- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Պայքար ընդդիմության տեղի համար

khmbagrakan [1]Տարիներ շարունակ, մեր որոշ քաղաքական ուժերի կողմից, ճիգ է գործադրվում ապացուցելու, որ իրենք են երկրի միակ ընդդիմադիր ուժը: Ճիգը միաժամանակ ապացուցելու համար է, թե այլ ընդդիմադիր ներկայացողները կեղծ են եւ գաղտնի գործարքի մեջ՝ իշխանությունների հետ: Միանգամից արձանագրենք այն, ինչ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այս ամենի գլխավոր նպատակը հերթական ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները շահելն է:

Այսինքն, այդ «Ոմանքը» առավել շատ ձայներ հավաքելու ավելի արդյունավետ միջոց չեն պատկերացնում, քան ընդդիմադիր ողջ դաշտի սեփականաշնորհումը: Այս <ազգաշահ> գործի մեջ լրջորեն ներգրավված են մի շարք լրատվամիջոցներ՝ որոնք էլ սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի կամ ուժերի շահերը:

Նույնպես գաղտնիք չէ, որ ըդդիմադիրի իրական լինելու հիմնական չափանիշը որոշակի այդ ուժերի համար չափվում է նրանով, թե որքանով են կարողանում լարվածություն պահպանել իշխանությունների հետ՝ մերժել վերջիններիս ցանկացած նախաձեռնություն եւ թունդ հայհոյել նրանց: Ավելի հավաստի դիտվելու համար գերադասելի է հայհոյել օտար դիվանագիտական եւ քաղաքական գործիչների մոտ, տարբեր ձեւաչափի հանդիպումների ժամանակ եւ հատկապես միջազգային բեմերից:

Պետք է արձանագրել, որ այս տխուր ավանդույթը մեզանում գրեթե նույնքան կենսագրություն ունի, որքան մեր երկրի անկախությունը: Անկախ պետականության ձեւավորման առաջին իսկ տարիներից, անհանդուրժողություն սերմանելով քաղաքական դաշտում, երիտասարդ իշխանությունը պատնեշ կառուցեց իր եւ մյուսների միջեւ՝ որդեգրելով հետեւյալ կարգախոսը. <Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է>:
Դժբախտաբար մեր երկրի նոր քաղաքական մշակույթը այս եւ նմանատիպ երեւույթների վրա արմատներ նետեց, խեղաթյուրելով նաեւ հասարակության քաղաքական գիտակցությունը:

Ակնահայտ փաստ է, որ հասարակության մի զգալի մասը, այսօր էլ, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները պատկերացնում է շիկացած լարվածության եւ որեւէ համագործակցության իսպառ բացառման ձեւով: Եւ հետեւանքն այն է, որ չնայած ազատ աշխարհի հետ եղած բոլոր տեսակի պատնեշների փլուզմանը, աշխարհն իր ճամփով է գնում, մենք՝ մեր:

Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններից սկսած մինչեւ ժողովրդավարության ավանդույթի երկրներ, յուրաքանչյուր ընտրությունից հետո համաձայնությունների են հանգում ընդդիմության ծրագրերի տարբեր կետերը որդեգրելու եւ ընդդիմության ներկայացուցիչներին համատեղ գործակցության դաշտ ներգրավելու վերաբերյալ, սակայն մենք սպասում ենք, որ ցանկացած ընտրությանը հաջորդող օրը չլուսացած ընդդիմությունը հանդես գա կոշտ հայտարարություններով եւ հրապարակներ դուրս բերի ժողովրդին:

Քաղաքական դաշտում ընդդիմադիր տեղը հաստատուն պահելու համար մշտատեւ է դառնում անհանդուրժողությունն ու ինքնամեկուսացումը:
Ի դեպ, հանուն ճշմարտության, պետք է փաստել, որ շատ հաճախ, հիմնազուրկ չի լինում ընտրությունների արդյունքների նկատմամբ ընդդիմադիր ու ժողովրդական դժգոհությունը:

Հիշատակված քաղաքական վարքը հատուկ է ոչ միայն ընդդիմությանը այլեւ իշխանության <զինանոցին> է մաս կազմում: Օրինակ որպեսզի իշխանությունը վարկաբեկի ընդդիմությանը, հաճախ ավելի լավ ձեւ չի տեսնում քան հայտարարելը, թե ընդդիմադիր այսինչ կամ այնինչ ուժի հետ լավ հարաբերություններ է պահպանում կամ պարզապես լավ կարծիք ունի նրա մասին:

Քաղաքական երկու թեւերի այս իրարամերժությունը շատ հաճախ ու երկար ժամանակ պառակտել է մեր հասարակությունը, թշնամացրել է միմյանց դեմ դրացիներին ու հարազատներին՝ թափանցելով ու իր կանոնները հաստատելով անգամ ամենախուլ եւ փոքրիկ գյուղերում:

Չպետք է կասկածել, որ մեր հանրության մոտ միասնականության բացակայությունը, հավաքական գիտակցության ցածր մակարդակը եւ սեփական ճակատագիրը, սոսկ սեփական պատկերացմամբ տնօրինելու անհատականացված մոտեցումը, մեծապես պայմանավորված են հենց ներքին անհանդուրժողականությամբ: Այս իրողության հետեւանքներն են դառնում արտագաղթն ու ներքաղաքական, ներհասարակական կրավորականությունը, եւ հանրությանը վարակող այլ բացասական երեւույթներ:

Մի անհանդուրժողություն, որն իրականում ոչ թե երկու ճամբարների մեջ է, այլ անգամ նույն ճամբարներում:

Հակադրության վրա կառուցված գործելակերպը ոչ միայն ժողովրդային ու քաղաքական մակարդակի վրա է դրսեւորվում, այլեւ իր ավերն է գործում պետական-հանրային ծառայության համակարգում, այլ գերատեսչություններում ու հաստատություններում: Ոչ թիմակիցների զտում է տեղի ունենում դպրոցի կամ հիվանդանոցի տնօրեններից մինչեւ պահակները:

Բավական է նշել որ վերջին տարիներին, քիչ թե շատ ներկայանալի պաշտոնների վրա չմնացին ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ ոչ կուսակցական ծառայողները: Կուսակցական պաշտոնյաները, ում համար սկզբունքն ու գաղափարը թանկ էր, մնացին անգործ /ինչը դարձյալ հանգեցրեց իր համապատասխան հետեւանքներին/, իսկ պարզ քաղաքացիների մի մասը, օրվա հացը չկորցնելու համար անդամագրվեց իշխանական կուսակցություններին:

Պետական համակարգի դռները բացվեցին կարիերիստ կուսակցականների համար, որոնք ի սկզբանե որոշակի ակնկալիքներով էին խցկվել կուսակցություններ: Դժվար չէ պատկերացնել, թե նման գործընթացը ինչ այլասերող եւ որակական անկումի տանող հետեւանքներ պետք է ունենար նախ պետական պաշտոնական ու այլ հաստատությունների եւ ապա՝ կուսակցությունների վրա:

Անժխտելի փաստ է նաեւ, որ թե իշխող կուսակցություններին միանալը եւ թե ընդդիմադիր ներկայանալը շատ դեպքերում պայմանավորվում է անձնավորված համակրանք-հակակրանքներով ու գործարքներով եւ ոչ ըստ գաղափարական-ծրագրային ընդհանրությունների եւ տարբերությունների:

Կարելի է որպես եզակի օրինակներ նշել, ինչպես ձեւավորվելիք կոալիցիաներին մաս կազմելու պայման որպես Դաշնակցությունը երկու անգամ առաջ քաշեց դրանց հիմքում քաղաքական համաձայնագիր ընդունելու պահանջը: Ըստ այս փաստաթղթերի սահմանվեցին այն նպատակներն ու առաջնահերթությունները, որոնց շուրջ էլ, ըստ էության, պետք է ձեւավորվեին կոալիցիաները:

Վերը նկարագրվածից բնավ չի հետեւում, թե ընդդիմությունը պետք է մի կողմ դնի իր սկզբունքները եւ հանուն ինչ-ինչ շահերի գործարքի գնա իշխանության հետ: Սա իսկապես այլասերող ուղի է եւ այս ճանապարհին շատ ուժեր են ոչնչացել՝ բարոյապես կամ ֆիզիկապես: Ոչնչացել են, որովհետեւ իշխանությանը մաս կազմելով կորցրել են ինքնուրունությունն ու սեփական դեմքը:
Իսկ որն է հետեւությունը:

Քաղաքական, հասարակական առողջ մթնոլորտ ձեւավորելու համար անհարժեշտ է, որ առողջ լինի ու գաղափարական հենք ունենա իշխանություն-ընդդիմություն տարակարծությունը:

Ընդդիմության տեղը պետական կյանքի կառավարման գործում պետք է երաշխավորված լինի համապատասխան օրենսդրությամբ, որպեսզի վերջինս լուսանցք մղվելու փոխարեն, համապատասխան կարգավիճակով մասնակցություն բերի եւ դերակատարություն ունենա երկրի կառավարման գործում:

Օրենսդրական երաշխիքը կապահովի, որպեսզի գործակցությունն ու մասնակցությունը չպայմանավորվեն ենթակայական գործոններով, չվերածվեն քաղաքական առեւտրի միջոցի: Այստեղ կարելի է հիշել, որ ընդօրինակելով եւրոպական փորձարկաված մեթոդը Հայաստանի խորհրդարանը ներկայումս որդեգրել է մեխանիզմներ, որոնք օրենքի պահանջով ապահովում են խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությունը ներկայացուցչական մարմնի ղեկավարման եւ գործառույթների իրականացման հարցում, ինչպես եւ սահմանվել են մի շարք արտոնություններ, որոնք ներպառլամենտական տարբեր գործընթացներում ապահովում են քաղաքական փոքրաթիվ խմբակցությունների հավասար մասնակցությունը:

Հայաստանը չի կարող լինել մեկ կուսակցության կամ կուսակցական խմբի պետություն: Ընտրություններից սկսած որեւէ հարցում որեւէ դեր չպետք խաղա այն հանգամանքը, թե երկրի քաղաքացին քաղաքական ինչ համակրանքներ ունի:

Մարդիկ աշխատանքի եւ պատասխանատու պաշտոնի պետք է նշանակվեն ըստ մասնագիտական կարողությունների՝ անկախ նրանից ինչ կուսակցության են պատկանում կամ առհասարակ պատկանում են թե՝ ոչ: Բնականաբար խոսքը այնպիսի պետական-պաշտոնական մակարդակի մասին չէ, ուր մշակվում ուղղորդվում եւ գործադրվում է քաղաքականությունը:

Մեր կադրային ներուժն այնքան մեծ չէ, որպեսզի շռայլություն թույլ տանք վերջինիս մի հատվածին դուրս մղելու երկրի ընդհանուր կենսագործունեությունն ապահովող համակարգերից: Կադրային որակյալ ներուժի համար, պետք է ապահովվի լիարժեք ներգրավվածություն:

Մեր երկրում պետք է փոխվեն քաղաքական ուժերի գնահատման չափանիշները: Վերջիններիս հարկ է արժեւորել ոչ ըստ նրա, թե որքան թունդ են հայհոյում ու մերժում իշխանությանը, այլ թե որքանով են օգտակար լինում այս ժողովրդին ու պետությանը: Չափանիշը ընդդդեմի հոգեբանությամբ ապրելը չէ, այլ ազգային շահի գիտակցությամբ գործելը: Իշխանություններին պետք չէ ծառայել, բայց պետությանը ծառայել անհրաժեշտ է: Եթե այդ առաքելությունը չի բացահայտվում քաղաքական ուժերի աշխատանքի ընթացքում, կնշանակի վերջիններս արհեստածին են եւ կեղծ՝ անկախ նրանից քաղաքական որ դաշտում են եւ ում հետ ինչ հարաբերություն ունեն:

Իհարկե շատ շտկումներ կարող են կատարվել հասարակական գիտակցության փոփոխության պարագայում, բայց այն ապահովելու համար եւս անհրաժեշտ է քաղաքական-օրենսդարական մշակույթի վերանայում: Ինչպես, որ վերջինի իրականացումն է պայմանավորված առաջինին ձգտելու կամքով:

Հավի ու ձվի պատմությունը հիշեցնող այս խնդիրը լուծելու համար իհարկե առաջնահերթը բարեշրջում իրականացնելու կամքի առկայությունն է: Այն բանի գիտակցումը, որ առանց քաղաքական մշակույթի վերափոխման մենք կմնանք անվերջանալի ճգնաժամի եւ անկասելի նահանջի մեջ: