- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Թաքնվելով սեփական ձախողումների ետեւում

khmbagrakan [1]Ծանոթանալով հայրենի որոշ լրատվամիջոցների ամենօրյա լրահոսին դժվար է չգտնել որեւէ նյութ, որ կվերաբերի ՀՅԴ-ին եւ մասնավորապես մոտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու «գույժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպավորություն ես ստանում, թե այս հարցը ներկա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հիմնահարցն է:

Ավելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խոսափող հանդիսացող տվյալ լրատվամիջոցները բոլորովին էլ Դաշնակցության վաղվա օրվա նկատմամբ անկեղծ մտահոգությունից դրդված չէ, որ այսպես իրարով են անցել: Դատելով տարիներ շարունակ նրանց դրսեւորած վերաբերմունքից նույնիսկ ուրախ էին լինելու, որ ահա ՀՅԴ նրանց «կընձեռի» քննադատելու, հրաշալի առիթ: Եւ կասկած էլ չկա, որ եթե իսկապես ՀՅԴ-ն վաղը կոալիցիա կազմի իշխանության հետ հաջորդ օրվանից ավելի բարձր է հնչելու զուռնան եւ միաժամանակ սկսելու են այս անգամ ազդարարել, թե Դաշնակցությունը շուտով լքելու է կոալիցիան:

Բայց ինչո՞ւ են այդ դեպքում ժամանակից շուտ այսքան հուզվել եւ այսքան վաղ սկսել դեռեւս օդում պտտվող ենթադրությունների դեմ հարձակումները: Մի՞թե իսկապես այս երկրում ավելի կարեւոր խնդիր գոյություն չունի:

Նորից եկեք հիշենք, ինչպես հայրենի ընդդիմությունը հայտարարում էր 2014թվականի աշունը թեժացնելու մասին՝ շուտափույթ իշխանափոխությունը հռչակել էր գերխնդիր եւ միաժամանակ թիրախ էր ընտրվել սահմանադրական բարեփոխումների գաղափարը:

Հիշենք նաեւ ինչպես մարտավարական մոտեցումները պատճառ դարձան, որ քառյակից զատվի ՀՅԴ-ն եւ առանձնաբար շարունակի ճանապարհը: Ընդդիմադիր եռյակի ձեռնարկած իշխանափոխության գործընթացն ինչ վախճան ունեցավ նույնպես գաղտնիք չէ: Եւ հիմա, բարձրագոչ հայտարարություններից ու խոստումներից հետո, գործընթացների նախաձեռնողները զգում են իրենց ժողովրդական հիասթափության պատի եւ քաղաքական անելի առաջ:

Այդ նույն ժամանակ սահմանադրական բարեփոխումների գաղափարը, որի մասին Դաշնակցությունը խոսել է տարիներ շարունակ կարծես թե գործնական հուն է տեղափոխվել եւ արդեն իսկ նախնական քայլերն արված են: Ակնհայտ է այլեւս, որ իսկապես իշխանությունը լրջորեն է տրամադրված այս նպատակն իրականացնելու հարցում: Անկախ մոտեցումների ինչ-ինչ տարբերություններից, որոնք բնականորեն կարող են լինել, շատ դժվար է վիճարկել այն հարցը թե ընդհանուր բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Ստացվում է, որ Դաշանակցությունը սխալ չէր կամ, այսպես ասած, կեղծ հետքով չէր շարժվում:

Դաշնակցությունը ոչ միայն գաղափարի հեղինակներից է, այլեւ այս գործընթացին մասնակցում է սկզբունքային առաջարկներով, որոնց զգալի մասն էլ արդեն իսկ համարժեք վերաբերմունքի է արժանացել համապատասխան շրջանակներում:
Դժվար է իհարկե քաղաքական ուժին մեղադրել երկրի վարչա-քաղաքական համակարգի, ժողովրդակարական իսնտիտուտների բարեփոխման գործընթացին մասնակցելու համար: Այս դեպքում խեղճ փաստարկ է այն պնդումը, թե չի կարելի գործակցել ոչ լեգիտիմ իշխանությունների հետ: Որովհետեւ եթե ինչ-որ մեկն իսկապես ստույգ տվյալներ ունի իր ձեռքին իշխանության ոչ լեգիտիմության մասին եւ, ըստ այդմ, դեմ է գործակցությանը, ուրեմն նախ եւ առաջ վայր պետք է դնի մանդատը, քանի-որ իր քննարկած օրենքները վերջնական վավերացում են ստանում նույն նախագահի կողմից: Փաստարկների այս շարքը կարելի է շարունակել, բայց չարժե գնալ անհեթեթությունները քաղաքական գործելակերպի վերածելու տրորված ճանապարհով:

Ինչ վերաբերում է Դաշնակցության քննադատությանը, ապա ակնհայտ է դառնում, որ այն բխում է քաղաքական գործընթացներին ՀՅԴ -ի ակտիվ դերակատարությանը հակառակ՝ քաղաքական փակուղում հայտնվելու այլոց հոգեբանական վիճակից: Չէ որ մեր երկրում քաղաքական դաշտը սեփականաշնորհելու հին ավանդույթ կա՝ եթե դու իշխանություն էս, ապա այն միայն քեզ պետք է պատկանի, իսկ եթե ընդդիմություն էս, ապա այդ դաշտում ուրիշները կարող են «շնչել» միայն քո արբանյակը լինելու պայմանով: Նույնպես հին ավանդույթ է քաղաքական այս կամ այն դաշտում հիմնական դերակատար լինելու համար ոչ թե գաղափարական ու քաղաքական մրցակցությունն ընտրելը, այլ որդեգրելը վարկաբեկումների միջոցով մրցակիցներին չեզոքացնելու ճանապարհը:

Ինչի եւ ականտեսն ենք այս օրերին:
Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ Դաշնակցության համագործակցության հեռանկարին:

Բազմաթիվ անգամներ ՀՅԴ տարբեր պատասխանատուներ չեն ժխտել, որ երկրի համար առանցքային նշանակության խնդիրների լուծումների դեպքում չի բացառվում նման հավանականությունը: Միաժամանակ պարզաբանվել է, որ ներկայումս դեռ վաղ է ինչ-ինչ կոնկրետ համաձայնությունների մասին խոսելը: Միեւնույն է համապատասխան տեղն արեւի տակ ապահովելու ավանդական գործելակերպը շարունակվում է:

Ի դեպ իշխանությանը մաս կազմելու կամ չկազմելու մասին:

Քաղաքական նույն ավանդույթի համաձայն ընդդիմադիր եւ իշխանական դաշտերը պետք է անջրպետված լինեն բարիկադներով, մերժեն մեկմեկու գոյությունը եւ առավել հավաստիության համար չմոռանան միմյանց հասցեին որակումները համեմել հայհոյանքներով:

Թե քաղաքական դաշտը մշտապես լարված ու պառակտված պահելը ինչպիսի ազդեցություն է թողել ներհասարակական մթնոլորտի վրա հայտնի է իր համապատասխան հետեւանքներով:

Այնինչ իշխանություն լինելը չպետք է իշխանավորներին ազատեր ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր տեսակետների եւ ընդդիմադիր զանգվածների նկատմամբ պատասխանատվությունից, ինչպես որ երկրում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվությունից չի ազատում ընդդիմադիրի կարգավիճակը:

Իրականում կարելի է մաս կազմել իշխանությանը առանց կորցնելու սեփական դեմքը, ինքնուրույնությունը եւ սեփական տեսակետը պաշտպանելու կամքը, ինչպես որ ընդդիմություն լինելով հնարավոր է չունենալ ասելիք, ինքնուրույնություն, գործունեության ծրագիր եւ սեփական սկզբունքների համար պայքարելու կարողություն:

Քաղաքական ուժերը եւս ունենում են իրենց բնավորությունը եւ եթե դու պատեհապաշտ ես, ամբոխվար, քաղաքական կազմակերպված պայքարի կարողականությունից զուրկ ու անհանդուրժող, ապա այդպիսին կլինես եւ իշխանության աթոռին եւ ընդդիմության աթոռին բազմելու պարագայում:
Ամեն դեպքում օգտակարության չափանիշը ոչ թե ճառերը, խոստումներն ու բարձրագոչ հայտարարություններն են, այլ կոնկրետ գործը՝ թեկուզ փոքր, թեկուզ երկարատեւ շնչի, բայց հստակ նպատակի տանող գործը:

Գործով պետք է զբաղվել ուշադրության չարժանացնելով ասեկոսները, որոնք մեզանում միշտ ձգտել են ստվերել գործն ու գործ անողին: