- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Քսանամեայ լիբերալիզմի ՀՅԴ այլընտրանքը

Համայնավարական ճամբարի փլուզումից յետոյ, հակառակ այն ճշմարտութեան, որ այդ գաղափարախօսութիւնը շատ հեռու էր իսկական ընկերվարութիւնից, այնուամենայնիւ, միջազգային հանրութեան աչքին մեծապէս վարկաբեկւեց ընկերվարական արժէքային համակարգը:

Ամբողջ աշխարհում դրամատիրական համակարգը անիրաւաբար՝ յաղթող կողմի իրաւունքով ընկալւեց իբր՝ մարդկութեան ապագան կերտող ճշմարիտ ու յուսալի կենսաձեւ: Լիբերալիստական գաղափարախօսութիւնը, որպէս դրամատիրական համակարգի քաղաքական երես, իր յաղթական գրոհներից արբեցած, ծնունդ տւեց իր ծայրայեղական տարբերակին՝ նէո-լիբերալիզմին, որը ամբողջ երկու տասնամեակ միահեծան իշխանութիւն հաստատեց համաշխարհային տնտեսական հաստատութիւնների եւ զարգացած երկրների տնտեսական կառոյցների վրայ, եւ սրանց ճնշման ուժով նաեւ մուտք գործեց տնտեսապէս թերաճ երկրներ:

Այսօր այդ յաղթական ու ծիծաղելիօրէն ինքնավստահ գրոհները ամբողջ աշխարհը դրել են գրեթէ անբուժելի տնտեսա-ընկերային խորը տագնապի մէջ: Շուկայի բացարձակ պաշտամունքը եւ ագահութեան մեծարումը՝ որպէս մարդու լաւագոյն յատկանիշի, միլիոնաւոր մարդկանց մղել են աղքատութեան եզր: Գրեթէ բոլոր երկրներում սակաւաթիւ հարուստ շերտը աւելի է հարստացել, իսկ աղքատների թիւը մեծացել է: Արդիւնքում՝ միջին խաւերը թէ որակապէս եւ թէ քանակապէս անկում են արձանագրել: Մի խօսքով ընկերային բեւեռացումը, մեծ չափերի հասնելով, սկսել է վտանգել հասարակական համերաշխութիւնն ու տնտեսական զարգացման հեռանկարը:

Այս երեւոյթների հիմքում ընկած է նէո-լիբերալիստական գաղափարախօսութեան սնանկութիւնը, որը հաւատում է միայն ու միայն տնտեսական գործունէութեան բացարձակ ազատութեան: Որտեղ արդարութիւնը իրեն զգացնել տալու ոչ մի բարոյական իրաւունք չունի: Որտեղ, իբր արդարութիւնը խանգարում է տնտեսական սրընթաց զարգացման գործին: Հետեւաբար, նէո-լիբերալիզմը ձգտում է փոքրացնել, իսկ եթէ հնարաւոր է նոյնիսկ վերացնել պետութեան եւ հասարակական կառոյցների կարգաւորող եւ չափաւորող դերը՝ տնտեսական ու շուկայական յարաբերութիւնների մէջ:

Հ.Յ.Դաշնակցութեան ընկերվարական մօտեցումները արմատապէս տարբերւում են մի կողմից համայնավարական, միւս կողմից՝ լիբերալիստական ու յատկապէս նէո-լիբերալիստական դեղատոմսերից:

Մօտիկ անցեալում, համայնավարական աշխարհում, քաղաքացու տնտեսական ազատ գործունէութիւնը, որ հիմքն է մրցակցութեան, խեղդւեց եւ տնտեսութեան պետական կենտրոնացեալ ղեկավարումն, աւարտւեց ամբողջական սնանկացմամբ, լճացմամբ ու համատարծ կոռումպացմամբ: Իսկ անցնող տարիների ընթացքին, նէո-լիբերալիստական համակարգի պայմաններում, պետական ու հանրային սեփականութեան ձեւերը իրենց տեղը զիջեցին մասնաւոր սեփականատիրութեան. պետութիւնն ու հասարակական կառոյցները (արհմիութիւններ եւ այլն) նահանջեցին, եւ ահա տնտեսական կեանքը աւարտւեց համատարած տագնապով, ընկերային բեւեռացմամբ ու ժողովրդական ապստամբութիւններով:

Մեր համոզմամբ՝ քաղաքացիների տնտեսական ազատ մրցակցային գործունէութիւնը չպիտի խաթարի ընկերային արդարութիւնը, ինչպէս եւ ընկերային արդարութեան ենթադրեալ պաշտպանութիւնը չպիտի հասնի մինչեւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմանների ամբողջական վերացման:

Հ.Յ.Դ. Ծրագրի համաձայն՝ տնտեսական զարգացումն եւ ընկերային արդարութիւնը փոխլրացնող նախապայմաններն են ժողովուրդների բարեկեցութեան եւ բարգաւաճ կեանքի ստեղծման համար: Դաշնակցութեան դիտանկիւնից՝ յանուն նէո-լիբերալիստական տիպի միջազգային մրցակցութեան, թոյլատրելի չէ կամայականօրէն գնալ այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝ նւազագոյն աշխատավարձերի եւ սոցիալական ու հանրային բուդջէների կրճատումները, բարձր եկամուտների հարկերի նւազեցումները եւ այլն:

Մրցակցութեան մէջ յաջողելու գլխաւոր երաշխիքը՝ զարգացման ու գործունէութեան հաւասար պայմանների ապահովումն է բոլոր քաղաքացիների համար: Չպէտք է մոռանալ, որ ժամանակակից աշխարհում մրցակցութիւնը ոչ միայն ապրանքների, ծառայութիւնների ու ֆինանսների մէջ է տեղի ունենում, այլեւ դրանց ստեղծող ու ղեկավարող որակեալ աշխատուժի մէջ:

Սխալ է եւ կործանարար, միջազգային տնտեսական հաստատութիւններին անվերապահօրէն ենթարկւելու վարքագիծը, քանզի դրանց հիմքում առ այսօր ընկած են եղել նէո-լիբերալիստական լուծումները: Շատ եւ շատ հարցերում հնարաւոր է եւ պէտք է որդեգրել տեղական պայմաններին համապատասխան եւ սեփական տնտեսութիւնը հովանաւորող գործընթացներ:

Հ.Յ.Դաշնակցութեան ընկերվարական գաղափարները, որոնք մշտապէս թարմացւում են համաշխարհային փորձի ժամանակակից ձեռքբերումներով եւ հաշւի են առնում մեր հայրենիքի առկայ առանձնայատկութիւնները, միտւած են ձեւաւորել արդիւնաւէտ, մրցունակ, ընկերային արդարութեամբ եւ պետական կարգաւորումով հաւասարակշռւած տնտեսական համակարգ: