- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Սարքովի քաղաքական դաշտ

khmbagrakan [1]Բոլորովին վերջերս սկսվեց եւ դեռ չի ավարտվել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցության փլուզումը: Այն ուժը, որը կատարվածից ընդամենը 1-2 օր առաջ կարող էր թվալ հզոր եւ անսասան, այնպես փլուզվեց ինչպես թղթե տնակը՝ քամուց: Նման երեւույթը, ինչն արտառոց կլիներ այլ երկրների համար, այդպես չէ մեր դեպքում:

Դրանում համոզվելու համար կարելի է պարզապես արձանագրել այն կերպափոխությունները, որ տեղի են ունեցել գործող խորհրդարանում (գործող խորհրդարանը ընդունենք օրինակ, որովհետեւ հիմնական քաղաքական դերակատար ուժերը ներկայացված են հենց այստեղ, իսկ արտախորհրդարանական ուժերին, նյութական օրենսդրական եւ այլ պատճառներով, ակտիվ ինքանդրսեւորման հնարավորություն տրված չէ):

Եւ այսպես ներկա գումարման խորհրդարանական վեց խմբակցություններից ՀԱԿ-ն ու Ժառանգությունը պառակտված են, ՕԵԿ-ը սկզբում կոալիցիա ձեւավորեց բացարձակ հաղթանակ տարած ՀՀԿ-ի հետ, այնուհետեւ լքեց կոալիցիան իրեն հայտարարելով ընդդիմադիր ուժ: Օրինացերկրականների նախագահը հրաժարվեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից, իսկ կուսակցության նախարարները գերադասեցին դուրս գալ կուսակցությունից եւ պահպանել կառավարական աթոռները:

Եթե հետ գնանք դեպի նորանկախ Հայաստանի ոչ երկար պատմության խորքը, ապա կտեսնենք, որ քաղաքական դաշտի այլափոխություններն ու փլուզումները մեր քաղաքական կյանքի մշտական ու բնորոշ երեւույթներից են: Կարելի է հիշել քաղաքական ուժերի, կուսակցությունների, որոնք եղել են մեկ բան, (գաղափարախոսության ու քաղաքական դավանանքի առումով) սակայն վերածվել են բոլորովին այլ բանի, ինչպես եւ դերակատարություն ունեցած կուսակցությունների, որոնք փաստացի գոյություն չունեն այսօր: Դրանց թվում ամենաակնառու օրինակն իհարկե, անկախության ակունքներում կանգնած <Հայոց համազգային շարժումն> է, որի համահայաստանյան հզոր կառույցները եւս փուլ եկան, տրոհվեցին հակոտնյա մասերի, եւ որն այսօր գոյատեւում է խիստ սահմանափակ ներուժով: Այն պարագայում, երբ իրենց հիմնական դեմքը հանդիսացող ու երկրի առաջին նախագահը գլխավորում է այլ ուժերի ու նույնպես հակադրության մեջ է իր քաղաքական կարիերան ապահոված ՀՀՇ-ի հետ:

Առանց չարախնդալու, կարելի է ասել, որ իր հնարավորություններով ամբողջովին, (եւ դեռ մի բան էլ ավելի) ՀՀՇ-ին փոխարինած ներկայիս կառավարող ուժը դժվար թե խուսափի իր նախորդի ճակատագրից, երբ մի օր, ցանկանա թե չցանկանա, դառնալու է ընդդիմություն: Կարելի է մի պահ հիշել իշխող կուսակցությանը մաս կազմող մեծահարուստներին ու պաշտոնյաներին համոզվելու համար, որ նրանք կմեռնեն, բայց չեն կրի ընդդիմության <ծանր խարանն ու ճակատագիրը>: Իսկապես ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այդքան տխուր եւ մանավանդ մտահոգիչ չլիներ:
Խնդիրն ի վերջո քաղաքական այս կամ այն ուժը չէ, այլ երկրի քաղաքական դաշտը, որն էլ կազմում է պետական համակարգի միս ու արյունը:

Ասվածն ամբողջության մեջ պատկերացնելու համար պետք է նկատի ունենալ նաեւ կառավարման չինովնիկական բուրգը, որի կուսակցական ներկայացուցիչները ամեն օր հետեւում են քաղաքական դաշտում տիրող եղանակային փոփոխություններին, քամուն համընթաց, ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվելու եւ վերակողմնորոշվելու համար:

Ավելորդ է նշել նաեւ, որ նման պայմաններում անիմաստ է մտածելը մեզանում քաղաքական մշակույթի ավանդույթների ձեւավորման մասին, որոնք հանդիսանում են կայացած պետությունների չգրված սահմանադրությունները:

Մի պահ պատկերացնենք օրինակ Միացյալ թագավորության միապետի խոսքի ազդեցությունը երկրում՝ անկախ անգամ սահմանադրորեն իրեն վերապահված իրավասություններից: Կամ պատկերացնենք ընդդիմության նկատմամբ իշխող ուժի անձնավորված վերաբերմունք Գերմանիայում, ֆրանսիայում: Կամ կայուն պետականությամբ մեկ այլ երկրում տարբեր ոլորտների կուսակցականացման երեւույթը, քաղաքական ասպարեզ մտած մարդկանց ցատկոտումները կուսակցությունից-կուսակցություն եւ այլն:

Երեւույթի մեղավորների թվում կարելի է նշել.

ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԾՈՎ , երբ նրանք, գայթակղվեցին չկազմաքանդված ավտորիտար համակարգերով ու հանրության մեջ այդպիսի մտայնությունների գոյությամբ: Գերադասեցին ուղղորդել քաղաքական ողջ դաշտը, իշխանության ընձեռած հնարավորություններն ու լծակներն օգտագործեցին ընտրական գործընթացներում հաղթանակ տոնելու համար,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ, որոնք հաճախ կուսակցությունների ստեղծումը բիզնես նախագծերի հետ շփոթելով թխեցին ինչ որ ծրագրեր ու կանոնագրեր եւ փորձեցին ամեն գնով տաքուկ տեղ ապահովել <արեվի տակ>
ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻՆ, որն իր ստացած դասերի հիման վրա, քաղաքական ուժերի նկատմամբ քվեով արտահայտված վերաբերմունք դրսեւորելու փոխարեն, այլ գործոնների թելադրանքով, կայացնում է որոշումներ, ոչ ըստ խղճի եւ տրամաբանության մտոք:

Կարելի է իհարկե երեւույթների պատճառների մասին ավելի շատ խոսել, բայց ախտաճանաչումներից ավելի կարեւոր է պատասխանելը այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այս կերպ շարունակել ներքաղաքական գործընթացները եւ երազել ուժեղ պետության մասին:

Նկատի ունենանք նաեւ, որ քաղաքականությունից են ածանցվում սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտն ու հասարակության ցուցաբերած արձագանքը:

Հայաստանն իսկապես կանգնած է, քաղաքական համակարգի որակական բարեփոխման հրամայականի առջեւ:

Այս դաշտում, նույնիսկ մեր ապագաղափարական ժամանակներում, գործունեության հիմք պետք է ընդունվեն գաղափարները: Քաղաքական ուժերը պետք է ձեւավորվեն գաղափարների, քաղաքական նպատակների եւ ոչ թե անձերի շուրջ: Իշխանության ձգտումը չի կարող շարունակվել որպես ինքնանպատակ եւ ամեն գնով ձեռք գցելու արժեք:

Իսկ ով պետք է այս վիճակին համարժեք գնահատական տա եւ ընդառաջ գնա բարեփոխումներին: Հասարակությունն ու իշխանությունները փոխկապակցված են եւ մեկի կամ մյուսի ուսերին բարդելը կնմանվի հավի ու ձվի պատմությանը: Ամեն պարագայում մեխանիզմների հստակեցումն ու դրանց առաջարկը իշխանությունների եւ քաղաքական հանրության գործառույթն է: Նույն չափով որքանով, որ այդ գործընթացների տապալումը: