար ավելի զգալի արեւմուտք-արեւելք հավասարակշռության փոփոխությունը մեր երկրի համար:

Տպավորությունը, սակայն այն է, որ Եւրոպան ավելի շատ ոչ թե այդ մերձեցման գործընթացն առաջ տանելով էր շահագրգիռ այլ մեզ Ռուսաստանից հեռացնելու մտահոգությամբ:

Հայաստանի հետ արեւմուտքի տնտեսական շահագրգռությունների հիմքում առայժմ Հայաստանից բնական պաշարների արտահանումն է եւ տեսանելի հեռանկարում այս նոր շուկայի նվաճումը: Իսկ եւրոպական ստանդարտներին համապատասխանելով եւրոպական շուկայում ոտատեղ ապահովելու Հայաստանի հնարավորությունը, պետք է ակնհայտ լինի, որ մոտակա ապագայում քիչ նշմարելի է: Մյուս կողմից նկատի ունենալով, որ Եւրոպա մուտքը մեզ համար սկսվելու է Թուրքիայի սահմանից:

Ոչ հաճելի երկրորդ իրողության արձանագրումից հետո հարց տանք մենք մեզ, թե իրականում արդյո՞ք այդքան անակնկալ էր Մաքսային միությանը միանալու որոշումը:

Դեռեւս անցած դարի 90 ականների կեսերից Ղազախստանի նախագահի կողմից հրապարակ նետված գաղափարը հետզհետե սկսեց միս ու արյուն ստանալ եւ եթե Հայաստանը գործընթացի հիմնական գործող անձանցից չի եղել, համենայնդեպս անտեղյակ չի եղել կատարվող իրադարձություններից:

2000 թվականի հոկտեմբերի 10-ին Աստանայում ստորագրվեց Եւրասիական Տնտեսական Ընկերակցության մասին համաձայնագիրը: 2001 թվականի մայիսի 31-ին, բոլոր անդամ երկրների կողմից վավերացվելուց հետո, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի եւ Տաջիկստանի ղեկավարները հայտարարեցին նոր միջազգային կազմակերպության փաստացի գործունեության մասին:

2003 թվականին Հայաստանը դարձավ այս կազմակերպության դիտորդ անդամ:

Հիմնվելով ԵվրԱզԷՍ-ի հիմնադրման պայմանագրի վրա 2007 թվականին Ռուսաստանը Բելոռուսը եւ Ղազախստանը Դուշանբեում ստորագրեցին Միասնական Մաքսային Տարածքի ստեղծման եւ Մաքսային Միության ձեւավորման մասին պայմանագիր, ինչպես նաեւ հաստատեցին դրանց ստեղծման վերաբերյալ գործողությունների ծրագիր:

Երեք երկրների միջեւ Մաքսային Միությունը ստեղծվեց 2010 թվականի դեկտեմբերին:

ՀՀ վարչապետը 2011 թվականի հոկտեմբերի 18-ին ստորագրեց ԱՊՀ երկրների մի ջեւ ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը: Մաքսային միությունը այս պայմանագրի շարունակությունն է կամ հաջորդող քայլը:

2013 թվականի ապրիլի 10-ին, Եւրասիական Տնտեսական Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն եւ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը Երեւանում ստորագրեցին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եւրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության մասին» հուշագիր:

Կատարվեց եւս մեկ քայլ, ինչպես փաստաթղթում է նշվում, դեպի. «Մաքսային Միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը»:

Այս ողջ ընթացքում Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես եւ Տաջիկստանն ու Ղրղզստանը դիտվել են որպես այս միության հնարավոր թեկնածուներ:

Այլ խնդիր, որ իր աշխարհաքաղաքական մեծ նախագիծը ամբողջապես գլուխ բերելու համար Ռուսաստանը ժամանակավորապես հանգիստ թողեց մյուսներին եւ ձգտեց նախ կոտրել ամենամեծ ընկույզը՝ իր կողմը բերել դեպի Եւրոպա շարժվող Ուկրաինային:

Մյուս թեկնածուներն, իրենց հերթին (թերեւս Մոլդովայից բացի) այս ընթացքում ձգտել են գին բարձրացնել, փորձելով ապահովել իրենց համար առավել շահավետ պայմաններ:

Ի դեպ նշենք, որ տնտեսաքաղաքական ու ռազմակատեխնիկական խնդիրների կողքին Հայաստանի համար առանցքային հարց է եղել ԼՂՀ պարագան:

Խնդիրն այն է, որ այս կամ այն պայմանագրի մեջ Ղարաբաղի անվան ներառումը ինքստինքյան նշանակում է, որ կողմերը ճանաչեցին վերջինիս անկախությունը:
Մաքսային Միության վերաբերյալ խոսակցությունների պարագայում կարծես, թե այս թեման շրջանցվել է: Բայց, որ այն չի մոռացվել կարելի է այս մասին ակնարկ համարել սեպտեմբերի 3-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ կատարած հայտարարության մեջ արձանագրված հետեւյալ տողերը. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա»:

Վերադառնալով բուն ասելիքին ավելացնենք, որ վերջին շրջանում նաեւ միջկառավարական համատեղ հանձնաժողով էր աշխատում մաքսային միության հետ Հայաստանի օրենքների ու տեխնիկական կարգերի համապատասխանեցման ուղղությամբ՝ նկատի ունենալով հատկապես այս միությունը ներկայացնող երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի համար:

Հետեւաբար տեղի ունեցածը երկնքից ընկած մարմնի պես անակնկալ չէր, այլ մի ընթացք (հրապարակային ընթացք), որն ի վերջո պետք է հանգեր տրամաբանական հանգուցալուծմանը:
Անակնկալը թերեւս այլ տեղ է: Դարձյալ վերջին շրջանում Հայաստանը կարծես, թե անշեղորեն գնում էր դեպի Եւրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրման: Թվում էր թե ոչ այնքան հեռվում սպասվող նոյեմբեր ամսին կարելի էր այս ակտն իրականացնել, քանի դեռ ռուսների գլուխը խառն էր Ուկրաինային՝ ձեռքի հետ էլ Մոլդովային, «Դարձի բերելու» հոգսերով:

Բայց հավանաբար Կրեմլի առաջնորդը, որոշեց փոխել առաջնահերթությունները եւ գնալ նվազագույն դիմադրության հաղթահարման ճանապարհով: Հետեւանքը անակնկալ եղավ թե հասարակ մահկանացուներիս եւ թե ակնհայտորեն, Հայաստանի նախագահի համար:

Ինչ ունենք արդյունքում:

Մաքսային Միությունը , ինչպես եւ այս հանգրվանից դեպի վերջնական նպատակ տանող Եւրասիական միությունը ներկայումս նման են մի ռեզինե օղակի, որի պարագիծը հայտնի չէ, սակայն Ռուսաստանը ցանկանում է տեսնել այն որքան կարելի է նեղ, իսկ մնացած բոլորը՝ որքան կարելի է լայն: Եւ թե հայացքների այս հակասությունից վերջում ինչ կծնվի կամ առհասարակ բան կծնվի թե ոչ, հավանաբար Աստծուն անգամ հայտնի չէ: Վիճակը լավ պատկերացնելու համար նկատի ունենանք, որ ապագայի հետ կապված մոտեցումների տարբերությունը ոչ միայն «թեկնածուների» հետ է, այլ անգամ մաքսային միությունը կազմող եռյակի մեջ:

2013 հունվարի առաջին կեսին, մի քանի օրվա տարբերությամբ, այս թեմայով հայտարարություններով հանդես եկան Բելոռուսի եւ Ղազախստանի Նախագահները: Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եւրասիական ինտեգրումը տեսնում են սոսկ որպես տնտեսական ինտեգրում, այլ ոչ թե քաղաքական միություն:
Հունվարի 18 -ին դիվանագիտական կորպուսի հետ Աստանայում հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ. «Եւրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որեւէ միության վերականգնմանը, հատկապես Խորհրդային Միության վերականգնմանը»:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվանից ամբողջությամբ սկսել են գործել Մաքսային Միությունն ու Միասնական Տնտեսական Տարածքը, գործում է Եւրասիական Տնտեսական Միության Բարձրագույն Խորհուրդը եւ սրանք բավական են Եւրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի համար: «Բելոռուսը, Ռուսաստանը, եւ Ղազախստանը անկախ պետություններ են՝ յուրաքանչյուրն իր սեփական, ազգային շահերով»:

Իսկ Հունվարի 15- ին Բելոռուսի նախագահը հայտարարեց. «Որեւէ վատ բան Ռուսաստանի այս նախաձեռնությունում չկա, սակայն ոչ Բելոռուսը, ոչ էլ Ղազախստանը հենց այնպես նման ռադիկալ քայլերի չեն գնա»:

Ավելին հենց Վլադիմիր Պուտինը 2010 թվականի նոյեմբերի 25-ին, դեռեւս ՌԴ Վարչապետի կարգավիճակով, գերմանական թերթին տված հարցազրույցով Եւրոմիությանն առաջարկեց ստեղծել տնտեսական ալյանս, որը ենթադրում է միասնական տնտեսական տարածք Վլադիվոստոկից մինչեւ Լիսաբոն:

Այս միտքը կրկնվել է նաեւ այլ առիթներով եւ իհարկե առավել տրամաբանական է, քանի որ դժվար է պատկերացնել, թե հենց ռուսաստանը կարող է համաձայնվել այնպիսի մի միավորման ձեւավորմանը, որը տնտեսապես (հետեւաբար նաեւ քաղաքականապես) կարող է հայտնվել ինքնամեկուսացման մեջ: Այդ դեպքում ինչի համար էր անհրաժեշտ խորհրդային միության փլուզումը:

Եւ եթե առավելին հասնելու ներկա դիմակայության մեջ սա չի գիտակցվում, ապա 21-րդ դարի համաշխարհային իրողությունները ժամանակի ընթացքում թելադրելու են իրենց կանոնները: Ի վերջո ԱՊՀ-ի ստեղծումը եւս ոմանց գլուխներում հավանաբար հեռուն տանող երազանքներ էր ուրվագծում, այնինչ այսօրվա մեր առօրյա կյանքում վերջինիս գոյությունը, կարծես թե, առանձնապես չի նեղում մեզ:

Բայց իհարկե չընկնենք ծայրահեղության մեջ եւ հասնենք այնտեղ, որ անտեսենք առկա մտահոգությունները:

Այսօրվա իրավիճակով, երբ խորհրդակցությունների համար Հայաստան են ժամանել Եւրոմիության ներկայացուցիչները, նույնչափ անհայտ է թե ինչ է մեզ սպասվում եւրոպական ուղղության վրա:

Ակնհայտ է այն, որ Հայաստանը հաստատում է արեւմտյան ուղղությամբ հարաբերությունները, ըստ նախանշածի, առավելագույնս կենսագործված տեսնելու ցանկությունը:

Ընդգծելով միաժամանակ այն ըմբռնումը, որ եթե Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը տեսականորեն իրագործելի է, ապա դժվար է պատկերացնել տնտեսական մասի համադրումը Մաքսային Միության կանոններին:

Դուրս գալով մատուցված անակնկալի զգացական տրամադրությունից արեւմուտքն, ի դեմս քաղաքական ներկայացուցիչների, սկսում է արտահայտել իր պատրաստակամությունը Հայաստանի հետ պայմանագրային հարաբերությունների հնարավորինս սերտացման հարցում:

Մնում է առաջիկայում որոնել այդ հնարավորի սահմանները:
Հասնելով եզրակացությունների բաժնին նախ հաստատենք, որ այն իրավիճակը, որի առջեւ կանգնած ենք ներկայումս մեզ հետապնդել է ոչ միայն դարերի այլ հազարամյակների ընթացքում:

Աշխարհաքաղաքական իրողությունները մշտապես պարտադրել են, որ մեր երկրի կառավարիչներն ու առաջնորդները փնտրեն այլընտրանքային համագործակցություններ: Բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ տեղավորելու մոտեցումը շատ հաճախ է ճակատագրական նշանակություն ունեցել Հայաստանի համար:

Շատ հեռվում չփնտրելու նպատակով հիշենք, թե ինչպիսի ողբերգական դերակատարություն է ունեցել Ռուսաստանը մեր ճակատագրում:

Երեք անգամ նա պատերազմ սկսեց թուրքերի դեմ, մեզ ներքաշեցին այդ հակամարտությունների մեջ, ապա ետ քաշվեց, անպաշտպան հայությանը թողնելով թուրքական յաթաղանի առաջ: Յուրաքանչյուր այդ փորձությունից հետո տեղի էր ունենում արեւմտահայաստանի հայաթափում, իսկ վերջինն ավարտվեց ցեղասպանությամբ:

1920 թվականին, երբ պատմական հայրենիքի մի շոշափելի տարածքի վրա հայոց պետականության վերականգնման հույս էր արթնացել Կարմիր Ռուսաստանը զենքով ու ոսկով օգնության հասավ , «Ազգային ազատագրական պայքար
մղող» Աթաթուրքին, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության 71.000 քառակուսի կիլոմետրից 40-ը, «Սեփական ապրանքի» պես նվիրեց Աթաթուրք եղբորը: Ձեռքի հետ էլ թուրքերի փոքր եղբորը նվիրեց Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը՝ Նախիջեւանի հետ միասին:

Եւ սրան ի հակառակ ներկայացնենք մեկ այլ փաստ: Ռուսաստանին Արեւելյան Հայաստանի միացումից առաջ ու հետո, արեւմտահայ գաղթականության ներգաղթի, մահմեդական եկվորների արտագաղթի, ինչպես եւ բնական աճի շնորհիվ արմատապես փոխվեց Արեւելահայաստանի ժողովրդագրական պատկերը, որն էլ գրավականը դարձավ գալիք Հայաստան պետության գոյության: Հիմա ի՞նչ, ռուսները մեզ սիրո՞մ են թե՝ հակառակը: Իհարկե ոչ՝ այն, ոչ՝ այն: Ռուսները սիրում են միայն իրենց եւ դա բնական է: Ինչպես բնական է, որ Եւրոպացիք էլ միայն իրենց սիրեն:

Նույն Եւրոպացիք, ռուսների հետ միասին , դեռեւս 15 թվականի սկզբներին թուրքական կառավարությանը զգուշացնում էին, որ այն կոտորածը որ նա իրականացնում է հայերի դեմ. «Հանցագործություն է մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Եւ ի՞նչ: Մատը մատին խփե՞ց մարդասեր Եւրոպան, աչքի առջեւ իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար:

Այսպիսով գլխավոր եզրակացությունը.

-Հայաստանը պետք է, ամեն ջանք գործադրի Եւրոմիության հետ մշակած պայմանագրային դրույթները առավելագույն չափով կյանքի կոչելու համար:

– Անհրաժեշտ է արտաքին քաղաքականությունը իրականացնել իրապես փոխլրացման քաղաքականության հիմքի վրա, ձեւավորելով բազմաճյուղ վեկտորներ՝ Ռուսաստանի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի, Իրանի ու Միջին-Մերձավոր արեւելքի այլ երկրների, Չինաստանի ու Արեւելյան ասիայի այլ երկրների, Շանհայի համագործակցության, եւ այլ տարածաշրջանների երկրների եւ քաղաքական տնտեսական դաշինքների հետ: Բազմաճյուղ փոխլրացման քաղաքականությունը պետք է դիտարկել, որպես Հայաստանի քաղաքական, տնտեսական, պաշտպանական եւ այլ ոլորտների զարգացման եւ անվտանգության երաշխիք:

– Քաղաքական եւ տնտեսական համագործակցությունների հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե դեպի «Արեւելք» կամ «Արեւմուտք» ունեցած նախասիրություններով, այլ ազգային կոնկրետ շահով:

– Քաղաքական բանակցությունների ժամանակ անհրաժեշտ է պաշտպանել այն դիրքորոշումը, որ Եւրասիական եւ Եւրոպական միությունները ոչ թե պետք է հակադրվեն իրար, այլ փոխգործակցեն՝ ձեւավորելով Լիսաբոնից Վլադիվոստոկ ձգվող տնտեսաքաղաքական տարածք:

-Որեւէ դաշինքի միանալու պարագայում անհրաժեշտ է ամրագրել դրանցում Հայաստանի առանձնահատկությունները՝ այդ թվում փակ սահմանները եւ տնտեսության մեկուսացումը, չավարտված պատերազմը, ԼՂՀ հիմնախնդիրը: Այս կամ այն միությանը միանալու պարագայում մաքսերի եւ դրանց բացակայության, արտաքին շուկաների ագրեսիվ ներթափանցման եւ հայկական շուկայի պաշտպանության ու հայկական արտադրանքի արտահանման եւ այլ հիմնահարցեր:

Բոլոր այս խնդիրները հնարավոր է լուծել ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ, որը բաց կլինի հայ հասարակության համար եւ կվայելի նրա աջակցությունը:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ