- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Ցավակցագրեր եւ ցավակցական խոսք Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ

4797381422964274 [1]

28 դեկտեմբեր 2015

«Վահանը վառ անձնավորությունն էր եւ չէր ձգտում վառվռուն երեւալ»

Մեկ տարի է արդեն, ինչ Վահան Հովհաննիսյան մարդը, քաղաքական գործիչը, դաշնակցականը մեզ հետ չէ, եւ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով, այս ընթացքում իհարկե, զգացվել է Վահանի՝ որպես քաղաքական գործչի պակասը, բայց, շատ հաճախ հիշել են դաշնակցական գործչին՝ որպես մարդ-անհատականությանը։ «Նա մինչեւ վերջին պահն էլ ծիծաղեց մահվան դեմքին»,- ասում է Աննան։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը հաստատում է. «Բոլոր փորձերը՝ խոսել հիվանդության մասին, ընդհատում էր, պահում էր իրեն այնպես, ասես ոչիչն չէր պատահել։ Ինձ ասաց, թե դու չգիտես՝ մահն ինչ է, ես արդեն ոչ մի ընկճվածություն չունեմ։ Մինչեւ մահը գրում էր, այսինքն զգում էր, որ կյանքը շարունակվում է»։

Պատգամավոր Մանվել Բադեյանին հաճախ կարելի էր տեսնել Վահան Հովհաննիսյանի խորհրդարանական աշխատասենյակում։ Քաղաքական տարբեր հայացքներ ունեին, բայց դա չխանգարեց ընկերային ջերմ հարաբերություններին։ «Վահանի մահն իմ անձնական կորուստն էր։ Նա տեսակ էր, երեւույթ, որը համախմբում էր իր մեջ մեր սերունդի մարդկանց։ Ունենալով ընդգծված դաշնակցական հայացքներ՝ նորմալ էր վերաբերում աջ գաղափարախոսությանը։ Հանրագիտարանային գիտելիքի տեր էր, բայց երբեք չէր ներկայանցում դա ինչպես նվաճում»,- ասում է Բադեյանը։ Անսահման հումորի տեր մարդ էր. հավելում է Հովհաննիսյանի ընկերը, գզացվում է նրա պակասը տարբեր առումներով։ «Ամեն առիթով եմ զգում նրա խոսքի պակասը, ոչ միայն քաղաքական անցուդարձի մեջ, այլ՝ ցանկացած միջավայրում։ Վահանը վառ անձնավորությունն էր եւ չէր ձգտում վառվռուն երեւալ»,- նշում է Բադեյանը։

Աշխատանքի բերումով տարիներ շարունակ Վահան Հովհաննիսյանին ճանաչող լրագրող Աննա Իսրայելյանը բազմաթիվ հետաքրքիր, յուրօրինակ պատմություններ կարող է պատմել, սակայն վերհիշեց մի պատմություն, որ շատ տպավորիչ է եղել իր համար։ «Նոր ընտրվել էր Ազգային ժողովի փոխնախագահ։ ԱԱԾ-ի պետն այն խմբի ղեկավարն էր, որ կայացրել է 31-ի գործով որոշումը։ Մոտեցավ, սեղմեց ձեռքը, շնորհավորեց։ Լավ տրամադրություն էր, նաեւ այդ պահը տեսախցիկներն էին նկարում։ ԱԱԾ-ի պետն ասաց, թե Վահան՝ նկարում են։ Վահանն էլ ի պատասխան, թե ես գիտեմ, որտեղ են տեսախցիկները եւ ուղիղ նայում են նրանց աչքերի մեջ»։ 2015 թվականի մայիսին տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի հրապարակախություններն ամփոփող «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» խորագրով գրքի շնորհանդեսը։

Հոդվածներից մեկում Վահան Հովհաննիսյանը գրել էր. դաշնակցական գործչի որդին՝ Հայկը, նկատեց, որ հայրը մահանալուց առաջ ամեն ինչ արեց՝ իր բոլոր պատգամները մարդկանց հասցնելու համար. նա գրում էր այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներդրում ունենա երկրի զարգացման գործում։ Սա էր նրա կոչը։ «Ես միշտ էլ գիտեի, որ նա հայրենասեր է, բայց կյանքի վերջի տարիներին համոզվեցի, որ նա հստակ առաքելություն ուներ` հոգ տանել հայրենիքի մասին»: 2013 թվականի ավարտին լույս տեսավ նաեւ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» ինտելեկտուալ-դետեկտիվ վեպը, որն այսօր արդեն հրապարակվել է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի շրջանակում «Մանդիլիոնն» արժանացավ հատուկ մրցանակի:

ՎԱՀԱՆԸ. Պարույր Սանթրոսյան

15 Օգոստոսի 2015,

Օգոստոսի 16-ին Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան: yerkir.am -ը շարունակաբար հրապարակում է Պարույր Սանթրոսյանի հուշերը, որ գրվել է Վահանի հիշատակին:

ՆԱԽԱԲԱՆ

Ես չգիտեմ, թե իմ կյանքն ինչպես կդասավորվեր, եթե 22 տարեկանում չհանդիպեի Վահան Հովհաննիսյանին։ Չէ, մի բան հաստատ կդառնայի, ասենք` վաճառական կամ գուցե լավ չինովնիկ։ Բայց որ այլ տեսակ կլինեի, այլ կերպ կապրեի ու կմտածեի, դրանում համոզված եմ։ Իսկ արդյո՞ք դա ինձ պետք էր։ Դե, անշառ, գլուխս շառի տակ չդնելու ու տաքուկ ապրելու իմաստով, երևի` այո։ Բայց այնպիսին, ինչպիսին ինձ ճանաչում եք, գուցե նաև սիրում կամ հարգում, որոշ դեպքերում` ատում, հաստատ չէի լինի։

Հուշերը գրում են օր ծերության, երբ փորձում են իրենցից հետո ինչ-որ բան թողնել սերունդներին։ Այդքան դեռ չեմ ծերացել։ Օրը կգա, գուցե գրեմ թոռներիս համար։ Բայց Աստծուց առաջ չընկնենք։ Այս պատմություններն իմ մասին չեն։ Սրանք հիշողություններ են Վահան Հովհաննիսյանի մասին, ընկեր Վահանի…, Վահանի։

Հիշելու շատ բան կա։ Բաներ կան, որ թղթին ու հանրության դատին չես հանձնի։ Դեռ դրա ժամանակը չի եկել։ Բայց կան էպիզոդներ, որ կօգնեն ընթերցողին հասկանալ Վահանի տեսակն ու մեծությունը։ Վստահաբար, կան մարդիկ, ովքեր ինձնից ավելի շատ բան գիտեն նրա մասին ու շատ ավելի լավ կգրեն։ Քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մասին թող խոսեն քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, Ազատամարտի մասնակից Վահան Հովհաննիսյանի մասին՝ նրա մարտական ընկերները, հնագետ Վահանի մասին՝ պատմաբանները։ Ես կգրեմ իմ բաժինը։ Գուցե մեկին պետք գա։ Գուցե մեկը մի օր հավաքի բոլորի գրածները, խմբավորի ու հրատարակի։ Ու սա անելու եմ ոչ թե, որովհետև պատիվ ու երջանկություն եմ ունեցել նրա հետ երկար աշխատելու ու նաև ընկերը լինելու, ես ուզում եմ, որ իմ էրեխեքն իմանան, որ այսպիսի մարդ է եղել, ու որ եթե այսօր իրենք դեռ խաղաղ ապրում են Հայաստան աշխարհում, դրանում իրենց հոր ավագ ընկերն ահագին դերակատարություն է ունեցել։

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

1991-ին մորիցս թաքուն դիմում գրեցի` Դաշնակցությանն անդամագրվելու համար։ Մայրս վախ ուներ ու որոշակի վերապահումներ, քանի որ դեռ խորհրդային տարիներին նրա ղաչաղ հորեղբայր Թոռնիկին, ով նույնպես դաշնակցական էր, աքսորել էին Սիբիր։ Բայց Թոռնիկը պինդ տղա էր ու աքսորավայրից վերադարձել էր, ընտանիք կազմել ու արդեն ծոռներ ուներ: Վեց ամիս փորձաշրջան անցնելուց հետո` 1992-ի մայիսի 28-ին, վերջապես երդում տվեցի ու դարձա ՀՅԴ անդամ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմում։ Նույն ամռանն էլ մի խումբ տղերքի, որոնց թվում նաև ես էի, հանձնարարվեց մեկ ամիս շարունակ շրջել Արևմտյան Ամերիկայից Հայաստան ժամանած` Համազգային հայ կրթական և մշակութային միության երգչախմբի և պարախմբի պատվիրակության հետ, որի կազմում հիմնականում անչափահաս ամերիկահայ երեխաներ էին։ Երևի հանձնարարությունը վատ չկատարեցի։ Ու արդեն ձմռանն առաջարկեցին շատ պատասխանատու կուսակցական աշխատանք. ինձ վիճակված էր դառնալ ՀՅԴ Բյուրոյի Երևանի գրասենյակի գործավարը։ Դաշնակցության գրասենյակներում գործավարը գործերի կառավարիչն էր, գրասենյակի պատասխանատուն, որը զբաղվում էր ամեն ինչով, բացառությամբ ֆինանսական հարցերի։ Իմ գործառույթների մեջ մտնում էր նաև ամենակարևոր գործը՝ Բյուրոյի նիստերի արձանագրությունների կազմումը: Նիստերի ընթացքում քննարկվում էին բոլոր կուսակցական ու քաղաքական հարցերը։ Այդ տարիներին ինձ բախտ վիճակվեց անձամբ ծանոթանալ ժամանակի դաշնակցական կարկառուն գործիչների հետ՝ Հրայր Մարուխյան, Հրաչ Տասնապետյան, Երվանդ Մոնոֆարյան և ուրիշներ։ 1993-ի հունվարին «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագրության մի փոքրիկ սենյակից ՀՅԴ Բյուրոյի գրասենյակը տեղափոխվեց Սարյանի արձանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի վերջին հարկը, որտեղ էլ տեղի ունեցավ իմ առաջին հանդիպումը Վահան Հովհաննիսյանի հետ։ Գրասենյակն արդեն ձևավորված էր, բայց Վահանը գործուղման մեջ էր։ Այնքան բան էի նրա մասին լսել, որ չգիտեի, թե մեր առաջին հանդիպմանը ինձ ինչպես պիտի պահեմ։ Վերջապես Վահանը վերադարձավ գործուղումից ու եկավ գրասենյակ։ Վահանին ինձ ներկայացրեց տղերքից մեկը, ով նույնպես գրասենյակի աշխատակից էր ու Վահանին վաղուց էր ճանաչում։ «Պարույրն ինքն ա, կարգին տղա ա» ,- բառացի ասաց նա։ Իմ ահուդողը միանգամից անցավ, երբ Վահանը մեկնեց ձեռքն ու, ժպիտը դեմքին, ասաց. «Բարով եկար, ընկե՛ր»։ Ղեկավարի հետ առաջին հանդիպումը բոլորովին այլ կերպ էի պատկերացնում` մի տեսակ պաշտոնական։ Իսկ Վահանն իր ջինսե տաբատով, հաստ սվիտրով և ծխած` ամերիկյան Lucky Strike սիգարետով պարզ էր ու անմիջական։

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

1993-ի ձմեռն էր… Օրներս բացվում էր գրասենյակում ու ավարտվում այնտեղ։ Տներում լույս չկար ու ցուրտ էր։ Իսկ գրասենյակը հա՛մ վառարան ուներ, հա՛մ դվիժոկ։ Էլ չեմ ասում համակարգիչների մասին։ Համակարգչով աշխատել սովորելու ընթացքում երկու անգամ ամբողջ ծրագիրը ջնջեցի ու արարքս ստորաբար գցեցի դվիժոկի փոփոխական հոսանքի վրա։ Ու հեչ պատահական չէ, որ մինչ օրս Armenian Typewriter ստեղնաշարով եմ աշխատում։ Անցած դարի սերունդ եմ, ներողամիտ եղեք։ Ու այնպես ստացվեց, որ համակարգչային «փայլուն» գիտելիքներս պետք եկան նաև 1999-ին։ Ազգային ժողովի parliament.am կայքում Վահանի էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը միասին ընտրեցինք։ Գրեց թղթին ու հաջորդ օրը կորցրեց թղթի այդ կտորը։ Բարեբախտաբար, ես մտապահել էի գաղտնաբառը, ու Վահանը որոշեց, որ իր էլեկտրոնային փոստարկղը ես եմ ստուգելու։ Ինքը «զահլա» ու ժամանակ չուներ։ Ու ամեն առավոտ իմ գործը Վահանի էլեկտրոնային փոստարկղը բացելն էր, ստացված նամակների մասին նրան տեղեկացնելը…

Անհատակ հիշողություն ունենալով հանդերձ` կարողանում էր իր համար անկարևոր բաներով ուղեղը չծանրաբեռնել։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետո Վահանը վերջապես մտապահեց իր գաղտնաբառը, ու գործս թեթևացավ…

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

1993-ին ծանր վիրավորվեց «Արաբո»-ի Ճուտը՝ Արթուր Օվչյանը, ով վարում էր Վահանին կցված «Նիվա» մակնիշի կիսաքանդ մեքենան, ու ես, մի կարգին վարել չիմանալով, ինձ վրա վերցրեցի էդ պարտականությունը, հատկապես, որ օրը մի քանի անգամ Արթուրի մոտ հիվանդանոց գնալու անհրաժեշտություն կար։ Անկեղծ ասած, իմ այս էնտուզիազմը երկու հանգամանքով էր պայմանավորված. առաջինը՝ Ճուտն իմ ընկերն էր, երկրորդը գրասենյակային` երբեմն միօրինակ կյանքից փախչելու ու ամբողջ օրը Վահանի հետ լինելու բուռն ցանկությունն էր։ Փորձում էի Վահանից հնարավորինս հմտորեն թաքցնել վատ վարորդ լինելուս հանգամանքը, բայց քանի որ նա ընդհանրապես մեքենայից գլուխ չէր հանում (էդ հետո էր, որ Մորուք Հովոն Վահանին քիչ թե շատ մեքենա վարել պիտի սովորեցներ), սխալներս ու ստեղծածս վթարային իրավիճակները աննկատ էին մնում։

Այդ ժամանակ էր, որ ծանոթացա նաև Վահանի ընտանիքի անդամների` մոր՝ տիկին Սյուվայի, կնոջ՝ տիկին Լաուրայի ու էն ժամանակ դեռ շատ փոքր զավակների՝ Հայկի ու Աննայի հետ։ Հորը` ժամանակի մեծ հայրենասերներից մեկին` Էդվարդ Հովհաննիսյանին, ավելի ուշ պիտի հանդիպեի, երբ օրվա իշխանությունները կհեռանային, ու նա հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենար։ Դե, իսկ մի օր էլ մանկության ընկերներին այցելելու ժամանակն էր։ Ընկերներից երկուսին՝ դիմածնոտային ճանաչված վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանին՝ Գրիշին, ու տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին հիմա էլ եմ ժամանակ առ ժամանակ հանդիպում։ Բնականաբար, խոսակցության հիմնական թեման Վահանն է։ Ինչքա՜ն կարոտ կա աշխարհ տեսած ու իրենց լավագույն ընկերոջը կորցրած էս մարդկանց աչքերում։ Վահանի երրորդ ընկերոջը, ով մահացել էր երիտասարդ տարիքում, և որին Յոժ էին ասում (Սերգեյ Օհանջանյան), չեմ ճանաչել։ Բայց Վահանն ինձ պատմեց նրա մասին, երբ միասին գնացինք Յոժի գերեզմանին։ Ասում էր, որ յուրահատուկ մարդ է եղել։

15 օր տևեց իմ երանությունը։ Ղեկավարությունը տղերքից մեկին հանձնեց մեքենան, իսկ ինձ հետ կանչեց գրասենյակ։ Այդ 15 օրում ես արդեն կարգին մեքենա վարել էի սովորել։ Բայց կարևորն ուրիշ բան էր։ Այդ 15 օրում Վահանն ինձ մի լավ տնտղեց։ 15 օրն էն փորձությունն էր, որ ես անցա Վահանի հետ իմ հետագա հարաբերությունները կառուցելու ճանապարհին։ Այդ օրերին էր, որ Վահանն ինձ կնքեց ՊարՅուր անունով…

ԱՂԴԱՄ

Դուք երբևէ տեսե՞լ եք Վահան Հովհաննիսյանին` սափրված։ Նրանք, ովքեր բախտ են ունեցել, կհաստատեն, որ սափրված Վահանը լրիվ այլ մարդ էր։ Չէ, խոսքն, անշուշտ, միայն արտաքինի մասին է։

1993-ի ամռանն էր։ Ղարաբաղ էր գնալու մի քանի օրով ու առաջին անգամ որոշել էր ինձ էլ իր հետ տանել։ Առավոտյան գրասենյակում սպասում էինք Վահանին։ Ուշանում էր։ Հերթական այցելուն թակեց գրասենյակի դուռը։ Տնտեսուհին բացեց ու, այցելուին չճանաչելով , ներս թողեց։ Ու եթե Վահանը չծիծաղեր, ներկաներից շատերը, այդ թվում` նաև ես, բավական երկար ժամանակ պիտի գլուխ կոտրեինք, թե ո՞վ էր այդ, սպորտային գլխարկը մինչև աչքերը քաշած, անծանոթ տղամարդը։

Սափրված Վահանին, բառիս բուն իմաստով, չէին ճանաչում նաև Ստեփանակերտի գրասենյակի շատ այցելուներ։ Իսկ ինքը կարծես հաճույք էր ստանում դրանից. նստում էր գրասենյակի մի անկյունում ու գլխարկի տակից հետևում մարդկանց։

Հուլիսի 23-24-ին ազատագրվեց Աղդամը։ Հաջորդ օրը սափրված Վահանը մտավ Աղդամ…

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

1993 թվականի վերջն էր կամ 1994-ի սկիզբը։ Հայաստան էին այցելել մի խումբ թուրք լրագրողներ։ Այլ հանդիպումների թվում նաև Վահանի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել ու այցելել Բյուրոյի երևանյան գրասենյակ։ Խոսեցին, տվեցին իրենց հարցերը։ Սենյակի պատին ծովից ծով Հայաստանի քարտեզն էր, որի վրա Վահանը կապույտ ու կանաչ դրոշակներով նշել էր հայկական քաղաքները` Արևելյան ու Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Քարտեզին նայելով` թուրք լրագրողներից մեկը չդիմացավ ու նշեց, որ կապույտ դրոշներով նշված քաղաքներն արդեն հայկական են, իսկ կանաչ դրոշներով նշված քաղաքները գրավելը գուցե դաշնակների ծրագրային նպատա՞կն է։ Վահանը իրեն հատուկ սարկազմով ու ժպիտով պատասխանեց, որ իր կապույտ դրոշակները պարզապես վերջացել են, ու ստիպված է եղել մյուս մեծ քաղաքները կանաչ դրոշակներով նշել։ Իսկ ես հոգուս խորքում այն ժամանակ էլ համոզված էի, որ թուրք լրագրողը հասկացել էր Վահանի երազանքը։ Տարիներ անց Վահանը պիտի հայտարարեր, որ իր համար ամենացանկալի պաշտոնը Կարսի նահանգապետ լինելն է…

«28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1994 ԹՎԱԿԱՆ»

Բոլորն էին հասկանում, որ մի բան տեղի է ունենալու։ Շատերն արդեն ձերբակալված էին։ Ամեն օր սպասում էինք նոր ձերբակալությունների։ Բայց քչերն էին պատկերացնում իրականացվելիք գործողության մասշտաբն ու ձևը։
Երեկոյան, ինչպես միշտ, լույս չկար ու, չգիտեմ` որտեղից հորս հայթայթած ակումուլյատորի կուտակած հոսանքը խնայում էինք` օրվա լուրերը միակ պաշտոնական հեռուստաալիքից լսելու համար։

Կոմիտասի փողոցում գտնվող մեր տան դուռն այնքան խախուտ էր, որ անգամ նորմալ չէր կողպվում։ Դուռը հանկարծ բացվեց ու հարևան բակի Կոստյան, ով ոստիկանության սերժանտ էր, ասաց, որ հեռուստացույցը միացնենք։ Հանրապետության նախագահը խոսում էր աշխարհի ամենավտանգավոր հանցավոր խմբավորման անդամներին վնասազերծելու մասին։ Բեն Լադենն այն տարիներին անմեղ երեխա էր։

Կոստյային խնդրեցի հագնել ոստիկանի իր համազգեստը, նախկին աներոջիցս խնդրեցի նրա «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենան ու որոշեցի` ինչ գնով էլ լինի իջնել Բյուրոյի գրասենյակ։ Պռոշյան փողոցը փակ էր զինվորականներով, ու անգամ Կոստյայի ոստիկանական համազգեստը մեզ չօգնեց։

Եթե Բյուրոյի գրասենյակը փակ է, ուրեմն Բյուրոյի անդամները պետք է որ տանը լինեին։ Առաջինը փորձեցինք գնալ Վահանենց տուն։ Տանը մոտենալ չեղավ. նույն զինվորական հերթապահությունն էր։

Բյուրոյի անդամ Վարդան Հակոբյանի բնակարանին հասանք առանց արկածների։ Տանն էր։ Ասացի, որ իջնի, տեղ ենք գնում։ Որոշել էի Բյուրոյի բոլոր անդամներին հավաքել Գերմանիայում ապրող աներձագիս դատարկ տանը։ Չգիտեմ` ինչ էի մտածում այդ պահին, բայց մի բանում վստահ էի՝ պետք էր ինչ-որ պատասխան տալ։ Ու ամբողջ գիշեր սերժանտ Կոստյայի հետ առանձին-առանձին այդ տուն տեղափոխեցինք Բյուրոյի` Երևանում գտնվող անդամներ Վարդան Հակոբյանին, Ռուբեն Հովսեփյանին, Մասիս Բաղդասարյանին ու «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագիր երջանկահիշատակ Մուշեղ Միքայելյանին։ Բյուրոյի` Հայաստանում գտնվող վերջին անդամը՝ Ափո Պողիկյանը, Պլանի գլուխ կոչվող փողոցում տեղակայված ՄՏԿ-ում էր (մամլո և տեղեկատվական կենտրոն), ուր արդեն խուզարկություն էր գնում։

Իսկ Վահանից հույսներս կտրել էինք։

Լուսացավ: Ընկեր Ռուբենը տվեց Բյուրոյի հայտարարության ձեռագիր տեքստն ու ասաց, որ անհրաժեշտ է տպել ու բաժանել այն ժամանակ լույս տեսնող թերթերին։

Բոլորս դուրս եկանք այդ բնակարանից։

Ասացին, որ կլինեն Մասիս Բաղդասարյանի տանը։

Գործս արեցի մի քանի ժամում։ Հիմա չեմ էլ հիշում` որտեղից համակարգիչ ու տպիչ ճարեցի։ Հուսահատություն չէր այն զգացողությունը, որ այդ պահին համակել էր ինձ։ Ուղղակի գիտակցում էի, որ առանց Վահանի մենք տանուլ կտանք։ Բայց նոր բացված օրն իր հետ նաև ուրախալի լուրը բերեց` Վահանը ձերբակալված չէր։ Ու վստահությունը շատերիս մոտ վերականգնվեց։ «Դե հիմա տեսեք ինչ ենք անելու»։ Այս միտքն էր 20-25 տարեկան իմ գրեթե բոլոր ընկերների ուղեղներում։ Այդ ոգին հատկապես Վահանից էր գալիս ու Վահանով էր պայմանավորված։

Վահանի ձերբակալությանը դեռ վեց ամիս ժամանակ կար…

Վահանը դեռ ուղիղ 20 տարի պիտի ապրեր…

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
1994-1998 թվականները եթե չեք տեսել, դժվար կլինի այս հատվածը լավ պատկերացնել։ Այդ տարիներին տղերքից յուրաքանչյուրը գիտեր, որ «տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել» արտահայտությունը հենց իր մասին է։ Օրվա իշխանությունները իմ կուսակցական ընկերներին ձերբակալում էին ոչ միայն նրանց բնակարաններից։ Օրինակ` տղերքից մեկին երթուղայինից էին իջեցրել ու տարել անհայտ ուղղությամբ։ Այդ տարիներին ի՞նչ օմբուդսմեն, ի՞նչ լրատվական կայքեր, ի՞նչ հասարակական կազմակերպություններ, ի՞նչ ծանուցում, ի՞նչ բջջային հեռախոս և, վերջապես, ի՞նչ «Ֆեյսբուք»։ Տանում էին, ու սկսվում էր փնտրտուքը։ Հետո կա՛մ բանտերից էր խաբարը հասնում, կա՛մ ծնողներն ու ընկերները, ոստիկանության դռները թակելով, իմանում էին տղաների գտնվելու վայրը։ 1995-ին իմ հերթն էլ հասավ։ Տարան մեր բակից` մորս աչքի առաջ։ Ու մինչ ուշ երեկո 24-ամյա երիտասարդս համբերատար ենթարկվում էի ոստիկանների «համաչափ» գործողությանը։ Բայց քանզի տակը բան չկար, ու թերևս մեկին էլ բանտարկելու անհրաժեշտությունն այդ պահին երևի դեռ չէր հասունացել, գիշերն ինձ բաց թողեցին։ Գնացի տուն։ Առավոտյան տանեցիներին հանգստացրեցի ու մեր բակի ծակուծուկերով դուրս եկա փողոց, շտապեցի Լեոյի փողոցում գտնվող մեր ընկերներից մեկի բնակարանը, որտեղ Վահանին տեսնելու հույս ունեի։ Իրար նոր գտած ընկերների նման գրկախառնվեցինք, պատմեցի եղելությունն ու ոստիկանությանը հետաքրքրող հարցերը։ Մտածեց ու հարցրեց, թե մեկ-երկու ամսով որևէ ապահով տեղում կարո՞ղ եմ թաքնվել։ Ասաց, որ բաց են թողել` հետևելու ու արդեն վերջնականապես ձերբակալելու համար։

Գիտե՞ք` ինչու էին ձերբակալել ինձ։ Որովհետև պապիցս մնացած մեր դատարկ բնակարանը անվճար տրամադրել էի ձերբակալված ընկերներիս դատապաշտպաններին՝ որպես փաստաբանական գրասենյակ։ «Համաչափ» հարցաքննող ոստիկաններից մեկն ամբողջ օրը շեշտում էր. «Տունդ պրիտոն ես դարձրել, ու դու, տղա՛ ջան, հաստատ դատվեցիր»։ Կարճ ասած` պիտի թաքնվեի։ Այդ երկու ամիսների ընթացքում ոստիկանությունն անընդհատ այցելում էր մերոնց ու տեղս էր հարցնում։ Ժամանակ առ ժամանակ Վահանին լուր էի տալիս, որ սարսափելի է փախստականի կարգավիճակում մնալը, որ էլ չեմ դիմանում։ Պատասխանում էր, որ սպասեմ։ Ու մի օր` հոսանքի հերթական հովհարային միացման ժամանակ էլ լուրերից տեղեկացա Վահանի ձերբակալության մասին։ Սպասելն արդեն անիմաստ էր։ Հաջորդ օրը գնացի տուն։ Մնացածը կարևոր չէ։ Երեք տարի սպասեցինք Վահանի ազատ արձակմանը։ Վահանի կնոջն ու երեխաներին այցելելը դրսում գտնվող տղերքից շատերի ու նաև իմ պարտականությունն էր։ Երեք տարիների ընթացքում թե՛ Վահանի երեխաները մեծացան, թե՛ մենք։ Չասեմ` հուսահատ, բայց կոտրված էինք ու, տարիքներիս համեմատ, մռայլ։

Ու մի օր էլ արթնացանք երկրում փոխված իրավիճակով, ու տղերքը սկսեցին բանտերից դուրս գալ։ Վահանին հանդիպեցի ազատ արձակվելու հաջորդ օրը՝ ձկան նախկին խանութի հարևանությամբ գտնվող գրասենյակում։ Ճերմակել էր։ Գրկախառնվեցինք, ու ականջիս շշնջաց. «Տվածս պահե՞լ ես»։ Պահել էի։ Ավելի պինդ գրկեց։

Նոր ժամանակաշրջան էր սկսվում։ 1999-ին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ու մենք շարունակեցինք մի ամբողջ երեք տարով ընդհատված մեր ճանապարհը…

«ՄԵՐ ԹԱՆԿ ԳԱՆՁԻՑ ԼՈՒՍԵՂԵՆԸ ՕՐՆ Է ՆՐԱ ՎԵՐԱԴԱՐՁԻ»

Մինչև 1999 թվականը ես այն կարծիքին էի, որ Վահանը թերևս աթեիստ է։ Չէ, նա այդ մասին երբեք չէր արտահայտվել, որևէ կոնկրետ խոսակցություն չենք ունեցել հավատքի, քրիստոնեության կամ հեթանոսության մասին։ Գուցե նաև սա էր եղել պատճառը նման կարծիքի ձևավորման համար։

1999-ի աշունն էր։ Առավոտյան հենց իրենց տան բակում մռայլ դեմքով նստեց մեքենան ու ասաց, որ Էջմիածին ենք գնում։ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում լուռ մոմ վառեց, մտքում աղոթեց, խաչակնքվեց, ու մի տեսակ թեթևացած, արդեն սովորականի պես ժպտալով ու կատակելով, վերադարձանք Երևան։

Իսկ հիմա ամենակարևորը։ Կարդացե՞լ եք Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը։ Եթե դեռ չեք կարդացել, կարդացեք անպայմա՛ն։ Վեպի գեղարվեստական ու նաև պատմական արժեքի մասին շատերն են արտահայտվել։ Բայց խոսքս հիմա այլ բանի մասին է։ Գիտե՞ք` որտեղ է տեղի ունենում ողջ այդ պատմության հանգուցալուծումը՝ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Այն նույն եկեղեցու, ուր 1999 թվական մի մռայլ աշնանային օր Վահանը գնաց` աղոթելու…

“БОЖЕ, ЦАРЯ ХРАНИ”:

Երբ բջջային հեռախոսների վրա հնարավոր եղավ ցանկացած երաժշտությունը տեղադրել (2000-ին էր կարծեմ), Վահանի զանգահարելու ժամանակ հեռախոսս երգում էր “Боже, Царя храни”: Ու երբ նրան ցույց տվեցի, մի բոլ ծիծաղեց, բայց չասաց, որ փոխեմ զանգը։

Ես իրոք ցանկանում էի, որ Աստված պահապան լինի Վահանին…

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003-ի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր։ Վահանը ուղիղ եթերի էր «Շանթ» հեռուստաընկերությունում։ Բարձրացանք հեռուստաընկերության` Կիևյան փողոցում գտնվող տաղավարներից մեկը։ Այդ ժամանակ հաղորդավար Նվեր Մնացականյանը դեռ «Շանթում» էր աշխատում։ Նա էլ էր իր թեկնածությունն առաջադրել ու գտնվում էր Գյումրիում։ Մի խոսքով` մտանք տաղավար, որտեղ հաղորդման աշխատանքային խումբը, մինչ եթերի սկսվելը, մի փոքր ընդմիջում էր անում։ Վահանը լուրջ դեմքով նայեց ու թե. «Էս քե՞ֆ եք անում։ Ինչի՞, Նվերն արդեն ընտրվել ա՞»։ Ու ներկաների ծիծաղը տարածվեց ամբողջ տաղավարով մեկ։

Ընտրությունների ավարտին դեռ մեկ ամիս ժամանակ կար։

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

2004-ին վեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներով գործուղվեցինք ԱՄՆ։ Բուշի ու Քերիի ընտրություններն էին, ու մենք պիտի տեսնեինք, թե ինչ ասել է ազատ, արդար ու դեմոկրատական ընտրություններ։ Ու քանի որ Քերին իր նախընտրական արշավների ժամանակ խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, մենք էլ` հայերով, նրա կողմից էինք, չնայած երկու թեկնածուների նախընտրական շտաբներն էլ այցելում էինք։ Մի օր էլ ես ու ԱԺՄ-ից Վարդանը Վարդանյանը որոշեցինք կատակել ու փողոցում սկսեցինք անցորդներին բաժանել թեկնածու Քերիի նախընտրական բուկլետները, բայց ամենազավեշտալին, որ հայերենով փորձում էինք ամերիկացի ընտրողին համոզել, որ իր ձայնը տա «մեր» թեկնածուին։ Քերին, բնականաբար, չընտրվեց։ Գուցե չընտրվեց նաև մեր ակցիայի պատճառով։ Գործուղումն ավարտվեց։ Պատվիրակությունը վերադարձավ Հայաստան։ Եկա գործի ու մտա Վահանի մոտ։ Պատմում եմ գործուղման մասին, մեկ էլ Վահանը, ժպտալով, թե` բա էդ քեզ ուղարկել ենք ընտրությունների անցկացման կարգին ծանոթանա՞ս, թե՞ Քերիի օգտին փողոցներում միտինգ անես։ Զարմացա։ Ու ասաց, որ այստեղ դեսպանատնից զանգել են իրեն ու ասել, որ իր խորհրդականն իրեն այնտեղ լավ չի պահում։ Ծիծաղեցինք, անցավ-գնաց։

ԴԵՂԻՆ ՓՈՂԿԱՊՍ

Իմ խորին համոզմամբ` Վահանը ճաշակով հագնվող տղամարդ պաշտոնյաներից էր։ Մի օր հանդիպման էր պաշտպանության նախարարությունում։ Նախարարությունը դեռ Աշտարակ տանող ճանապարհին էր։ Չգիտեմ` ինչու այդ օրը վառ դեղին փողկապ էի կապել, ու ակամայից խոսակցություն բացվեց փողկապների, կոստյումների, վերնաշապիկների, կարճ ասած` ճիշտ հագնվելու մասին։ Ամբողջ ճանապարհին բացատրում էր, որ եթե վերնաշապիկը միատոն է, փողկապը կարող է նաև գծեր ունենալ, իսկ եթե վերնաշապիկն իր մեջ որոշ էլեմենտներ է պարունակում, փողկապն անպայման պիտի միատոն լինի, որ չի կարելի կարճ թևերով վերնաշապիկի հետ փողկապ կապել ու անգամ ամառվա տապին, եթե ստիպված ես փողկապով տնից դուրս գալ, վերնաշապիկդ անհրաժեշտ է, որ երկարաթև լինի։ Խոսեցինք նաև փողկապների ու վերնաշապիկների գույների համադրության մասին։ Հասանք ՊՆ։ Վահանը գնաց խորհրդակցության։ Ես հենց մեքենայում հանեցի իմ «անկրկնելի» դեղին փողկապը։

***

ՃԱՄՓԱԲԱԺԱՆԸ

2006 թվականն էր։ Անասելի հոգնել էի Ազգային ժողովում ինձ համար տաղտկալի դարձած աշխատանքից։ Ցանկանում էի փոխել աշխատանքս։ Միայն Վահանի հանգամանքն էր, որ ինձ հետ էր պահում։ Մտածում էի, որ եթե ասեմ, կմտածի, թե իրենից եմ ուզում հեռանալ։ Ի վերջո, էգոիզմս հաղթեց։ Ասացի։ Արտաքուստ հանգիստ ընդունեց։ Ասաց, որ հասկանում է որոշումս։ Հարցրեց` գուցե իրենից եմ հոգնել։ 13 տարի միասին աշխատելը ու ոչ միայն աշխատելը բավական երկար ժամանակահատված է։ Բայց, ախր, Վահանից ինչպե՞ս կարելի էր հոգնել։ Նրա հետ միշտ էր հետաքրքիր։ Միշտ սովորելու բան կար։ Բացատրեցի, որ աշխատանքն է ձանձրալի դարձել, որ մի նոր տեղ եմ ցանկանում փորձել ուժերս։ Հարցրեց, թե աշխատանք գտե՞լ եմ արդեն։ Ու երբ ասացի, որ դեռ չեմ գտել, ասաց, որ հաջորդ օրն ինձ կպատասխանի։ Առավոտյան կանչեց իր աշխատասենյակն ու առաջարկեց՝ ուսումնական հաստատության տնօրեն կաշխատե՞ս։ Պատասխանեցի, որ ոլորտն անծանոթ է, բայց կարծում եմ` ազնիվ գործ է երեխաների հետ աշխատելը։ Անկեղծ ասած` աշխատանքային բավական մեծ փորձ ունեի՝ լավաշի արտադրության տիրոջից մինչև թերթի տնօրեն, մի հսկա կուսակցության տարբեր գրասենյակների պատասխանատու, Ազգային ժողովի փորձագետ, փոխնախագահի խորհրդական։ Կարճ ասած` որոշեցինք, որ համաձայնում եմ։ Ու մի քանի օր հետո ես արդեն Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանի տնօրենն էի։ Մի կիսաքանդ ու ավերակ, վատ ավանդույթներով հայտնի, ընդամենը 60 սովորող ունեցող հաստատություն էր։

Սեպտեմբերի 1-ին ուսումնարանի սովորողների համար կազմակերպված միջոցառմանը Վահանն ինձ մենակ չթողեց։ Առավոտյան ժամը 9-ին ելույթ ունեցավ սովորողների ու աշխատակիցների առջև, ովքեր, վստահաբար, քամուց ու աշխարհից քշված իրենց ուսումնարանում այդ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյա առաջին անգամ էին հյուրընկալում, ու ասաց ամենակարևորը. «Ձեր նոր տնօրենի գալով` ձեր ուսումնարանին լուրջ ու դրական փոփոխություններ են սպասվում։ Ես վաղուց եմ ճանաչում Պարույրին։ Հավատացե՛ք, նա կհաջողի»։ Հաջողեցի, թե` ոչ, սա արդեն լրիվ այլ պատմություն է։ Բայց մի բան փաստէ՝ նոր աշխատատեղումս էլ ամեն պահի զգացի ու տեսա Վահանի օգնությունը։ Ու ամենատարբեր հարցերում` կրթական և ոչ միայն…

ՎԵՐՋԱԲԱՆ

2001-ի օգոստոսն էր։ Առողջական որոշակի խնդիրներ ունեի։ Լուրջ բան չէր` հին հայկական բարի նևրոզ, դեպրեսիա։ Տանն էի։
Վահանը զանգեց ու թե. «Պարյո՛ւր, սեպտեմբերին 4 ամսով գնում ես Գերմանիա` վերապատրաստման, Մարշալի կենտրոնում»։ Միանգամից ընկա պանիկայի մեջ։ Ասում եմ. «Չեմ կարող, վատ եմ, ես Գերմանիայում կմեռնեմ»։ Ծիծաղեց ու թե. «Մի՛ մտածի, որ մեռնես, կբերենք, Գերմանիայում չես մնա»։

Գնացի ու վերականգնված հետ եկա։

2013-ին Վահանը նշանակվեց Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Բոլորս գիտեինք, որ լավ չէ վիճակը, ու մեր վերջին հույսը գերմանական բժշկությունն էր։

Գնաց ու …

Քանի Վահանը ողջ էր, գիտեի, որ եթե երբևէ մատս փուշ մտնի ու փուշն այդ հանել չկարողանամ, Վահանը կհանի կամ կասի` ոնց հանեմ, կամ էլ կասի` թքիր փշի վրա ու առաջ անցիր։

Երևի տասնհինգ տարի առաջ էր, չեմ էլ հիշում` ինչի համար շտապօգնության մեքենայով ինձ տարան հիվանդանոց։ Սիստեմա, դեղեր, տանեցիները խառնված… Մեկ էլ Վահանը եկավ հիվանդանոց, բժիշկների հետ խոսեց, տանեցիներին հանգստացրեց ու ծիծաղելով, թե. « Պարյո՛ւր, хватит х….м груши околачивать, շատ պառկեցիր, վեր կաց, գործ կա»։ Ու հավաքվեցինք, գնացինք, թեև բժիշկները չէին թողնում։ Իսկ հիմա…

Հիմա սկսում եմ փշակալել առանց Վահանի…

Գոնե ինձ համար դժվար է առանց Վահանի …

Պարույր Սանթրոսյան

Վահան Հովհաննիսյանի մասին հուշեր

Պատմում են ընկերները

03 փետրվար 2015

Երբեմն դժվար է լինում մարդկանց գնահատել այն իրական արժեքով, որոնք իրենք ներկայացնում են: Այդ անձնավորություններից մեկը Վահան Հովհաննիսյանն էր, որին դժվար է որեւէ չափորոշիչով գնահատել: Զերծ մնալով գնահատման չափորոշիչներից` փորձեմ …

Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի խորհրդարանում: Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի և վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլևս մաս չի կազմելու համահայկական քաղաքական գործընթացներին:

Դեկտեմբերի 28-ին, 58 տարեկանում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլև հայ ժողովրդի համար:

Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյանի մասին հուշեր:

Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան

Հայ իրականության մեջ վերջին 20-25 տարիներին, որպես քաղաքական դեմք, որպես պետական դեմք, որպես ամենաբարձր ինտելեկտ ունեցող անհատ, ինձ համար առաջին հորիզոնականում Վահան Հովհաննիսյան է եղել: Եւ սա պատահականություն չի, այն համոզմունք է եղել: Տասնամյակներ առաջ, պատերազմական օրերի մտերիմ եւ հաճախակի շփումներն են ստեղծել այսպիսի տեսակետ` արտահայտելու մեր նահատակ ընկերոջ մասին:

Ընկեր Վահանի հետ կապված հիշողություններ կան 90-ական թվականների սկզբներից մինչեւ վերջին տարիները` ընդհուպ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելը: Բավականին հիշողություններ կապված են 1992, 1993, 1994 թվականների հետ: Բավականին հիշողություններ կան իր թեւավոր խոսքերի հետ կապված: Ամենածանր իսկ պահերին, երբ Արցախում էր լինում ընկեր Վահանը, մեզ համար արդեն հաղթանակի կանխազգացողությունը մոտ էր թվում, եւ այդ կանխազգացողության մեջ մեծ էր ընկեր Վահանի ներկայությունը:

Նա իր լավատեսությամբ, իր սթափ եւ իրական գնահատականներով եւ վերլուծություններով հանդերձ փորձում էր մեզ ցույց տալ այդ ճանապարհը: Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» հոդվածների որոշ բաժիններ ինձ հիշեցնում են 90-ական թվականների այն իրականությունը եւ այն խոսքը, որ փոխանցում էր ընկեր Վահանը մեզ` որպես զինվորականների, մեզ` որպես կուսակցական ընկերների, մեզ` որպես քաղաքական գործիչների:

Մի քանի տարի առաջ էր. Վահան Հովհաննիսյանն ուղեկցում էր Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությանը: Այցելության երկրորդ օրն էր, եւ պաշտոնական միջոցառումից առաջ խոսում էինք կարեւոր թեմաներից: Մեր զրույցն ընդհատեց հեռախոսազանգը: Ընկեր Վահանը պատասխանեց այդ զանգին: Պարզվեց` Սիրիայի մեր ընկերներից մեկն էր զանգահարողը, եւ փորձում էր ընկեր Վահանի միջոցով ճանապարհ փնտրել եւ հասնել Հայաստան: Իսկ ընկեր Վահանը պատասխանում էր` ես Հայաստանում չեմ, Արցախում եմ, եւ տվյալ պահին չեմ կարող օգտակար լինել:

Առաջարկում էր այդ հարցով դիմել ՀՀ դեսպանատանը, կամ Լիբանանի Կենտրոնական կոմիտեին: Զանգահարող ընկերը պնդում էր` իսկ Թուրքիայով կարող են որեւէ ձեւով հարց լուծել: Ընկեր Վահանը խորհրդավոր ժպիտով պատասխանեց. «Ընկեր ջան, դու չգիտես, որ Սերոբ Աղբյուրն ու Սոսե մայրիկը վաղուց են սարերից իջել»: Հետո հարցրեցի, թե ինչ է եղել, ընկեր Վահանը պատասխանեց, որ մեր ընկերներից մեկն է, փորձում է Թուրքիայով հասնել Հայաստան, եւ կարծես թե չի հասկանում, որ չկան մեր ֆիդայական խմբերը, որոնք իրենց համար ճանապարհ կբացեին եւ կուղեկցեին:

90-ական թվականներին, երբ շատ ոգեւորված խոսում եւ քննարկումներ էինք անում, մանավանդ` այդ տարիներին յուրաքանչյուր մարդ փորձում էր ներկայացնել, թե որքան է նվիրված հայրենիքին, ընկեր Վահանն ասում էր. «Հայրենիքը ձեզ չի մոռանա, բայց նաեւ չի հիշի»: Վահան Հովհաննիսյանի թեւավոր այդ արտահայտության առաջին բաժինը կարող ենք վերագրել հենց իրեն, բայց հենց նույն թեւավոր արտահայտության երկրորդ բաժինը իրեն վերագրել չի կարելի, քանզի ընկեր Վահանն այն կերպարներից մեկն է եղել, նա այնպիսի գործունեություն է ծավալել իր ողջ կյանքի ընթացքում, որ չհիշելու որեւէ առիթ չի տվել: Նա իր բարքերով, իր ամենօրյա հետեւողական գործունեությամբ կարողացել է` բոլորիս հիշվելու պարտադրանքը թելադրել:

ՀՅԴ ԿԿ անդամ Լեւոն Հայրյան

Ավաղ, վերջին ժամանակներս մեր ընկերների մասին ասված խոսքերում սկսել է ավելի ու ավելի մեծ տեղ գրավել հիշատակի մասին ասված խոսքերը, ինչը շատ դժվար է: Իրոք, դժվար է մեր կորցրած ընկերների մասին խոսելը: Այնուամենայնիվ, կա ավելի վատ բան, ինչից թող Աստված մեզ հեռու պահի: Դա այն է, երբ որեւէ մի գործչի կամ մարդու մասին նրա գնալուց հետո ասելու բան չի լինում: Այս առումով` ընկեր Վահանի մասին անվերջանալի ասելիքներ կան: Ասելիքներ կան նրա նվիրվածության մասին. նվիրվածություն հայրենիքի հանդեպ, նվիրվածություն Դաշնակցության գործին: Եւ դա հասարակ նվիրվածություն չէ, այլ նախանձելի անկեղծությամբ նվիրվածություն:

Ասելիք կա նրա կատարած շատ գործերի մասին, ասելիք կա նրա բնատուր խելքի եւ օժտվածության մասին, ասելիք կա նաեւ անգամ նրա սրամտության եւ կատակասիրության մասին: Մինչ Վահանի հետ առաջին հանդիպման մասին խոսելը` ասեմ, որ երբ Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան եւ սկսեց վերակազմակերպվել հայրենիքում, նա մեծ դեր ունեցավ այդ գործընթացներին: Դաշնակցության առաջին խմբերի կազմակերպման գործում եւ երեւի հենց նույն գործի ընթացքում էլ ծանոթացանք նրա հետ: Դա 1992 թվականի ապրիլն էր:

Հանդիպեցինք Մեծ Թաղլար գյուղում: Այդ օրը մեր մարտական ընկերներից մեկի թաղումն էր, եւ Վահանը ներկա էր թաղմանը: Հետո, երբ հավաքված քննարկում էինք ազգային ազատագրական պայքարի տվյալ փուլի հարցերը ընկեր Վահանի եւ Հադրութի դաշնակցական ընկերների հետ, այդ ժամանակ մեր ընկեր Արթուր Աղաբեկյանը մի պահ ընդհատեց մեր քննարկումները եւ դիմեց ինձ հարցով, թե ինչու ես, որ Դաշնակցության գաղափարախոսության ամենաեռանդուն տարածողներից եմ, առայժմ չեն ընդգրկվել Դաշնակցության կառույցում:

Այստեղ բոլորն ինձ սկսեցին հանդիմանել, եւ հարց դրվեց կուսակցության շարքերն ընդունվելու մասին: Այստեղ ընկեր Վահանն առաջարկեց` լինել ինձ կնքահայր: Ես տվեցի իմ համաձայնությունը, եւ ընկեր Վահանի գլխավորությամբ ու քավորությամբ կազմակերպեցին իմ ընդունելությունը Դաշնակցության շարքերը: Այսօր ինձ համար ուրախալի է ասել, որ իմ կնքահայրերից մեկը եղել է ընկեր Վահանը, եւ ավելին` ես երդումս տվել եմ նրան պատկանող զենքի վրա: Սակայն դառնանք Վահանին` որպես քաղաքական գործիչ, եւ նորից նշենք նրա անկեղծ նվիրվածությունը Դաշնակցության եւ հայության ազնիվ գործին: Այդպիսի անկեղծ նվիրվածություն ունենում են մանուկներն` իրենց մանկական խաղերի մեջ: Հետագայում, ցավոք, մեծանալով` մենք բոլորս հաճախ սկսում ենք քաղաքականացնել մեր անկեղծությունը: Իսկ Վահանն այդպես չէր:

Եւ քանի նվիրված ենք նույն գործին, եւ այսօր Վահանը չկա, ուստի ես Վահանի պարագայում էլ կուզեի կրկնել Զահրատի տողերը. «Խաղը կիսատ թողեցիր. չեղավ ասիկա…»: Վահանը խաղը կիսատ է թողել, բայց չի կարելի ասել, որ նա քիչ է աշխատել: Մեր նորօրյա պատմության մեջ քիչ ունենք քաղաքական գործիչներ, ովքեր նրա չափ աշխատած լինեն, այսինքն` նա գործին պարտք չի մնացել: Մենք ենք մեր պայքարում զգալու նրա պակասը, մենք ենք զգալու նրա սկզբունքայնության պակասը, բայց Դաշնակցությունը, առավել եւս` նրա երիտասարդ թեւը, անպայման իր մեջ ուժ կգտնի` նրա եւ բոլորիս կենդանի գործը շարունակելու` ի փառս եւ ի բարօրություն հայ ազգի: Ընդ որում, Վահանին եւ մնացած մեր ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, պետք չէ հիշել` որպես ֆետիշներ, այլ` որպես կենդանի գործի ռահվիրաներ եւ օրինակներ:

Քանի որ բոլորին հայտնի է նրա կատակասիրությունը, եւ մենք էլ շեշտեցինք նրա այդ հատկությունը, մի փոքրիկ դրվագ պատմեմ: Երբ 2008թ. Դաշնակցությունը որոշեց նախագահության իր երկու թեկնածուների համար համընդհանուր ուսումնասիրություններ անցկացնել, Երեւանում տեղադրվեցին վրաններ, որտեղ ժողովուրդը մտնում եւ քվեարկում էր, թե Դաշնակցությունից ում թեկնածությանն են կողմ նախագահական ընտրություններին մասնակցելու համար` Արմեն Ռուստամյանի, թե Վահան Հովհաննիսյանի: Ընկեր Վահանին մոտեցավ Դաշնակցության հանդեպ ոչ բարեկամական տրամադրված մի լրագրող` ուզենալով անպայման մի բացասական էլեմենտ նկատել, եւ հարց տվեց` որտեղից ձեզ այսքան վրաններ: Խանասորի արշավանքից են մնացել` պատասխանեց ընկեր Վահանը:

Ընկեր Վահանին մենք կհիշենք` որպես անփոխարինելի ընկեր: Եւ, իրոք, նա այդպիսինն էր: Բայց ինչ վերաբերում է գործին` իհարկե, այն գործը, որն ինքն էր անում, ուրիշ մեկն այն անել չի կարող: Բայց, քանի որ գործը պետք է արվի, Դաշնակցությունը նրա գործը կիսատ չի թողնի: Եւ, ինչպես Պետրոս Սեմերջյանի մասին երգում է ասված «Ահա հանգիստ հող կմտնեմ, Հույսս դուք եք, ընկերներ, Շարունակեք մեր սուրբ գործը, Դաշնակցության վեհ քաջեր»:

Այն սերմերը, որ ինքն է ցանել, Հայաստանի քաղաքական դաշտում առողջ ծիլեր են տվել: Եւ հենց այդ ծիլերը կդառնան ամուր ծառեր ու կշարունակեն «հսկա կաղնիի» գործը:

Անի ԱԶԱՏՅԱՆ
aparaj.am

 

Վահան Հովհաննիսյանն` ընկերների հուշերում

15. Հունվար. 2015

«Շատ կորուստներ եմ ունեցել կյանքում, բայց այս մեկն ուրիշ էր..Մինչեւ օրս էլ մտքումս թաքուն խոսում եմ հետը: Նա ինքն իրենով հենց կյանքն էր, որ կար»…- երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մասին այդպես է արտահայտվում նրա մտերիմ ընկերը` Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով ` Վահան Հովհաննիսյանն ունիկալ էր: Անկրկնելի էր հատկապես նրա հումորի զգացումը, որը բեմադրիչը որակում է հեղինակային, բնորոշ միայն նրան: Ռ. Բաբայանի համոզմամբ իր ընկերը բացարձակապես չէր ձգտում, բայց ակամա լիդեր էր. Մասսան նրան տանում էր առաջ: Եվ ինչպես ցանկացած իսկական պետական գործչի, նրա համար էլ կուսակցական շրջանակները շատ նեղ էին, գուցե կուսակցությունն էր իրենով կուսակցություն, ոչ թե հակառակը»… «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց բեմադրիչը:

Քչերը, բայց ընտրված մարդիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանից զատ ճանաչում էին մեկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնվեր ընկերոջը։ Նրանցից մեկն էլ Պարույր Սանթրոսյանն է, ով աշխատել է ՀՅԴ Բյուրոյի Երեւանի գրասենյակում, եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գրասենյակի ղեկավար, մի քանի տարի էլ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանի խորհրդական, դարձել վերջինիս ուրախ ու տխուր օրերի ընկերը, նրա կյանքի ուշագրավ դրվագների ակամա վկան։

Պ. Սանթրոսյանը լավ է հիշում, թե Վահանն ինչպես էր սիրում փոխել մարդկանց անունները , երբեմն փաղաքշական երանգ էր հաղորդում դրանց. Լաուրային Ֆլորա էր ասում, ոմանք նրա համար մի րոպեում Սերոժիկ էին դառնում, իսկ , օրինակ, ինձ էլ Պարույր էր ասում: Այնքան լավ էր նա այդ ամենն անում, որ ամենքն էլ ցանկանում էին հայտնվել նրա թիրախում:

Նա եւս վկայում է, որ Վահան Հովհաննիսյանն անկրկնելի հումորի տեր մարդ էր եւ կարողանում էր սարկազմի միջոցով մեղմել ագրեսիան. «1993-ն էր, պատերազմի տարիներն էին, թուրք լրագրողների մի խումբ եկել էր Հայաստան եւ պաշտոնական հանդիպումներից զատ ցանկություն էր հայտնել հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ։ Երբ վերջինս խոսքի բռնվեց լրագրողների հետ, իր առջեւ դրել էր Հայաստանի քարտեզը, իսկ որոշ քաղաքների վրա դրոշներ էր փակցրել, մի մասը կապույտ, մյուս մասը կանաչ։ Լրագրողներից մեկը հարցրեց՝ երեւի կապույտով նշված են գրավված քաղաքները, կանաչով էլ՝ նրանք, որոնք հետո պետք է գրավեք։ Իսկ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին… Ու բոլորը ծիծաղեցին, լարվածությունն անցավ»,- հիշեց Պ. Սանթրոսյանը:

Նա խոստովանեց, որ երկար ժամանակ այն կարծիքին է եղել, թե Վահան Հովհաննիսյանն աթեիստ է, սակայն հետո համոզվել է, որ նա իսկական հայ քրիստոնյա է. Դա կարելի է զգալ «Մանդիլիոնն» ընթերցելիս, բայց ես շատ աելի վաղ եմ հայտաբերել այդ փաստն ինձ համար: Հիշում եմ` մի անգամ ինձ խնդրեց , որ գնանք Էջմիածին, այդպես էլ; արեցինք, նա եկեղեցում մոմ վառեց, ու ասեմ, որ դա հենց այն նույն եկեղեցին էր, որի մասին նա նկարագրել է իր գրքում», – պատմեց ընկերը:

Պարզվում է` Վահան Հովհաննիսյանն առանձնակի կարեւորել է արվեստի գործիչների դերը. Մի օր ասաց` ուզում եմ հանդիպում կազմակերպել հանրապետության ճանաչված արվեստի գործիչների հետ: Ինձ հաջողվեց մեկ տեղում հավաքել նրանցից ոմանց, այդ թվում Խորեն Աբրահամյանին, Արմեն Էլբակյանին եւ այլոց: Վահանն առանձնակի նպատակ չուներ, պարզապես ուզում էր անձամբ ճանաչել նրանց, զրուցել հետները», հիշեց ընկերը:

Նա ծանոթ է եղել Վահան Հովհաննիսյանի երաժշտական ճաշակին եւ գիտեր, որ վերջինս շատ էր սիրում Ջանիս Ջոփլինին, եւ , այնուամենայնիվ, ինքը հենց նրանից է լսել Գրիգորի Լեպսի անունը:

Ընկերը վկայում է Վահան Հովհաննիսյանի մեկ այլ ունիկալ կարողության մասին եւս` կանանց գրավելուն. «Վահանն ուներ յուրահատուկ տղամարդկային խարիզմա, որի համար կանայք նրան շատ էին սիրում»:

«Ժողովուրդ» օրաթերթ

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքն արթնացան ավելի աղքատացած

29. Դեկտեմբեր. 2014

“Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենաարժանավոր զավակներից մեկին՝ անդավաճան մտավորականին, ապշեցուցիչ գիտելիքների տեր հնագետ-պատմաբանին, խարիզմատիկ քաղաքական գործչին ու իմ ճանաչած լավագույն խորհրդարանականին, ժամանակի ու բարքերի հետ անխռով կռիվ տվող մեծ երազողին, ինտելեկտուալ սարկազմի ու հումորի մեծ վարպետին, հայ ժողովրդի պատմության մթում ու լույսում խճճված մեծ ճանապարհորդին ու փնտրողին, մեծ հայրենասերին… Մարդուն: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքն արթնացան ավելի աղքատացած: Չգիտեմ՝ ով, երբ եւ ինչպես կարող է լրացնել այն ահռելի վիհը, որը թողեց Վահան Հովհաննիսյանն իր անժամանակ մահով”

Սամվել Ֆարմանյան

Մեծ կորուստ է Վահան Հովհաննսիսյանի մահը Հայաստանի համար

29. Դեկտեմբեր. 2014

 
“Մեծ կորուստ է Վահան Հովհաննսիսյանի մահը Հայաստանի համար: Նրանք, ովքեր Վահանի հետ աշխատել են, անկախ նրանից, կիսու՞մ են ՀՅԴ-ի գաղափարախոսությունն ու տեսակետները, թե ոչ, մի բանում չեն կարող առարկել. Հայաստանի համար ճոխություն է նման գրագետ, փորձառու, թրծված քաղաքական մարդ եւ գործիչ կորցնելը:

Կյանքը շատ առիթներ է տվել Վահան Հովհաննիսյանի հետ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կռիվ տալու բազում տեղերում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում, անգամ՝ Բաքվում: Հավատացնում եմ, միայն խորհրդարանում 5 տարի միասին աշխատելը քիչ կլիներ նրան ճանաչելու համար: Իսկապես, ամենաշատը մարդուն ճանապարհ գնալիս ես ճանաչում, ու մեկ էլ՝ խրամատում, երբ արտաքին հակառակորդն ու Հայաստանի եւ Արցախի շահը օբյեկտիվորեն բոլորիս միավորում են: Ու Վահանի հետ մենք՝ երիտասարդ խորհրդարանականներս, քանիցս գնացինք մարտի: Ու ասեմ, միշտ պատվով դուրս եկանք՝ ամեն մեկս տալով մեր փայ կռիվը … Ննջես խաղաղությամբ Վահան. քեզ հիշողներ շատ են լինելու”

Ստյոպա Սաֆարյան
 

Վահան Հովհաննիսյանի հեռանալով՝ Երևանից պակասեց, պակասեց մի երևանցի

03. Հունվար. 2015

 
Վահան Հովհաննիսյանի հեռանալով՝ Երևանից պակասեց, պակասեց մի երևանցի: Լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ռեժիսոր Նարեկ Դուրյանը, ով այլոց թվում այսօր եկել էր վերջին հրաժեշտը տալու Գերմանիայում ՀՀ դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին:

«Փայլուն պետական-քաղաքական գործիչ, այդ ամենը մի կողմ` ինձ համար Վահանով Երևանից մի բան պակասեց: Բարձր ինտելեկտով, բազմակուլտուրայի տեր մարդ, որի տեսակի շնորհիվ էս քաղաքը եղել է, կա ու կլինի: Ինձ համար պակասեց իմ ընկերը, իմ Չեխովի դպրոցի ընկերը, երևանցին: Այնպիսի երևանցի, որ Աստված տա, բոլորն իր նման լինեն»,- ասաց նա:

Նարեկ Դուրյանը, ամփոփելով, ասաց, որ Վահան Հովհաննիսյանի նման մարդկանցով է, որ քաղաքը քաղաք է, Երևանը՝ Երևան՝ իր ոգով ու ավանդույթներով:

Նարեկ Դուրյան
 

Մի քիչ Վահան լինել, այնպես ապրել, որ Մայրամուտը երբեք չմոտենա մեր Հայրենիք-երկրի հորիզոնին

03. Հունվար. 2015

 
Վահանի մասին խոսք ասելու կարիք շատերն ունեն և ասում են։ Եվ հաստատ, ասում են ոչ թե ասելու սիրույն, այլ մի քիչ ամոքվելու ու ամոքելու, նաև հավատալու… Ցավն անկեղծ է, անսահման, մխիթարվելը դժվար, ավելի դժվար՝ հաշտվելը. Բոլորն են անակնկալի եկել։ Նույնիսկ նրանք, որ գիտեին աննահանջ հիվանդության մասին, դժվարանում են հավատալ։ Դժվարանում են, որովհետև մահը չէր սազում Վահանին, մահը Վահանի համար չէր, Վահանն այնքան ապրեցնող էր, վահանավարի անխոցելի, մահվան աչքերի մեջ նայած, կյանքն արժևորող… Մենք ու ՆԱ հրաշքի էինք սպասում ու մտածում՝ մահն ու՞մ շունն է… Անհավատալի էր նույնիսկ օրեր առաջ, երբ անգամ Գերմանիայից ժամանած ինքնաթիռն այլևս վերջին հանգրվանի հասցե էր ճշտել, անգամ այսօր, երբ մեր խոնարհված դրոշների, մեր կարկամած հայացքների ու «Վերքերով լի ջան ֆեդայ եմ» երգի հնչյուններն ներքո գնացիր միանալու գաղափարի զինվորներն, նրանց, ովքեր ապրեցին «ամեն բանէ վեր Հայրենիք» հավատամքով ….

Ականջներիս մեջ Վահանի ձայնն է, հայացքիս առջև նրա ազնվական, գերող ժպիտը, կյանքի բոլոր գույները, վերելքներն ու վայրէջքները ճաշակած աչքերի փայլը, անկաշկանդ, բայց երբեք չցավացնող հումորը… Անհնար է հավատալը, ավելի դժվար՝ հաշտվելը։ Ասում են մարդուն ճանաչում են մարտի դաշտում ու ճանապարհին։ Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել։ Այնտեղ՝ Շահումյանում, Գետաշենում, Արցախում, ուր կոփվում, նվաճվում էր Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը շատերի հետ ու շատերի պես Վահանը ճանաչեց մահը ։ Բայց կար արդյոք Հայրենիքին ու արյամբ ժառանգված ուխտին ծառայելու այլ միջոց…չկար, նույնիսկ, եթե անգամ մնացյալ ողջ կյանքի համար բաժանվում էր գիտությունից ու պաշտելի մասնագիտությունից՝ հնագիտությունից։

Հետադարձ չկար, ու ինքը լավ գիտեր, քաղաքական դաշտից հետադարձ չի լինում, մանավանդ որ պայքարն այլևս ազատ, անկախ, արժանապատիվ ու արդար հայրենիքի պայքար էր։ Արդար ու ազատ պետություն-հայրենիքի համար Վահանը պատրաստ էր նաև զրկվել իր տեսակի համար ամենաթանկ բանից՝ ազատությունից։ Ինքը լավ գիտեր՝ ո՜չ անկախությունը, և ո՜չ էլ հաղթանակները հենց այնպես՝ առանց զոհաբերության չեն տրվում։ Վահանը պատրաստ էր զոհաբերության. մեզ ու շատերիս համար ուղիղ մեջքով քայլելու ճանապարհն էր հարթում, եթե նույնիսկ այն անցնում էր ճաղավանդակների միջով։ Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել, բայց նրան ճանաչել եմ ճանապարհին, այն անհանգիստ ու ցավոտ ճանապարհին, որի անունը հանուն Հայաստանի պայքարն էր։ Իսկ այդ ճանապարհը միայն Հայաստանով չէր անցնում։

Վահանի կողքին լինելն ու նրա հետագծով անցնելը դպրոց էր, նրա կողքին հպարտ էիր, որովհետև արքաների ժպիտներից ու բարձր ամբիոններից չէր նվաղում նրա կամքն ու չէր ընկրկում նրա համոզումը, Վահանի կողքին վստահ էիր, նա գիտեր ավելին, քան մենք բոլորս ու տեսնում էր ավելին, քան մենք բոլորս։ Վահանի կողքին ամուր էիր, որովհետև Հայրենիքի գինն ու զորությունը 42 հազար քառակուսի կիլոմետրով չէր հաշվում, ոչ էլ ժամանակավոր տերերին նույնացնում հողն ապրեցնողի հետ։ Վահանի կողքին հպարտ էիր, որովհետև նա բարձր էր ամբոխից ու քեզ էր բարձրացնում, Վահանի կողքին ազնիվ էիր ու իմաստուն, նա տեսնում էր կեղծիքի ու ստի սահմանն ու չէր թողնում, որ հաշտվեիր դրա հետ։

Առաջինը ինքը չէր հաշտվում՝ անհաղթահարելի հիվանդությունն անգամ ոչինչ էր անանձնական տագնապների կողքին ու նա մեր ժամանակների մայրամուտը կասեցնելու զանգն էր գուժում։ Երբեք չեմ ընդունել «անփոխարինելի մարդիկ չեն լինում» հաստատումը։ Համոզումս ավելի է կարծրանում այս օրերին, երբ փորձում եմ Աստծո անմնացորդ շռայլությամբ աշխարհ եկած Վահան տեսակ փնտրել։ Վահան, մենք ավաղ անկարող էինք քո ֆիզիկական մայրամուտը կասեցնել, բայց քո տեսակի առաքելությունը պարտադրում է մի քիչ Վահան լինել, այնպես ապրել, որ Մայրամուտը երբեք չմոտենա մեր Հայրենիք-երկրի հորիզոնին։

(Գրառումը Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից)
 

Ամենաբարդ իրավիճակներում անգամ հումոր էր անում

02. Հունվար. 2015

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հիշեց, երբ Վահան Հովհաննիսյանի հետ միասին ԱԺ փոխնախագահներ էին:

Ընդգծեց, որ անգամ ամենաբարդ իրավիճակներում հումոր էր անում: «Միշտ ասում էր՝ լավ կլինի»,-ասաց Զաքարյանը:
 

Մնալու ենք ընկերներ…

02. Հունվար. 2015

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատմեց, որ Գերմանիա մեկնելուց առաջ է տեսել Վահան Հովհաննիսյանին, աշխատանքում հաջողություններ մաղթել: «Մնալու ենք ընկերներ»,-ասաց Արեյանը:
 

Նա մեծ ծրագրեր ուներ դեսպանական առաքելության հետ կապված

29. Դեկտեմբեր. 2014

 
“Պատիվ ու բախտ եմ ունեցել մանկուց ճանաչելու, շփվելու, հրապուրվելու ընկեր Վահանով, որն իմ ճանաչած ամենատաղանդավոր, ինտելեկտուալ ու հայրենասեր անհատականություններից էր: Նա մեծ ծրագրեր ուներ դեսպանական առաքելության հետ կապված, որոնք անպայման պետք է իրականություն դառնան:

Ընկեր Վահանը թե պատերազմի դաշտում, թե բանտում, թե խորհրդարանում, թե դեսպանի կարգավիճակով, նույնն էր՝ սրտացավ, նվիրված եւ գնահատված”- իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Երանի նրան, ով տեսավ, զգաց, շփվեց և ընկերացավ նրա հետ

29. Դեկտ. 2014

«Հարյուր տարին մեկ անգամ երկնային լուսատուն իջնում է երկիր՝ ջերմություն և իմաստնություն փոխանցելով շրջապատին: Երանի նրան, ով տեսավ, զգաց, շփվեց և ընկերացավ նրա հետ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴՈՒ ԵՂԱՐ ՈՒ ԿԱՍ ԻՄ ՀԻՆ ՈՒ ԼԱՎ ԸՆԿԵՐ…»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան

 

Հոգին փրկված էր վաղուց։ Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ նույնպես

28. Դեկտ. 2014

Բոլորս էլ գիտեինք, որ մահը չոքել է նրա դռանը։ Ամենից շատ ինքը դա գիտեր։ Ամիսներ առաջ զանգահարեց Բեռլինից, ասաց, որ ֆեյսբուքում կարդացել է իմ մի պատմվածքն ու հիմա խեղդում է կարոտը… Ինքը խոսում էր ու ես հասկանում էի, որ այդ կարոտ ասածը տարածական հեռավորության արդյունք չէ։ Այդ պահերին նա Գերմանիայում էլ չէր, մի այլ տեղում էր, որի ճիշտ հասցեն ոչ ինքը գիտեր, ոչ՝ ես։

Նրա խոսքում հրաժեշտի երանգներ էին հնչում։ «Ո՛նց ես, Վահան»»,- վախվորած հարցրեցի։ «Ցավերին չեմ դիմանում,- խոստովանեց,- բարեւիր տղերքին…»։ Մյուս օրը զանգահարեցի Անտարես հրատարակչություն՝ Արքմենիկին, խնդրեցի արագացնել «Մանդիլյոն»-ի տպագրութունը։ Լեզուս չէր պտտվում ասելու՝ որ թող տեսնի հայերեն գիրքը հետո գնա, ուր պիտի գնար։ Թերեւս գիրքը նաեւ մեղմեր ցավերը… Գոնե մեղմեր։ Փրկել այլեւս չէր կարող։ Եւ չփրկեց։ Չփրկեց մարմինը։ Իսկ հոգին փրկելու կարիք չկար։ Հոգին փրկված էր վաղուց։ Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ նույնպես։

Ռուբեն Հովսեփյան
 

Հայկ Քոթանջյանը ցավակցում է

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Հայ ռազմական դիվանագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը խորապես ցավում է իր ընկերոջ, ազգային մասշտաբի քաղաքական գործչի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում Վահան Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին, խնդրում է ընդունել իր խորին ցավակցությունը՝ անկախ, միասնական, ազատ Հայաստանի իդեալներին հավատարիմ, հոյակապ ինտելեկտուալի և հայրենասերի կորստի կապակցությամբ:

 

Կյանքը մի բան է Վահան Հովհաննիսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննիսյանի

29. Դեկտ. 2014

Մահացել է մեր ընկերը, իմ ավագ ընկերը, ումից շատ բան ենք սովորել, հայ քաղաքական դաշտի ամենապայծառ դեմքերից մեկը, հայ քաղաքական համակարգի առանցքային դեմքերից մեկը: Այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գերմանիայում ՀՀ դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվանը:

«Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է»,-ասել է նա:

«Երկրի հասարակական-քաղաքական կյանքը մի բան է Վահան Հովհաննիսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննիսյանի, որովհետեւ նա հայրենասեր, պրոֆեսիոնալ, հումորով, ընկերասեր, գաղափարական գործիչ էր եւ այն մարդն էր, ում հետ շփվելուց երիտասարդները շատ բան էին սովորում: Ես շատ մեծ ցավ եմ ապրում եւ կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները, ովքեր առնչվել են Վահան Հովհաննեսյանի հետ, մեծ ցավ են ապրում:

Աստված հոգին լուսավորի: Ես տեղյակ եմ, որ մինչեւ վերջին պահը նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր հանուն Հայաստանի: Մեզ էլ իմաստնություն, որպեսզի կարող»,-իր ցավակցական խոսքում ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

 

Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի ու լայնախոհ մտավորականի

29. Դեկտ. 2014

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է. «Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ:

Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:

 

ԲՀԿ-ն իր ցավակցությունն է հայտնում Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

29. Դեկտ. 2014

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՅԴ բյուրոյի անդամ, պետական-քաղաքական անվանի գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի կորուստ է մեր երկրի համար: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

 

Բաժանվեցինք, հույս ունենալով, որ էլի կհանդիպենք

28. Դեկտ. 2014

Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ և պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:
Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի:

Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամենինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք, հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:
Չստացվեց:

Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան:

Արմեն Աշոտյան

 

Հանրային խորհրդի նախագահը ցավակցագիր է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

29. Դեկտ. 2014

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Ազգային պայքարի, պետականության կերտման, քաղաքական վայրիվերումների բարդ ու դժվարին ճանապարհ անցած պետական, քաղաքական-հասարակական գործիչն իր ողջ կյանքը նվիրեց մեր երկրին ու ժողովրդին՝ իր լայնախոհությամբ ու շրջահայացողությամբ միշտ վեր կանգնելով կուսակցական գործունեության սահմանագծից և նվիրվելով ազգային ու հասարակական շահերի պաշտպանությանը: Բարձր ինտելեկտի, հայրենասիրության ու նվիրումի շնորհիվ Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունեցավ մեր երկրի զարգացման գործում՝ իր յուրօրինակ, վառ կերպարով զարդարելով քաղաքական դաշտի ներկապնակը: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի մահվան կապակցությամբ՝ վշտակցելով նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

 

Անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ…

29. Դեկտ. 2014

…..տխուր եւ տխուր լուր, ցավալի, ցավոտ եւ ցավեցնող մահ…Երբ ինձ հարցում էին ով է ամենախարիզմատիկ եւ տպավորիչ քաղաքական գործիչը, միշտ պատասխանել եմ՝ Վահան Հովհաննիսյանը, ինքը անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ…ինքը այն կերպարն էր, որ երբ մոտենում էր ԱԺ ամբիոնին, բոլոր լրագրողները, նաեւ՝ իր գործընկեր պատգամավորները համակ ուշադիր էին դառնում՝ Վահանն է խոսում,իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում նրա վարած նիստերը նիստ վարելու մաստեր-կլաս էին, հումորով, խելքով, մտքով, կծոցներով եւ աչքերի խորը քմծիծաղով:

Դեկտեմբերի նույն այս օրը ուղիղ մեկ տարի առաջ նա նշանակվեց ՀՀ դեսպան Գերմանիայում, բոլորս հույս ունեինք, որ այս նշանակումը նաեւ նրա առողջության համար նպաստավոր կլիներ, ցավոք՝ կարճ…..Տարիներ առաջ, դատարանում, վերջին նիստին, որից հետո իրավիճակի փոփոխության շնորհիվ ընկեր Վահանը եւ մյուսները ազատ արձակվեցին, ես ներկա եմ եղել, այդ օրն ենք ծանոթացել, Բագրատ Եսայանը մեզ ծանոթացրեց ..շատերի հետ եմ ծանոթացել, բայց Վահան Հովհաննիսյանի հետ այս ծանոթությունը մնաց հիշողությանս մեջ, շատ տպավորված էի: Հետագայում հարցազրույցների համար հանդիպում էինք, այնքան էինք խոսում առանց ձայնագրիչի, որ վերջում մնում էի առանց այդ օրվա նյութի…. Հայ քաղաքական կյանքից հեռացավ խարիզմատիկ քաղաքական գործիչը, ուժեղ անհատը, մարդը, միտքը…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան

 

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին

29. Դեկտ. 2014

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին Ցավով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Գիտեի, որ ծանր հիվանդ է, բայց ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ, որ այլևս հույս չկա: Ցավոք, մեզանից հեռացավ մարդկային կերպար, ում նմանների անհրաժեշտությունը շատ ունի մեր հասարակությունը: Վահան Հովհաննիսյանի անունն առաջին հերթին ասոցացվում է քաղաքական դաշտի հետ, Դաշնակցության հետ:

Ավելի քան հարյուրամյա այդ կուսակցության մեջ շատ են այդպիսի գործիչները, սակայն Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին: Կարծում եմ` սա ոչ միայն իմ, այլև բազմահազար մարդկանց, նաև քաղաքական գործիչների կարծիքն է` անկախ քաղաքական հայացքներից:

Վահան Հովհաննիսյանը երբեք չտրվեց տարաբնույթ ալեկոծումներին: Դրա վկայությունն են իր ապրած տարիներն ու դրանց մեջ իր մեծ պատասխանատվությունը ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես երկրի նկատմամբ: Շատ չեն այնպիսիք, ովքեր իրենց լավագույն տարիներն ապրելով զրկանքների մեջ` չեն կոտրվել, այլ հասկանալով այդ վիճակի ժամանակավորությունը` պայքարել են, որպեսզի հասարակության լայն շերտերի համար բացառեն այդ զրկանքները:

Իհարկե, կարելի էր և չգրել այս տողերը և ցավը ներս գցած` ինքնամփոփ լռել: Սակայն, իմ կարծիքով, հատկապես երբ խոսքը արժանապատիվ կյանք ապրած, կրկնում եմ` բացառիկ դիմագիծ ու պահվածք ունեցող անհատի մասին է, ում նմանները, մեղմ ասած, հաճախ չեն հանդիպում, պակաս էական չէ, որ հասարակությունը նրան առավել լավ ճանաչի նաև իր գործընկերների կարծիքներով: Միայն ափսոս, որ նման մարդիկ հաճախ լիարժեքորեն գնահատվում են միայն մահից հետո… Ցավում եմ Վահանի պես մարդու, գործչի, գիտնականի վաղաժամ կորստի համար և ցավակցում եմ իր բոլոր հարազատներին, կուսակից ընկերներին և ընդհանրապես բոլորիս…

Կարեն Կարապետյան, ԱԺ պատգամավոր

 

Մենք կորցրեցինք մեծ քաղաքական գործչի, մեծ հայի

29. Դեկտ. 2014

«Իրոք, ցավում եմ, որովհետեւ մենք կորցրեցինք մեծ քաղաքական գործչի, մեծ հայի, որը օգտակար է եղել մեր երկրին, անկախությունից սկսած եւ բոլոր քաղաքական զարգացումներին ունեցել է օբյեկտիվ գնահատական: Նա ամեն ինչ արել է, որ Արցախը եւ Մայր հայրենիքը լինի ամուր, եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին միավորի եռամիասնության շուրջ: Վահան Հովհաննիսյանը դեռ պետք է ապրեր, արարեր»…

Հովիկ Աբրահամյան

 

Ամենուր նա առաջ էր մղում ազգային շահը. Զարուհի Փոստանջյանը` Վահան Հովհաննիսյանի մասին

29. Դեկտ. 2014

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցավակցություն հայտնեց ազգային-պետական ականավոր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

Զարուհի Փոստանջյանը հիշում է Վահան Հովհաննիսյանին որպես շատ հետաքրքիր մարդու: Նրա խոսքով` Վահան Հովհաննիսյանի հետ անգամ կարճ ժամանակ շփված մարդիկ չեն կարող նրան չհիշել որպես վառ անհատականություն և տաղանդավոր մարդու: «Արագ կողմնորոշվող, տղամարդու կերպարի մեջ բավականին բարեկիրթ, շատ հումորով: Հաճելի էր նրա հետ շփվելը: Ովքեր բախտ են ունեցել ծանոթ լինել, շփվել ու աշխատել Վահան Հովհաննիսյանի հետ, նրանց համար մեծ կորուստ է Վահան Հովհաննիսյանի մահը: Նրա հետ որտեղ գնայիր, նա ապահովում էր շատ ապահով թիկունք: Եղել ենք տարբեր միջավայրերում, միջազգային ասպարեզներում, ուր եղել են տարբեր պետությունների ներկայացուցիչներ, և ամենուր նա առաջ էր մղում ազգային շահը, իսկ մենք մեզ այդ դեպքում շատ վստահ էինք զգում:

Նա իրապես քաղաքացի էր, քաղաքական գործիչ և ազգային գործիչ: Քաղաքականության մեջ նման անձինք շատ քիչ են լինում: Նրա մեջ չկար գավառամտություն, նա իսկական քաղաքի մարդ էր` չափազանց հետաքրքիր ու հաճելի: Ափսոսում եմ շատ, նա շատ անելիքներ ուներ»,- ասաց պատգամավորը:

Փաստանջյանն իր պատգամավորական գործունեությունից հիշում է մի դեպք. 2008-ին, երբ Դաշնակցությունը կոալիցիայի մաս էր, ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` սահմանափակումներ են դրվում Հայաստանում օտարերկյա լրատվամիջոցների հեռարձակման վրա: «Ես դեռ նոր պատգամավոր էի: Այդ նախագծի քննարկման ժամանակ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ես հիմա այս նախագծին կողմ քվեարկեմ, հայրս գերեզմանում շուռ կգա: Շատ ազդեցիկ ելույթ ունեցավ»,- հիշում է Զարուհի Փոստանջյանը:

 

Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով

29. Դեկտ. 2014

Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայոյանքախառն՝ «Իշխանության որեւէ պայմանի չհամաձայնեք…» Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երեւանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»:

Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել: Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով: Մնացիր վեհանձն, երբեք քենախնդիր չդարձար… Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր: Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»:

Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում…Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով: Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսներին էլ կյանքը համոզիչ էիր դարձնում: Քեզանով հայկական քաղաքական եւ, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը եւ քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու եւ կայացնելու համար…

Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան

 

Վահան Հովհաննիսյանը գնաց խառնվելու անմահությանը

29. Դեկտ. 2014

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ցավակցությունն է հայտնել Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: «Վահան Հովհաննիսյանի ընտանիքին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում` Գերմանիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, անզուգական ընկեր ու մտավորական Վահան Հովհաննիսյաինի անժամանակ մահվան կապակցությամբ: Գույժը ցնցող էր ու անսփոփելի, ազգը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին` պետական, հասարակական, քաղաքական ականավոր գործչին, փայլուն հռետորին, ում խոսքն այնպես բուռն էր համակում մարդկանց մտքերն ու այնպես ուժգին ալիքվում նրանց հոգիներում: Մեզնից հեռացավ կուսակցական շինարարության փորձառու գաղափարախոսն ու Արցախյան գոյապայքարի աննկուն մարտիկը, հայրենասեր պատմաբանն ու խորաթափանց դիվանագետը: Տևապես անլրացնելի կմնա հայոց կենսոլորտի այն խորշը, որ դատարկվեց իր վաղաժամ մահով: Նա գնաց խառնվելու անմահությանը և հավերժանելու երախտապատ սերունդների սրտերում:

Վշտակցաբար` Րաֆֆի Հովհաննիսյան:
 

ՑԱՎԱԿՑԱԳՐԵՐ

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

5 Յունուար 2015

ՀՅԴ Բյուրոյին

Արաբական Միացյալ Էմիրությունների Առանձնակի կոմիտեությունից

Սիրելի Ընկերներ,

Խոր ցաւով իմացանք Ընկ․ Վահան Յովհաննէսեանի վաղաժամ մահուան տխուր լուրը։
Ընկ․ Վահանը, Դաշնակցականի իր նուիրումով եւ գաղափարական ու քաղաքական պատրաստուածութեամբ վերջին 25 տարիներուն ունեցաւ առանցքային գործունէութիւն մեր կազմակերպական կեանքէն ներս յատկապէս, եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական բեմին վրայ ընդհանրապէս։

Մենք համոզուած ենք որ մեր շարքերը միշտ անպակաս պիտի մնան Վահաններու նման նուիրուած Դաշնակցականներէ։
Այս առթիւ Հ․Յ․Դ․ Արամ Երկանեան առանձնակի կոմիտէութիւնը Կուգայ իր ցաւակցութիւնները յայտնելու Հ․Յ․Դ․ Բիւրոյին, Ընկ․ Վահանի Ընտանիքին եւ համայն Հ․Յ․Դ․ շարքերուն

Ընկերական բարեւներով`

ԱՄԷ առանձնակի կոմիտեություն
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

03 հունվար 2015

Մեծահարգ Ներկայացուցիչ եւ անդամք՝

ՀՅԴ Բիւրոյի

Յարգարժան Պարոն Մարգարեան,

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնս ցաւով իմացաւ մեծանուն ազգային եւ քաղաքական գործիչ, անուանի պետական այր, վաստակաւոր ակադեմական, եւ հաւատաւոր կուսակցական ղեկավար Վահան Յովհաննէսեանի մահուան գոյժը:

Մենք կը հաւատանք, որ Վահան Յովհաննէսեանի նման անձանւորութեանց անժամանակ շիջումը կորուստ մըն է ոչ թէ միայն իր պատկանած կազմակերպութեան, այլ նաեւ համայն Հայ ժողովուրդին համար:

Անհուն մխիթարանք եւ համբերութիւն կը մաղթենք իր ընտանեկան պարագաներուն եւ գաղափարակից ընկերներուն:

Թող որ իր սիրած Հայրենի հողը թեթեւ գայ իր մարմնին վրայ:

Ի դիմաց՝

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան
Իւճին Քարաճեան – Ատենադպիր Մայք Խարապեան – Ատենապետ
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

03 հունվար 2015

Հ.Յ.Դ. Բիւրոյին

Ցավում եմ Վահան Հովհաննիսյանի մահվան համար եւ հղում եմ իմ խորին ցավակցությունները:
Ռագըփ Զարաքոլու
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Ցավակցական հեռագիր

03 հունվար 2015

Խոր վշտով տեղեկացա, որ դեկտեմբերի 28-ին վախճանվել է ազգային-պետական գործիչ, տաղանդավոր հնագետ, հրաշալի մտավորական, մեր ժամանակի վառ անհատականություններից մեկը` Վահան Հովհաննիսյանը:

Սգում եմ ընկերոջս` Վահանի անժամանակ մահը և ցավակցում ՀՅԴ խմբակցության բոլոր անդամներին, նրա կուսակից ընկերներին ու մտերիմներին մեր ժողովրդի այս ծանր կորստի համար:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Ռամկավար Ազատական կուսակցություն

Հանրապետական Վարչություն

31 դեկտեմբեր 2014

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան,

Վահան Հովհաննիսյանի մահը խոր վիշտ պատճառեց նաեւ մեզ՝ ՌԱԿ
Հանրապետական վարչության անդամներիս։ Ոչ միայն ՀՅԴաշնակցության, այլեւ
մեր ողջ ժողովրդի համար իսկական կորուստ էր նրա անժամանակ մահը, որը
սգում ենք բոլորս։

Վահան Հովհաննիսյան մարդու, կուսակցականի, ազգային ու պետական
գործչի կերպարը, նրա բազմակողմանի զարգացվածությունը, սրամտությունը,
դժվարին վիճակները հումորով դիմագրավելու նրա բնատուր կարողությունը,
հայրենասիրությունը այն որակներն էին, որոնք այնքան անհրաժեշտ են մեր
երկրի ու ժողովրդի համար դժվարին վիճակները հաղթահարելու։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ՀՅԴ ղեկավարությանը,
շարքայիններին, հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին։

Ի դիմաց
Ռամկավար Ազատական կուսակցության
Հանրապետական վարչության
ատենապետ
Հակոբ Ավետիքյան
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

31 դեկտեմբեր, 2014

ՀՅԴ Թեհրանի Կենտրոնական կոմիտէ

ՀՅԴ Բիւրոյին

Սիրելի ընկերներ,
Խոր վշտով ստացանք ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ընկ. Վահան Յովհաննիսեանի մահւան լուրը:

Ազգային, քաղաքական, պետական գործիչ, մտաւորական, գիտնական ու դաշնակցական ընկեր Վահանի հեռանալը մեծ կորուստ է հայ ժողովրդի եւ կուսակցական մեր ընտանիքի համար: Նրա իմաստնութեան, իմացութեան, գործունէութեան, փորձառութեան ու հմտութեան պակասը դեռ երկար կզգանք:

ՀՅԴ Թեհրանի Կենտրոնական Կոմիտէի ու ամբողջական կառոյցի անունից ցաւակցում ու սրտակցում ենք ընկեր Վահան Յովհաննիսեանի հարազատներին, մտերիմներին, հայ ժողովրդին, ՀՅԴ Բիւրոյին եւ համայն դաշնակցական ընտանիքին:
Նրա վաստակը անմեռ է:

Թող՝ հայրենի հողը թեթեւ լինի ընկերոջ շիրիմին:

ՀՅԴ Թեհրանի Կենտրոնական Կոմիտէ
Թեհրան
 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
Անթիլիաս-Լիբանան

Անթիլիաս, 30 Դեկտեմբեր 2014

Յարգարժան անդամներ Բիւրոյի,

Խոր ցաւով իմացանք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի երկար տարիներու պատգամաւոր եւ Գերմանիոյ մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահան Յովհաննիսեանի մահուան գոյժը:

Մենք մօտէն ճանչցած ենք հանգուցեալը, եւ իր մօտ տեսած լուրջ մտաւորականը, պատասխանատու հասարակական գործիչը եւ գերազանցօրէն հայրենասէր մարդը: Իր անձին այս երեք յատկանշական գիծերը մնայուն ներկայութիւն դարձան իր ողջ կեանքին ու գործունեութեան ընթացքին: Հետեւաբար, իր մահը մեծ կորուստ մըն է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, այլ մեր հայրենիքին ու ժողովուրդին համար:

Ձեզի կը յայտնենք Մեր խորազգած ցաւակցութիւնները: Կաղօթենք, որ Ամենարարին Աստուած Վահան Յովհաննիսեանի հոգին ընդունի երկնային երանական խաղաղութեան մէջ եւ Սուրբ Հոգւոյն միջոցաւ՝ մխիթարէ իր ընտանեկան պարագաները, եւ մեծ ընտանիքին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամները:

Աղօթաբար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

30 Դեկտեմբեր 2014

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտե

Հ.Յ.Դ. Բիւրոյին

Սիրելի ընկերներ,

Խոր ցաւով իմացանք ՀՅԴ Բիւրոյի անդամ ՀՀ Ազգային Ժողովի երկար տարիներու պատգամաւոր եւ Գերմանիոյ մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան ընկեր Վահան Յովհաննիսեանի վաղաժամ մահուան լուրը:

Դաշնակցութեան Լիբանանի ընտանիքը բաժնեկից է Ձեր սուգին եւ կը խոնարհի հանգուցեալ ընկերոջ վաստակին եւ գործին դիմաց:

Ընկ. Վահան Յովհաննիսեանի համար միշտ ալ սիրելի մնաց Լիբանանը եւ Լիբանանի Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը£

Այս գրութեամբ կու գանք թարգմանը հանդիսանալու մեր ընկերական կազմին եւ համայնքի ապրած դառն վիշտին եւ կը փոխանցենք մեր խորազգաց ցաւակցութիւնները ՀՅԴ Բիւրոյին:

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտե

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Պուէնոս Այրէս, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

ՀՅԴ Հարավային Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Որուգվայ)
Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Բիւրոյին

Սիրելի Ընկերներ՝

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Գերմանիոյ Դաշնային Հան¬րապետութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան, դաշնակնակցական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի մահուան գոյժը։

Այս տխուր առիթով, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէս, Արժանթինի, Ուրուկուայի եւ Պրազիլի կուսակցական ու միութենական իր ընտանիքի անունով, խորին ցաւակցութիւններ կը յայտնէ Հ.Յ.Դ. Բիւրոյին եւ Դաշնակցութեան շարքերուն, ինչ¬պէս նաեւ հանգուցեալ ընկերոջ սգակիր ընտանեկան պարագաներուն եւ հարազատներուն։

Ընկեր Վահանի կորուստը հսկայ ցաւ կը պատճառէ մեր բոլորիս։ Յատկապէս Հարաւային Ամերիկա իր այցելութիւնները եւ շրջանիս կապակցաբար տարած իր աշխոյժ ու արդիւնաւէտ աշխատանքը, թէ՛ կուսակցական եւ թէ՛ ազգային առումով, մեզ առաւել մօտեցուցին սիրելի ընկերոջ ազգանուէր, գիտակից եւ համեստ նկարագրին, ու առիթ տուին մօտէն ծանօթանալու որեւէ նիւթի առջեւ իր իմաստութեան ու մարդկային ոգիի մասին։

Ընկեր Վահանի պատգամը ու յիշատակը միշտ ներկայ պիտի ըլլան մեր մէջ։
Յաջողութիւն ձեր աշխատանքներուն։

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կեդրոնական կոմիտե

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

ՀՅԴ Իրաքի Առանձնակի կոմիտե

ՀՅԴ Բիւրոյին

Սրտի խոր վշտով տեղեկացանք մահուան գոյժը ազգային-պետական համբաւաւոր գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան մեջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Ընկեր ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ, որ վախճանեցավ դեկտեմբեր 28-ին:

Այս տխուր առիթով մեր ցաւակցութիւնները կը յայտնենք Ձեզ եւ հանգուցեալի սգակիր ընտանեկան պարագաներուն, հարազատներուն ու բարեկամներուն: Բիւր յարգանք իր յաւերժաձայն վաստակին եւ անմեռ յիշատակին:

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

29 Դեկտեմբեր 2014

Գանատայի Կեդրոնական կոմիտե

ՀՅԴ Բիւրոյին

Սիրելի ընկեր

Ընկեր Վահան Յովհաննիսեանի մահուան տխուր առիթով, Կեդրոնական կոմիտէիս ու Գանատայի կազմակերպական ու միութենական մեծ ընտանիքին անունով մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք ՀՅԴ Բ.ին, Հայաստանի Գերագոյն մարմնին, ընկերական կազմին, եւ հանգուցեալ ընկերոջ ընտանեկան պարագաներուն ու հարազատներուն։

Կուսակցական ու պետական մակարդակի վրայ իր դրոշմը թողած ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակը երկար ժամանակ թարմ պիտի մնայ հայկական իրականութեան մէջ։

Կը խոնարհինք հայրենիքին ի սպաս ծառայած արժանաւոր ընկերոջ յիշատակին առջեւ։

Ընկերական ջերմ բարեւներով՝
ՀՅԴ Կանադայի ԿԿ

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Դեկտեմբեր 29, 2014

ՀՅԴ Բիւրոյին

Սիրելի Ընկերներ,

Խոր կսկիծով իմացանք ՀՅԴ Բիւրոյի անդամ, կուսակցական ու պետական վաստակաւոր գործիչ, Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր Դեսպան՝ Վահան Յովհաննիսյանի վաղաժամ մահը: Իր յիշատակը, որպէս բազմակողմանի յատկությիւններով օժտված աննկուն ու նուիրեալ մարտիկ մեր ժողովուրդի ու հայրենիքի ազատագրական պայքարի նորագոյն պատմութեան հերոսապատումին ամենադժնդակ օրերուն, պիտի մնայ յաւետ մե՛ր եւ ապագա՛յ օրերուն, պիտի մնա յաւետ խնկելի մե՛ր եւ ապագա՛յ սերունդներու սրտերուն մեջ:

Այս առթիւ, ընդունեցէ՛ք մեր ու ՀՕՄ-ի աշխարհատարած ընտանիքին խորին ցաւակցութիւնները, եւ հաճեցէ՛ք փոխանցել մեր համատարած կսկիծը իր բոլո՛ր հարազատներուն:

Ընկերական անեղծ զգացումներով՝

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Դեկտեմբեր 29, 2014

Հ.Յ.Դ. Բիւրոյին,

Սիրելի ընկերներ Հ.Յ.Դ. Բիւրոյի

Խոր վշտով կը ցաւինք հաւատաւոր դաշնակցական ու ազգային-պետական ինքնատիպ ու նուիրեալ գործիչ ընկ. Վահան Յովհաննիսեանի անժամանակ կորուստը, ու Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէին եւ շարքերուն կողմէ մեր ցաւակցութիւնները կը յայտնենք Հ.Յ.Դ. Բիւրոյին:

Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի
Կեդրոնական Կոմիտէ

 

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

ՀՅԴ Կիպրոսի Առանձնակի Կոմիտէ

Դեկտեմբեր 28, 2014

Խոր վիշտով կը սգանք ազգային-պետական ականաւոր գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան ընկեր Վահան Յովհաննիսեանի անժամանակ կորուստը: Կիպրոսի Առանձնակի Կոմիտէութեան անունով մեր ցաւակցութիւնները կը յայտնենք անոր հարազատներուն, մտերիմներուն եւ բոլոր ընկերներուն.

ՀՅԴ Կիպրոսի Առ. Կոմիտէ

Սուրիայի կազմակերպութիւն

28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Սուրիայի կազմակերպութիւնը կը յայտնէ իր խորին ցաւակցութիւնները Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բ.ի անդամ եւ ազգային-պետական պատուաբեր գործիչ ընկ.Վահան Յովհաննէսեանի մահուան առթիւ եւ կը վշտակցի ՀՅԴաշնակցութեան մեծ ընտանիքին եւ ընկերոջ պարագաներուն:

ՀՅԴ Քուէյթի առանձնակի կոմիտե

28 Դեկտեմբեր, 2014

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Պատուարժա՛ն ՀՅԴ Բիւրոյի ընկերներ,

Խոր կսկիծով իմացանք ՀՅԴ Բիւրոյի երկար տարիներու անդամ, Գերմանիոյ մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան` ընկ. Վահան Յովհաննէսեանի անսպասելի մահուան գոյժը, որ կայծակնահարեց մեզ իր անսպասելիութեամբ: Իսկապէս բառերը կը պակսին ու կը դժգունին, երբ կը փորձենք զանոնք օգտագործել որպէս սպեղանի, ձեր սրտաբեկ սիրտերուն, ինչպէս նաեւ մխիթարիչ բառերն անգամ կը կորսնցնեն իրենց իմաստն ու ազդեցութիւնը նմանօրինակ անդարմանելի եւ վաղաժամ կորուստի մը առջեւ:
Այս տխուր առիթով, մեր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնենք ձեզի եւ եւ ՀՅԴ կուսակցութեան մեծ ընտանիքին:Կը հայցենք առ բարձրեալն Աստուած, որ ինք ամոքէ մեր անդարմանելի վիշտը: Թող անոր շիրիմին ծաղիկները չթոշնին ու յիշատակն ալ մնայ անթարամ:

Հանգիստ իր վաղամերիկ աճիւնին, իսկ հոգին արժանանայ երկնային գահին:
Խունկ ու աղօթք անոր հոգիին ու համբերութիւն ձեզի:

 

Վշտակից ընկերներ`

Իրան- Իսպահանի կենտրոնական կոմիտե

29 Դեկտեմբեր 2014

ՀՅԴաշնակցութեան Բիւրոյին

Խորը վշտով տեղեկացանք Հ.Յ.Դ. Բիւրոյի երկար տարիների անդամ, ազգային-պետական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան ընկ. Վահան Յովհաննիսեանի ցաւալի մահւան մասին:

Յանուն Իսպահանի շրջանի Կենտ. Կոմիտէի ցաւակցում ենք Հ.Յ.Դ. Բիւրոյին եւ Դաշնակցութեան մեծ ընտանիքին այդ անդառնալի կորստի կապակցութեամբ եւ Բարձրեալն Աստծուց հայցում ենք ընկերոջ հոգուն յաւիտենական հանգստութիւն:
Խնդրում ենք մեր ցաւակցութիւնը փոխանցել նաեւ ընկերոջ ընտանիքին եւ հարազատներին:

 

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԿ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

28 Դեկտեմբեր 2014

ՀՅԴ Արցախի կառույցը խոր վշտով տեղեկացավ ազգային-պետական ականավորգործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ,
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր ցավակցությունն է հայտնում ՆՎԻՐՅԱԼ ԸՆԿԵՐՈՋ ընտանիքին, հարազատներին, մտերիմնեին: Ընկեր Վահանի կորուստը մեծ ցավ է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև հարազատ կուսակցության, ընկերների և առհասարակ ողջ հայության համար: Ընկեր Վահանի վաստակն անգնահատելի է, քանզի նրա ողջ կյանքը նվիրում է իր հայրենիքին, ժողովրդին,իր որդեգրած գաղափարին:

 

ՀՅԴ Հարավային Ռուսաստանի ( Սոչի)Կոմիտե
ՀՅԴ Բյուրոյին

29 Դեկտեմբեր 2014

Հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին, վաղաժամ մեզանից հեռացած կուսակցական գործիչ ընկեր վահան Հովհաննիսյանի մահվան առիթով:

 

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

28 Դեկտեմբեր 2014

ՀՅԴ Արեւմտյան Եւրոպայի (Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա ) Կենտրոնական կոնիտե

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻՆ

Սիրելի՛ ընկերներ,

Խոր ցաւով ստացանք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, ընկեր Վահան Յովհաննէսեանի մահուան գոյժը:
Այս տխուր առիթով Կեդրոնական Կոմիտէս իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ Հ.Յ.Դ. Բիւրոյին:

 

ՀՅԴ կենտրոնական Եւրոպայի (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա) առանձնակի կոմիտե

28. Դեկտ. 2014

Ցաւակցական Նամակ

Հ.Յ.Դ Բիւրոյի՝
Սիրելի՛ ընկերներ,

Ցաւով տեղակացանք, մեր ազգային-պետական ականավոր գործիչ Հ.Յ.Դ Բիւրոյի երկար տարիներու անդամ և Գերմանիոյ դաշնային Հանրապետութեան Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և Լիազօր դեսպան Վահան Յովհաննեսեանի մահուան գոյժը:

Կոմիտես իր շրջանի բոլոր անդամներուն անունով կը յայտնէ իր խորին ցաւակցութիւնները Բիւրոյին և Հանգուցեալի պարագաներուն:

Ընկեր Վահան Յովհաննէսեանի յիշատակը վառ պիտի մնայ մեր սրտերուն մէջ:

 

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

29. Դեկտ. 2014

Ցաւակցական Նամակ

Սիրելի ընկերներ,

Հ.Յ.Դ. Հունաստանի Կեդրոնական Կոմիտէն, «Ազատ Օր» օրաթերթի պաշտօնէութիւնը եւ կազմերը կը ցաւակցին հայ քաղաքական-հասարակական կեանքի ականաւոր անձնաւորութիւն, դաշնակցական գործիչ եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ ընկ. Վահան Յովհաննիսեանի վաղաժամ կորուստը։

Բոլորիս համար վշտի այս պահերուն, մեր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնենք Մարմնոյդ, հանգուցեալ ընկերոջ ընտանիքին եւ հարազատներուն, ինչպէս նաեւ բոլոր ընկերներուն։

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ

29. Դեկտ. 2014

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո

Վշտով տեղեկացանք ազգային – քաղաքական, պետական հասարակական ականավոր գործիչ և Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Այս առթիվ ՚Թեքեյան ԿենտրոնՙՀիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի և տնօրինության անունից հայտնում ենք մեր ցավակցությունը ՀՀԴ հայաստանյան և աշխարհասփյուռ բոլոր կառույցներին, Վահան Հովհաննիսյանի հարազատներին և մտերիմներին :

Վշտակցությամբ՝ «Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամ

 

Արտաքին գործերի նախարարություն

29. Դեկտ. 2014

Կյանքից վաղաժամ հեռացավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը։

 

ԱԺՄ կուսակցության ցավակցագիրը

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

ԱԺՄ կուսակցությունը խորապես վշտացած է ականավոր քաղաքական գործիչ, հայոց պետականության ակունքներում կանգնած, պետականության կայացման գործում մեծ ներդրում ունեցած, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի կորուստը մեծ է, մենք կորցրեցինք մեծ հայրենասերի, բարձր մտավորականի, անձնվեր զինվորի: Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակահատվածը, երբ միասին էինք պայքարում պետական արժեքների և մեր ազգային երազանքների իրականացման համար: Անելիքները դեռ շատ են, սակայն մեզ հետ չէ Վահան Հովհաննիսյանը: Իր բոլոր չափանիշներով իսկական առաջնորդ էր Վահանը, այն հազվագյուտ մարդկանցից, որոնք լուսավորում են շրջապատը, պատկանում են հանրությանը ու հեռանում են լույս սփռելով: Խոր վշտով ցավակցում ենք Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին այս մեծ կորստի համար:

Ազգային ժողովրդավարական միություն

 

 ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ

29. Դեկտ. 2014

Ցավով տեղեկացա ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:

Վահան Հովհաննիսյանը նորանկախ հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող գործիչ էր, հայրենասեր, բազմիմաց ու նվիրյալ անձնավորություն: Վահանի վաղաժամ մահը կորուստ է մեր երկրի և մեր բոլորի համար:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մերձավորներին, Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին:

Արա Աբրամյան
Համաշխարհային հայկական կոնգրեսի և
Ռուսաստանի հայերի միության նախագահ,