- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի մի քանի բնութագրիչներ

XXI դարում ժողովուրդները, սրընթաց արագություն ձեռք բերած քաղաքակրթական բնույթի փոփոխություններում, ստիպված են կողմնորոշվել վազքի մեջ, երբեմն արմատական հեղաշրջում կատարելով իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ գաղափարական արժեքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը:Ընդորում յուրաքանչյուր ազգ պարտադրվում է կատարել արժեւորումներ՝ գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցությունն իր կենսագործունեության վրա, ինչպես նաեւ որոշելու սեփական ներուժի ծավալն ու լծակները ժամանակակից աշխարհում:

Սույն օրինաչափությունն առավել ցցուն անդրադարձներ է ունենում աշխարհի զգայուն հատվածներում՝ քաղաքակրթությունների եւ ազդեցությունների կոնտակտային տարածքներում: Սա առավել ակնառու է հայկական լեռնաշխարհի եւ հարակից տարածքների առումով, ուր դարեր շարունակ ընթացող բարդ էթնոքաղաքական գործընթացները ձեւավորել են յուրահատուկ քաղաքական միջավայր:
Արդյունքում առաջացել է քաղաքական տնտեսական, մշակութային ազդեցությունների բարդ մի համակարգ, որն հազարավոր թելերով առնչվում է աշխարհում գործող համարյա բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների եւ մոդելների հետ: Այդ կապերը ոչ միայն ուղղահայաց եւ հորիզոնական են, այլ նաեւ անկանոն, խաչաձեւ բնույթ են կրում ու իբրեւ հետեւանք մեծապես զգալի են երկրի ու ժողովրդի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Կարող ենք թվարկել մի քանիսը՝ ժողովրդի կողմից ազգային անվտանգության հիմնադրույթների սրված ընկալում, գաղտնի ծառայությունների առավել ակտիվ աշխատանք, օտար ազդեցություններին ենթարկվածության մեծ աստիճան, քաղաքական դաշտի անկատարություն եւ այլն: Այսպիսով՝ ներկա իրավիճակի առաջին բնութագրիչը՝ Հայաստանի՝ Միջին Արեւելքում եւ Հարավային Կովկասում առանձնակի կոնտակտային տարածք հանդես գալու հանգամանքի մեջ է:

Երկրորդ բնութագրիչը՝ Հայաստանի անկլավային վիճակն է, անկլավ քաղաքական եւ տարածքային իմաստով, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեր իրավիճակի առանձնահատկություններից է սա, որ լինելով քաղաքակրթական եւ քաղաքական ամենատարբեր ազդեցությունների կիզակետում, Հայաստանն այսօր եւս շարունակում է մնալ անկլավ քաղաքական, կոմունիկացիոն եւ մշակութային առումներով:

Մենք ստիպված ենք փոքր բացառություններով ամրագրել մեր մշակութային եւ քաղաքական ընկալումների ու առաջնահերթությունների տարբերությունը տարածաշրջանի համարյա բոլոր ժողովուրդներց:

Իրավիճակի երրորդ կարեւոր բնութագրիչը՝ հայ ժողովրդի աշխարհասփյուռ լինելն է: Ազգային մեծ ողբերգության՝ Ցեղասպանության եւ անկախ պետականության կորստի հետեւանքով տարբեր երկրներում առաջացած համայնքները տասնամյակների համառ ու հերոսական աշխատանքի շնորհիվ ստացել են կազմակերպական ձեւ՝ Սփյուռք:

Հայաստանի անկախության վերականգնումից հետո սփյուռքահայության դերն ու կշիռը նոր իմաստավորում ստացան քաղաքական եւ տնտեսական բնույթի աշխարհաքաղաքական բարդ զարգացումներում:

Իրավիճակի այս երեք բնութագրիչների վերլուծությունը հանգեցնում է եւս մի քանի հաստատումների, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել Հայաստանի համապարփակ քաղաքական ուղեգիծը մշակելիս.

Ժամանակակից աշխարհը պետություններից եւ ազգերից պահանջում է սեփական ներուժի առավելագույն կենտրոնացում, օգտակար գործողության գործակցի համաչափ բարձրացում, դրանց ռացիոնալ ու նպատակային կիրառում: Այժմ մենք կանգնած ենք ջրբաժանի առջեւ եւ այլեւս իրավունք չունենք կատարելու անպատրաստ ու անզգույշ շրջադարձեր:

Անթույլատրելի է շարունակել իրադրային վիճակներին համակերպվելու քաղաքականությունը: Կամ պիտի հաստատենք մեր արժանապատիվ տեղն ու դերը աշխարհում, կամ հակառակ պարագայում ճակատագիրը մեզ շնորհելու է այլ հզոր ժողովուրդների արժեքներին սպասարկողի ու ծառայողի դերակատարություն: