- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Գերակշռող փաստարկի ուժով

khmbagrakan [1]Տարբեր առիթներով ասվել էր, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի բռնկումը շատ հավանական չէ, բայց եւ ամբողջովին բացառել դրա հնարավորությունը՝ նույնպես իրատեսական չէ: Հնարավոր պատերազմի հավանականությունը մեծացնում էին հատկապես մի քանի գործոններ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկա ղեկավարը հոր համեմատ լինելով անիրատես ու արկածախնդիր Ղարաբաղի «ազատագրման» մոլուցքի եւ հակահայկական ջղագարության մթնոլորտում մշտապես փորձել շեղել հասարակության ուշադրությունը այն իրողությունից, թե ինչպես են իր, իր հարազատների եւ մերձավորների կլանները թալանում երկիրը: Ռազմական ագրեսիվ հռետորաբանությունը, սակայն ծիծաղելի վիճակի մեջ է դնում իր հեղինակին, եթե անվերջ կրկնվելով այդպես էլ գործնական դրսեւորում չի գտնում: Մյուս կողմից Ադրբեջանի առաջնորդը, սոցիալապես ոչ ներդաշնակ զարգացող իր երկիրը առանց չափ ու սահմանի սպառազինելով, ի վերջո մի օր պետք է փաստի, որ անիմաստ գործով չի զբաղված եւ առկա են նոր, հաղթական պատերազմ սանձազերծելու նախադրյալները:

Մանկության տարիներից ըստ պահանջի ապրած եւ պատերազմի արհավիրքը չզգացած, խորհրդային բարձրագույն նոմենկլատուրայի ներկայացուցչի զավակին պակաս չի ոգեւորում այն, որ տարբեր պետությունների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունները ի վերջո բոլոր տեսակի ռազմական սադրանքների համար կոնկրետ մեղադրանքներ չեն ներկայացնում իրեն, այլ բավարարվում են ընդհանուր եւ պատասխանատվություն չպահանջող հայտարարություններով:

Նա տեսնում է նաեւ, որ իր բռնապետական պահվածքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումների հանդեպ եւս արեւմուտքը պատրաստ չէ այնպիսի հակադարձող քայլերի, որոնք կարող էին խախտել հարեւան-թշնամի երկրների նկատմամբ որդեգրված հավասարեցման քաղաքականությունը, եւ իհարկե փչացնել նավթով ու գազով հարուստ երկրի հետ հարաբերությունները: Այս հանգամանքները Ալիեւ կրտսերի ձեռքերն ազատել են, երկրի ներսում ու սահմանների վրա անել այն ինչն քեֆն ուզում է եւ ավելին՝ Եւրախորհրդի ամբիոնից հոխորտալ եւրոպացիների վրա, ովքեր փորձեցին կիսաձայն քննադատել նրան:

Ալիեւը առիթը չկորցնելով մշտապես մեղադրել է միջազգային ուժերին պատճառաբանելով, թե իբր ղարաբաղյան խնդրի չկարգավորվածությունը, չի թույլատրում առավել ժողովրդավարացնել իր երկիրը եւ ստիպում է ամուր բռունցքի մեջ պահել երկրի ներքին կարգու կանոնը: Պատահական չէ, որ իր քաղաքականությանը դեմ հանդես եկողներին Ալիեւը գերադասում է մեկուսացնել, որպես Հայաստանի օգտին գործող լրտեսների:

Չի կարելի բացառել նաեւ այն վարկածը, որ հոգեպես անհավասարակշիռ իր հարեւան ու բարեկամ նախկին գործընկերոջ օրինակով Ալիեւը փորձում է օգտվել խառնակ ժամանակներից հուսալով, որ կկարողանա կայծակնային հարվածով բոլորին կանգնեցնել կատարված փաստի առջեւ:

Սրանով հանդերձ լավ ծանրութեթեւ անելով, որ մեծ պատերազմը կարող է հանգեցնել իր անսասան թվացող իշխանության մայրամուտին, նա փորձում է մանր եւ տեղային հաղթանակներով իրագործել թշնամուն «ջախջախելու» հոխորտանքը: Եթե նաեւ բախտը հնարավորություն ընձեռի «փոքր հաղթանակների» ծավալը հնարավորինս ընդլայնել, իհարկե դրանից կարելի կդառնա բազմապատիկ մեծ քաղաքական օգուտներ քաղել:

Մյուս կողմից ռազմատնտեսական գերազանցության դիրքերից արվող շանտաժը որոշակի ճնշում է արտաքին շահագրգիռ ուժերին նկատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկալի տարբերակ թելադրելու համար:

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ բռնապետերին արջի ծառայություն է մատուցում իր շրջապատը, որը նրա ամեն քայլն ու մտահղացումը գնահատում է որպես հանճարեղ ու անքքնելի: Այդպես ժամանակին նաեւ Հիտլերի շրջապատն էր ֆյուրերին հավաստիացնում, որ ռուսաստանի դեմ կայծակնային պատերազմը հաղթանակով կպսակվի ոչ ավելի քան 7շաբաթից: Իսկ ո՞վ կհամարձակվեր այլ տեսակետ հայտնել: Հիմա պատկերացնենք նաեւ Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի վիճակը, որն ապացուցելու բան ունի, ինչպես եւ հաղթանակների ծարավ առաջնորդին ապացուցելու բան ունի զինվորական ներկա ողջ ղեկավարությունը:

Չափազանցությունների մեջ ընկնելուց զգուշանալով այնուամենայնիվ կարելի է ասել, որ վերջին շաբաթներին սահմանային գոտում տեղի ունեցածը անուրջների խորտակում էր նշանակում Ադրբեջանի ղեկավարության համար:

Այսօր արդեն, որպես ճնշման միջոց եւ կամքի պարտադրանք, հնարավոր չէ վկայակոչել ադրբեջանական մարտունակ բանակն ու վերջինիս գերսպառազինվածությունը:

Տեղի ունեցավ ուղիղ հակառակը. հայկական կողմը փաստեց, որ.

ա) Հայաստանի եւ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական եւ ռազմական հնարավորությունների հարաբերակցությունը գործոն չեն հակամարտող երեք երկրների միջեւ ձեւավորված կացությունը փոխելու համար,

բ) ձեւավորված իրողությունները հնարավոր չէ փոխել ուժային ճանապարհով եւ նման սպառնալիքները անիմաստ են,

գ) իրավիճակի հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Ադրբեջանի համար ( մեծաքանակ զոհեր, նոր տարածքների կորուստ, հակամարտության գոտու կես միլիոնից ավելի դաշտավայրային բնակչության տեղահանություն): Ինչն իր հերթին, սոցիալական ու քաղաքական պայթյուն կարող է առաջ բերել հենց Բաքվում:

Կացությունը ինչ որ չափով կարելի է համեմատել 94 թվականի մայիսյան զինադադարի նախօրյակի հետ:

Ստեղծված կացության մեջ հայկական կողմը այսուհետ պետք է լինի ակտիվ եւ իր մոտեցումները պարտադրող: Անհրաժեշտ է ձգտել ճակատում ձեռք բերված հաջողությունները համարժեքորեն ամրագրել քաղաքական-դիվանագիտական ոլորտում:

Ասվածը նախ եւ առաջ վերաբերում է քաղաքական-քարոզչական ոլորտին: Արդեն իսկ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է վերջին շրջանի բախումները հրահրելու մեջ: Գաղտնիք չէ, որ նրանք ունեն նախաձեռնողական գործելաոճ եւ այժմ քաղաքական ու քարոզչական մակարդակներով հարկ է ակտիվորեն տարածել հայկական տեսակետը:

Որքան էլ, որ միջազգային հանրությունը խուսափում է Ղարաբաղյան խնդրի թեժացման հարցում մատնանշել կոնկրետ մեղավորների, այլեւս անընդունելի պետք է համարել հավասարեցման քաղաքականությունը, ինչը ձերբազատում է հետագա գործողությունների համար պատասխանատու լինելու մտահոգություններից:

Եկել է պահը, երբ քննության նյութ պետք է դառնա բանակցությունների հետագա շարունակման նպատակահարմարությունը: Կարելի՞ է իմաստ տեսնել այն բանակցությունների մեջ, որոնց ժամանակ կողմերից մեկը հանդես է գալիս միայն առավելագույն պահանջներով, եւ բանակցությունների ավարտից անմիջապես հետո կազմակերպում է հերթական սադրանքները սահմանի վրա:

Իհարկե հասկանալի է, որ բանակցությունների ձախողումը կարող է նախանշել պատերազմի սկիզբը, բայց միայն հայկական կողմը չէ, որ պետք է ունենա այդ մտահոգությունը:

Սահմանային չդադարող բախումները ամենաակնհայտ փաստարկն են, որ դրանց սահմանափակումը եւ հետագա առավել ընդլայնումը կանխող կարեւորագույն գործոն է երկու կողմերի միջեւ շփման գծի կրճատումը եւ չեզոք գոտու գոյությունը: Ադրբեջանի գործողությունները՝ սկսած Ռամիլ Սաֆարովի արարքից ու բազմաթիվ սամանամերձ բնակավայրերի պարզ գյուղացիների գերեվարումից ու կտտանքների ենթարկելուց եւ ավարտած սահմանային եւ դիվերսիոն գործողություններով ապացուցում են, որ խաղաղ ապագայի համար ոչ թե պետք է վերացվի գոյություն ունեցող չեզոք գոտին, այլ ավելի ամրապնդվի:

Ժամանակն է հրաժարվելու Մադրիդյան հնացած սկզբունքներից եւ բանակցությունների ու փոխզիջումների հիմք ընդունել առկա իրողությունները:
Անհեթեթ է թվում մտածելը, որ մշտական լուծումների կարելի է հանգել խախտելով արդեն քսան տարի փխրուն խաղաղությունը հավասարակշռող գործոնները:
Միջնորդների մասնակցությամբ բանակցությունների ժամանակ անհրաժեշտ է պնդել ռազմական ուժ չկիրառելու մասին նոր պայմանագիր կնքելու պահանջը:

Պայմանագիր, որի մանրամասների մեջ կամրագրվեն նաեւ վերահսկման եւ պատասխանատվության որոշակի մեխանիզմներ (վերջին պահանջի տակ չպետք է հասկանալ խաղաղապահների ներգրավումը, ինչը բացարձակապես անընդունելի պետք է լինի հայկական կողմի համար):

Անհրաժեշտ է վերականգնել հակամարտության ուղղակի եւ գլխավոր մասնակից կողմ հանդիսացող Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Այս պահանջը նույնպես պետք է առաջադրի եւ հետապնդի հայկական կողմը:

Կարելի է մտածել, որ ներկայացված առաջարկները վերջին փոքր հաղթանակների առաջացրած խանդավառության անիրատեսական պտուղներ են եւ առարկել ասելով օրինակ, թե ռազմական գործողությունները կարող են առավել թեժանալ հենց Սոչիի բանակցություններից հետո: Դժվար է թե՛ ժխտելը եւ թե՛ հաստատելը:

Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մշտապես փորձել է իր պայմանները թելադրել հենց ճնշման ճանապարհով, լինի դա ռազմական, քաղաքական թե՝ քարոզչական միջոցներով:

Մենք պետք է անենք ավելին եւ պահանջենք ավելին: Դրա համար հայկական կողմը այսօրվա դրությամբ ունի երկու գերակշռող փաստարկ՝ արդարացի եւ հաղթող կողմ լինելու հանգամանքները: