- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Ում են պատկանում դափնիները

khmbagrakan [1]Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված աշխատանքները տալիս են իրենց արդյունքները: Կարելի է ասել, որ ակնկալիքները հիմնականում իրականանում են:

Ակնհայտ է նաեւ այն համահայկական խանդավառությունը, որ ծնունդ է արձանագրված եւ դեռ արձանագրվելիք արդյունքների:

Այս խորապատկերի վրա, հայ իրականության մեջ նկատելի է մի մասնավոր երեւույթ: Գտնվում են ոմանք, ովքեր ցանկանում են այս կամ այն ձեռքբերումները վերագրել իրենց աշխատանքին:

Եթե փորձենք հստակեցնել թե իրականում <ում են պատկանում դափնիները>, ապա պետք է նախ արձանագրենք, որ հենց այնպես ոչինչ չի լինում: Օտար քաղաքական, դիվանագիտական ու այլ շրջանակների կողմից, ի պաշտպանություն ճանաչման եւ դատապարտման հարցի կատարած որեւէ քայլ արդյունք է որոշակի, հաճախ տարիներ ու տասնամյակներ գործադրած ջանքերի: Աշխատանք, որ հաճախ չի շեփորահարվել, իսկ շատ դեպքերում էլ իրականացվել է ամենօրյա լուռ ու հետեւողական քայլերի շնորհիվ:

Հայրենիքում, անկախ պետականության ամրապնդման հետմ բնականորեն ինքն իրեն հաստատելու էր ազգային անկախ մտածողությունը՝ սեփական իրավունքներին տեր կանգնելու, պաշտպանելու եւ հետապնդելու մղումը մաս էր կազմելու մեր կյանքի ամենօրյա օրակարգին:

Եթե անկախությանը հետեւած առաջին տարիների մտքերի շփոթի պայմաններում Հայ դատի պաշտպանությանն ուղղված ձայներին արձագանքողները Հայաստանում ստվար չէին, իսկ քիչ չէին նաեւ թերահավատներն ու քննադատները, ապա ակնհայտ է, որ այսօր, անգամ սոցիալական մաշող պայմաններում, ժողովուրդն իր բոլոր շերտերով համակված է ազգային առօրյա ու հեռահար մտահոգություններով՝ սահամաններին տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններով, Հայաստանի ապագայի տեսլականներով:

Որպես երեւույթի արդյունք այսօր շատերը, հաճախ սեփական նախաձեռնությամբ, հաճախ ինքնաբուխ, համակիր խմբերով կամ կազմակերպական կարգավիճակով ներգրավված են ընդհանուր պայքարի մեջ եւ ցանկանում են ներդրում ունենալ ընդհանուր գործում:

Եւ եթե կարող ենք այսօր արժեւորել արդյունքները, որ ունենք, ապա ճիշտ է գնահատել դրանք որպես համահայկական հավաքական ճիգերի արդյունք: Այդ համահայկական ջանքերի շրջագծում իհարկե պետք է արժանին մատուցել Հայաստանի պետական կառույցների կատարած դերին՝ քաղաքական, դիվանագիտական եւ այլ ոլորտների ընդգրկմամբ:

Փաստն այն է, որ նման աշխատանքները բոլորովին այլ կշիռ ու ազդեցություն են ձեռք բերում, երբ դրանց առջեւում կանգնում է պետությունը՝ իր համապատասխան կարողականությունների ամբողջական ներդրմամբ:

Պետական աշխատանքի բնույթը պահանջում է, որ այն հաճախ հեռու լինի ցուցադրականությունից եւ բարձրագոչ հրապարակայնությունից, բայց որ լուրջ ու լայնածավալ աշխատանք է տարվել կարծես թե գաղտնիք չէ ոչ մեկի համար:

Ուրեմն ո՞ւմ են պատկանում դափնիները: Եւ անմիջապես էլ հաջորդ հարցը, իսկ անհարաժե՞շտ է նման գործի դիմաց դափնիներ բաժանել եւ կամ շնորհակալություն հայտնել չարչարանքի համար:

Հայոց ցեղասպանությունը մեր ընդհանուր ցավն է, հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման եւ մանավանդ ազգային կորուստների վերադարձման ու փոխհատուցման խնդիրը հոգու պարտք է անցյալի ներկայի ու ապագայի առջեւ՝ հզոր ու անվտանգ հայրենիք ունենալու համազգային տեսլականն է: Հետեւաբար ոչ գնահատում ոչ պարգեւ ու ոչ էլ ծափողջյուններ չպետք է ակնկալի ոչ ոք:

Կարելի է անշուշտ թեթեւ նայել եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր դերակատարությունը ընդգծել, մտահոգությունը սակայն բոլորովին էլ մասնավոր հավակնությունների եւ կամ մրցակցության հարցին չեն վերաբերում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծավալված պայքարը ներազգային կյանքում գոյացրեց մի զարմանալի համերաշխություն եւ միակամություն: Այս երեւույթը ընդհանուր պայքարի ոչ պակաս կարեւոր արդյունք է, ինչը նույնպես պետք է պահպանել: Կրկին անգամ համոզվեցինք, որ աշխարահասփյուռ հայության ջանքերի մետեղմամբ կարելի է այնպիսի էներգիա գոյացնել, որ ոչ միայն ցունամի կառաջանա, այլեւ հնարավոր է աշխարհում քաղաքական եղանակ փոխել:

Կրկին անգամ համոզվեցինք, որ հայության միասնականությունը ազգային արժեք է՝ մեր գալիք հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը:

Եւ եթե հիմա փորձ արվի առանձնացնել ու կարեւորել սրա կամ նրա դերակատարության չափը անմիջական հետեւանքները լինելու են միասնական բռունքցքի բաժանումը առանձին մատների, հավաքական ուժի կոտորակումը, իսկ սրան էլ անխուսափելիորեն կհետեւեն ներազգային տարակարծությունները: Կվտանգվի հիմնականը՝ հավաքական տեսլականների մարմնավորմանը տանող գործընթացը:

Հետեւաբար քանի դեռ երեւույթը ցցուն դրսեւորումներ չի ստացել, պատշաճ է զսպել մասնավոր հավակնությունները, որտեղ էլ որ դրանք ի հայտ կգան, եւ շարունակել տանել սեփական բաժին բեռը: