- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Իշխանության երկվությունը

aknark [1]Հայ ժողովրդին իշխանությունների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին, Երեւանի ավագանու կայացրած որոշումը: Միկոյանի կերպարը, կարծես թե, մութ կողմեր չունի՝ մանավանդ խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշված ժամանակներում Միկոյանի կերպարը ռուսերեն բնորոշում ուներ, որ հայերեն հնչում է Իլյիչից-Իլյիչ: Այս ոչ առանց հեգնանքի արված արտահայտությամբ նկատի էր առնվում, որ Միկոյանը կարողացավ կոմունիստական վերնախավի մեջ լինել Վլադիմիր Իլյիչ Լենինի օրերից մինչեւ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի օրերը: Հիրավի այդքան դիմանալու համար առանձնահատուկ տաղանդ էր անհրաժեշտ՝ մի համակարգում, որն իրենից ներկայացնում էր ինքնախժռման արյունոտ մեքենա: Մեքենա, որն ստեղծում էր կուռքեր եւ ապա ոչնչացնում էր նրանց՝ սկսած գլխավոր առաջնորդներից՝ (Լենին, Տրոցկի, Ստալին եւ բազմաթիվ այլ անուններ) իր գոյության մղձավանջային ողջ տարիների ընթացքում: Առնվազն երկու դեպք հայտնի է, երբ Միկոյանը դավաճանեց զինակից առաջնորդներին եւ հայտնվեց նրանց տապալող դավադիրների թիմում: Առաջինը «անցումն էր» Ստալինի թիմից Խրուշչովի թիմ եւ երկրորդը՝ Խրուշչովի տապալումն ու հայտնվելը Բրեժնեւի թիմում: Ընդ որում, ըստ նույն Միկոյանի հուշերի, տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքը սարսափի գիշերներ են անցկացրել, սպասելով թե ահա չեկայի «Черный ворон-ը» «Սեւ ագռավ» կոչված մեքենան կգա իրենց ետեւից:

Ինչպես բնորոշվում է Խրուչովին նվիրված Ռուսական մի ֆիլմում Միկոյանը կարողանում էր առանց թրջվելու անցնել անձրեւի կաթիլների արանքով: Գուցե սա գեղարվեստական համեմատություն է, սակայն անվիճելի է նաեւ, որ ինքնախժռման մեքենայի բոլոր ատամնանիվների միջով անվնաս անցնելու համար որոշակի հատկություններով պետք է օժտված լինեիր:

Ռուսական փաստագրական մեկ այլ ֆիլմում, որպես այդ երակարակեցության գաղտնիք բերվում է հենց այն փաստը, որ Ստալինը համոզվելու համար, թե արդյոք «Անաստաս Իվանովիչը» վստահելի է՝ մանավանդ ազգային պատկանելության հետ կապված, 37 թվականին գործուղում է նրան Հայաստան, հակախորհրդային տարրերի հայտնաբերման եւ ցուցակագրման գործը վերահսկելու նպատակով: Եւ ինչպես նույն ֆիլմում ներկայաված եզրակացությունն է. Միկոյանը արժանացավ Ստալինի լիակատար վստահությանը:

Ի դեպ Անաստաս Միկոյանի կերպարը բացահայտելու համար դրսում փաստեր փնտրելու կարիք չկա, բավարար է ընթերցել հենց նրա ձեռքով գրված «Պայքարի Ուղիով» «Երեւան, Հայաստան Հրատարակչություն, 1972թ.» հուշերի գիրքը:

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ հայ հանրությանը համակած հուզումը սոսկ ինչ-որ անձի արձանի տեղադրման նախաձեռնությանը չի վերաբերում, այլ փաստի խորքում մարդիկ տեսնում են շատ ավելի ընդգրկուն երեւույթ:

Եւ կարծում եմ մարդիկ չեն սխալվում:

Այն ինչ իշխանություններն այսօր ցանկանում են անել, ըստ էության բխում է հոգեբանական այն երկվությունից, որ գոյություն ունի իրենց մեջ:

Հոգեբանական այդ երկվությունը պատկերավոր բնորոշելու համար ներկայացնեմ մի դիպուկ օրինակ: Տարիներ շարունակ իշխանական կուսակցության հռչակած գաղափարախոսի՝ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է ոչ անհայտ հայ բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանը: Տարիներ շարունակ հանդուրժելով այս անհեթեթությունը իշխանությունը չի համարձակվում, հիմքեր ունեմ ասելու, որ «Չի համարձակվում» Ոչ Նժդեհի անունը զատել հրապարակից, որի վրա իշխում է այլ անձի արձանը, եւ ոչ էլ «հեռացնել» Սպանդարյանին: Հոգեբանական այս երկվությունը ավելիի մասին է վկայում, քան կարող է ներկայացնել նժդեհա-հայրենասիրական ցանկացած հռետորաբանություն:

Ուզում եմ հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք անկախ ազատ ու ազգային պետություն է Հայաստանի Հանրապետությունը: Եթե իսկապես այդպես է, ապա երկրի կառավարիչներն ինչպե՞ս են կարողացել անգոյության 900 տարիներից հետո ստեղծված առաջին հանրապետության կառավարության շենքը արտաքինից ձեւախեղել , իսկ ներսի կողմից փոխել ամբողջովին եւ վերածել «պիցցայանոցի»:

Հավատում եք արդյո՞ք, որ նման բան կարող էր տեղի ունենալ որեւէ այլ երկրում: Եթե էությամբ ու բովանդակությամբ ազգային պետություն է ՀՀ-ն, ապա ինչո՞ւ են անկախության օրվա յուրաքանչյուր տարեդարձի, հայտնի ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունները, խոսքները մեկ արած, ցուցադրում Առաջին Հանրապետությունն ու նրա կերտողներին «Այդ թվում Նժդեհին» վարկաբեկող սովետական ֆիլմերը: Երեւի շատերը կզարմանան իմանալով, որ մինչ այսօր նույն այս լրատվամիջոցները կամ չեն հեռարձակում ազգային-հեղափոխական այն երգերը, որոնցում հնչում է առաջին հանրապետության առաջամարտիկ կուսակցության անունը եւ կամ հեռարձակում են երգերի այն տարբերակները, որոնցից նախապես այդ անունը հանվել է:

Ուզում եմ խոսել եւս մեկ փաստի մասին, որի վկան եմ եղել մի քանի տարի առաջ: Հերթական տարելիցին, Արամ Մանուկյանի շիրիմին այցելությունից հետո, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց որոշ մարդկանց խորհուրդ հարցնելով, թե ինչ կարելի է անել Արամի հիշատակը հավերժացնելու համար: Որպեսզի կարճ ժամանակում ինչ-որ բան արվեր՝ ավելի լուրջ եւ արժանի գործը թողնելով ապագային, առաջարկվեց արդեն պատրաստի մի կիսանդրի տեղադրել Երեւանի որեւէ վայրում:

Առաջարկը հավանության արժանացավ եւ շատ ժամանակ չանցած Արամ Մանուկյանի այս կիսանդրին տեղադրվեց Հայաստանի Հանրապետության Ոստիկանության շենքի մուտքի առջեւ: Այս գործընթացի ժամանակ, սակայն ծագեց մի «մանրուք»: Ի՞նչ գրել կիսանդրու պատվանդանին: Օրվա ոստիկանապետերը ցանկանում էին հիշատակել միայն Արամ Մանուկյանի առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարար լինելու փաստը: Կիսանդրու պատվիրատուն պնդում էր, որ այդ արձանագրումը ոչ միայն կիսատ կլինի, այլեւ կարող է աղճատել Արամի ընդհանրական կերպարը: Չէ, որ Արամը, լինելով գլխավոր գործող անձանցից մեկը, լավագույն խորհրդանիշն է անկախության ու պետականության հիմնադրման:

Գաղտնիք չէ, որ ժողովուրդը հենց այդպես էլ ազգային մեծ գործչին ընկալել է դեռ կենդանության օրոք եւ ընկալում է՝ ցայսօր: Ոստիկանության օրվա ղեկավարները, գուցե եւ իրենցից վեր ինչ-որ անձինք (տեղյակ չենք եւ մեղք չգործենք) ոչ մի կերպ չէին համաձայնվում համապատասխան նշում կատարել հուշաքարի վրա: Ի վերջո գլուխներն ազատեցին հրաժարվելով որեւէ բան փորագրել՝ անուն-ազգանունից բացի: Ահա այսպիսի մեկ կիսանդրիով մենք հարգում ենք հիշատակը մեր պետականության կերտման գործի գլխավոր դերակատարի:

Հետաքրքիր է, եթե առաջարկ արվի (նման առաջարկներ ի դեպ եղել են տարբեր տարիների) Արամին արժանի հուշարձան կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնական վայրերից մեկում՝ օրինակ հենց իր անունը կրող փողոցի վրա, իշխանությունը նույնպիսի՞ համառություն կդրսեւորի, ինչպիսին դրսեւորում է կոմունիստական գործիչ Միկոյանի արձանի տեղադրման առիթով:

Թեեւ մասնավորապես Արամի դեպքում խոսքը գործչի մասին է ով պատկանում է ողջ հայությանը, սակայն վախենամ վերջին դատողություններիս կուսակցական շահեր հետապնդելու որակում տրվի, այդ պատճառով բերեմ այլ օրինակներ:

Ազգային էությամբ իշխանությունները, անկախացումից հետո հավանաբար անհրաժեշտ պիտի համարեին պատմական շրջադարձային ժամանակահատվածի հոգեւոր ու մշակութային արժեքները, որոնք յոթ փակի տակ էին կոմունիստների օրոք, վերադարձնել իրենց տիրոջը՝ հայրենի ժողովրդին: Նրան վերադարձնելու այն անունները, որոնք հանրահայտ եղան սփյուռքում, բայց երկաթե վարագույրներից դուրս մնացին նախ եւ առաջ խոր ազգային, դիմագիծ ունենալու պատճառով:

Առաջարկում եմ մտածել, արդյո՞ք հայաստանաբնակ հայության մտքի ու հոգու սեփականությունն են այսօր դարձել Հակոբ Օշականը, Լեւոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը, Գաբրիել Լազյանը, Միքայել Վարանդյանը, Վահան Նավասարդյանը, Շավարշ Նարդունին, Վազգեն Շուշանյանը եւ շատ-շատ ուրիշներ:

Երեւույթն ինչի՞ արդյունք է՝ անփութության, թե՞ որոշակի հոգեբանության:

Եթե ավելի լայն բացենք ընդհանրացումների կարկինը, ապա հիշյալ հոգեբանությունը կտեսնենք Հայաստանում բազմակուսակցական համակարգի արժեզրկման եւ կուսակցական մենաշնորհի հաստատման, ամենաճշմարիտը լինելու եւ իշխանությունը տեսանելի հեռանկարում չզիջելու հավակնության, կռապաշտությունը մերժող Նժդեհց ու կենդանի «առաջնորդներից» նոր կուռքեր ստեղծելու եւ նման այլ մտայնությունների դրսեւորման մեջ:

Մտովի անցնելով շարադրված փաստերի տրամաբանական շղթայով միանգամայն հասկանալի եւ օրինաչափ է դառնում, թե ինչո՞ւ է ծագում միկոյանների կոմունիստական գաղութատիրությունից ազատագրված երկրում սպանդարյանների, միկոյանների արձաններ ունենալու բաղձանքը:

Մյուս կողմից ժողովուրդը բնազդով զգում է, թե ինչ վտանգավոր նոր օղակներ կարող է ունենալ մտայնությունների տվյալ շղթան, որոշակի շարունակականության մեջ:

Այո, չպետք է թույլ տալ, որ Հայաստանում վերակենդանանան չարիքի կուռքերը:

Ուզում եմ հավատալ, որ ի վերջո նման եզրակացության կհանգեն նաեւ իշխանավորները, եւ դրանով միաժամանակ կհաղթահարեն իրենց ներքին երկվությունը:

Արտաշես Շահբազյան