- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Նոր հորիզոններ

khmbagrakan [1]Իրանի եւ միջազգային միջնորդ վեցնյակի միջեւ, սույն թվականի հուլիսի 14-ին կայացած համաձայնությունը միջազգային հարթակում գնահատվեց, որպես պատմական ձեռքբերում: Ձեռքբերումը պատմական էր, ոչ միայն այն պատճառով, որ իրենց լրումին հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ ձգված թնջուկը եւ վերջինի շուրջ մոտ երկու տարի ձգվող բանակցությունները: Շրջանառված ձեւակերպման համաձայն այս քայլը կարող է լուրջ վերափոխման ենթարկել Մերձավոր արեւելքի աշխարհաքաղաքական առկա ճարտարապետությունը:

Տնտեսկան ու քաղաքական շրջափակումից ձերբազատվող եւ այս երկու ասպարեզում էլ մեծ ներուժ ունեցող Իրանը կարող է նոր մոտեցումների եւ նախաձեռնությունների հնարավորություն տեղծել շատ հարցերում, որոնց մասին, սակայն առայժմ խոսվում է զգուշավորությամբ: Իրականում շատ բան պայմանավորված կլինի նրանով, թե Իրանը, նոր պամաններում ինչպիսի վարքագիծ կդրսեւորի կողմնորոշումների առումով եւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բարդ խնդիրների նկատմամբ մոտեցումների տեսանկյունից: Մյուս կողմից նոր կացության ձեւավորումը անհնար կլիներ, եթե ի հայտ չգար համաշխարհային գլխավոր դերակատարների եւ մասնավորաբար ԱՄՆ-ի մեծ շահագրգռությունը՝ ներդաշնակեցված Ռուսաստանի ու Եւրոպայի համախոհության հետ: Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակը նմանվում է մշուշով եզերվող հորիզոնի, որից այն կողմ թե ինչ կարող է լինել առայժմ կանխատեսումների մակարդակի վրա է:

Հատկապես, որ դեռեւս պարզորոշ չէ աշխարհաքաղաքական հեռանկարը՝ ելնելով մասնավորապես, Մերձավոր արեւելքի վերաձեւման գործընթացից:

Չհավակնելով պատասխանել տրամաբանական ենթադրությունների տեղիք տվող հարցադրումներին, փորձենք առաջադրել հարցեր, որոնք առհասարակ, ճիշտ ձեւակերպման դեպքում կարող են նաեւ հուշել հնարավոր պատասխանները:
Վերջին տարիներին Մերձավոր արեւելքը փոթորկած հեղաշրջումների ու պատերազմների գլխավոր պատճառներից մեկը եղել է ցանկությունը թուլացնելու ու չեզոքացնելու իրանական ազդեցությունը շիայական աշխարհի եւ մեծ հաշվով տարածաշրջանի վրա:

Ի դեպ, եթե հարձակումների թիրախ ուղղակիորեն չդարձավ Իրանը, ինչում մեծ շահագրգռություն էին դրսեւորում որոշ մոտ ու հեռու հարեւաններ, ապա այդ հարցում առաջին հերթին պետք է տեսնել հենց իրանական պետության խոր ավանդույթներ ունեցող շրջահայաց ու ճկուն քաղաքականությունը:

Եւ այստեղից բխում է կարեւորագույն հարցերից մեկը. Իրանը շրջափակումից դուրս բերելու եւ դրանով խաղի մեջ ներգրավելու ցանկությունը արդյո՞ք պայմանավորված չէ վերոնշյալ գործընթացի վերանայման նպատակով:
Տարվելով մի խաղով, որի արդյունքում նաեւ քաղաքակրթության օրրանը հանդիսացող տարածաշրջանի համար մոտ հարյուր տարի առաջ գծված քարտեզը պետք է նորացվեր, արեւմուտքը ու հատկապես ԱՄՆ-ը կամա եւ ակամա ծնեցին իսլամական ծայրահեղականության հրեշին եւ մի շարք տերությունների համագործակցությունը դավանական ագրեսիվ անհանդուժողականության դրոշի ներքո:

Այդ դժվար զսպվող հարձակողապաշտական վտանգի դեմ, նույն տարածաշրջանում, հակակշռումի ամենամեծ ներուժ ունեցող երկիրը Իրանն է: Եւ հետեւաբար այս գործո՞նը չէ արդյոք նկատի առնվել Իրանին ասպարեզ վերադառնալու օրինական իրավունքը ընձեռելով:

Հիշենք, ի դեպ, որ քաղաքական այս նախաձեռնությանը դեմ հանդես եկող ուժերը կատարվածը գնահատեցին, որպես պատմական սխալ:

Մյուս կողմից պատժամիջոցների վերացումը չի՞ նշանակի արդյոք ձախողել մերձավոր արեւելքի հրդեհի գլխավոր պատճառներից եւս մեկը, մրցակից-հարեւաններին նաֆթա-գազային շուկայից դուրս մղելու ցանկությունը:

Մյուս կողմից, եթե արգելափակված Իրանը տնտեսական ու հաղորդակցական ճանապարհների առումով վերածվել էր յուրատեսակ խցանի, պետք է նկատի ունենալ, որ նոր իրողությունների պայմաններում կարող է վերածվել խաչմերուկի, որն իրար կարող է կապել Պարսից ծոցն ու Եւրոպան, Արեւելյան ասիան ու Մերձավոր արեւելքը: Այդ իմաստով նոր կարգավիճակ ձեռք բերած Իրանը հնարավորություններ կստեղծի այլընտրանքային նախագծերի համար՝ չեզոքացնելով այլ նախագծերի մենաշնորհյալի իրավունքը վայելողների հավակնոտությունը:

Ի դեպ հաղորդակցական մայրուղու վերածվող Իրանը նոր հնարավորությունների դուռ է բացում նաեւ Հարավային կովկասի համար: Այստեղ, որպես նավթային տերություն ինքն իրեն ծախելու չափավորության է մղվում Ադրբեջանը, եւ մյուս կողմից, Վրաստանը տնտեսական այլընտրանքների հնարավորությունը նկատի ունենալով քաղաքական վերանայումներ կատարել պատեհություն կունենա:

Իրանի եւ պոտենցիալ գործընկերների միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո հնչեցին փոխադարձ հաճոյախոսություններ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարձրագույն պաշտոնյաների շուրթերից: Տեղի ունեցածը առիթ դարձավ, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով սրված լարվածությունը մոռանալով, հեռախոսազրույց վարեյին ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները: Երբ այս երկրի նախագահներն ու արտգործնախարարները հետո նաեւ գնահատում են մեկմեկու դերակատարությունը կայացած համաձայնության հարցում չի՞ նշանակում, որ տարածաշրջանի ապագայի առումով եւ գուցե ավելի լայն աշխարհագրությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Իսկ այդ պայմանավորվածությունները կարող են վերաբերել Իրանի գործոնի կարեւորմանը, ե՛ւ Սիրիայի, եւ Թուրքիայի, եւ քրդական հարցի, եւ անմիջականորեն շահագրգիռ արաբական երկրների՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Քաթարի եւ այլնի տնտեսաքաղաքական ապագայի խնդրում: Իհարկե այս համատեքստում չմոռանալով Հարավային Կովկասի մասին:

Հուլիսի 15-ին, ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում, ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Եւրոպայի, Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինսը մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանում տնտեսականա համագործակցության զարգացմանը, քանի-որ տնտեսությունն ազդում է կայունության ամրապնդման, իսկ իրավիճակի վատացման դեպքում՝ նաեւ ապակայունացման վրա: Մասնավորապես, ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի զարգացած ենթակառուցվածքներով գլոբալ տրանսպորտային հանգույցի, ինչը հսկայական հնարավորություններ կստեղծեր տարածաշրջանի բնակիչների համար: Հենց դրան են ուղղվելու ամերիկյան կողմի ջանքերը:
Ըստ Ռուբինի արդեն մեկ տարի անց բեռնարկղը Չինաստանից կարելի է հեշտությամբ հասցնել Հարավային կովկաս, ապա Եւրոպա:
«Հայաստանը դեռեւս դուրս է մնում նման նախագծերից, սակայն մենք միանշանակ հայտարարում ենք, որ այդ պլանների հաջող իրագործման համար, դրանցում պետք է ներգրավված լինեն տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն»:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը ակնարկված ծրագրերից դուրս էր մնում Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությամբ: Այժմ երբ առաջ է քաշվում նոր ծրագրերի հարցը, որոնց պետք է մասնակցեն «Տարածաշրջանի բոլոր երկրները» ու նաեւ Չիաստանը, ակնհայտ չէ՞ որ տվյալ ուղիները հանգուցող մեկ օղակն էլ Իրանն է: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նա Մետաքսի մեծ ճանապարհի իր նոր ծրագիրն ունի, որը նույնպես պետք է անցնի Իրանով ու Հայաստանով: Ի դեպ հայտնի է նաեւ, որ Ռուսաստանն ու Չինաստանը արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել Մետաքսի ճանապարհի եւ Եւրասիական տնտեսական միության ներդաշնակեցման մասին: Իհարկե նշված ծրագրերի մեջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխադարձաբար միմյանց ինչ դեր են վերապահել նույնպես հարց է մնում Բնականաբար տնտեսական այդ հաշվարկները փոխկապակցված են քաղաքական հաշվարկների հետ:

Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի դերակատարությունը նվազագույնի հասցնելու նպատակով փորձ արվեց էներգետիկ-տնտեսական ուղիները շրջանցիկ դարձնել այս երկրի համար, որի դեմ էլ հակառակ ջանքեր գործադրեց Ռուսաստանը: Այսօր էլ չեն մարում խոսակցություններւ, որ Մեծ Մետաքսի ճանապարհը, կամ Պարսից ծոցը Եւրոպայի հետ կապող Իրան-Հայաստան-Վրաստան երթուղին նույնպես Ռուսաստանից անկախ ձեւավորվող նախագծեր կարող են լինել: Ժամանակ առ ժամանակ մենք այդպիսի խանդի դրսեւորումների ականատես եղել ենք, բայց ինչպես երեւում է, նախագծերից դուրս չմնալու համար Ռուսաստանը հակադրվելու փոխարեն փորձում է խրախուսելով մաս կազմել դրանց: Որ այս առումով Հարավային Կովկասի կամ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ մրցակցություն չի լինելու դժվար է հավատալ, սակայն վերջնական լուծումների վերաբերյալ հարցի պատասխանը թողնենք ժամանակին:
Մեզ համար գլխավորն իհարկե այն հարցն է, թե փոփոխությունների արդյունքում ինչ է ստանալու Հայաստանը: Հնարավոր ձեռքբերումների մասին կանխատեսումներ արվել են եւ չարժե կրկնվել:

Կարեւորը մեզ համար առանց ժամանակ կորցնելու ակտիվ աշխատանքներ նախաձեռնելն է տնտեսական նախագծերի շուրջ: Նկատի ունենալով, որ մեր երկիրը իրավապայմանագրային լավ հիմք եւ որոշակի փորձ ունի ունի թե Ռուսաստանի, թե Եւրասիական միության, թե Չինաստանի, թե Իրանի ու Վրաստանի հետ: Զարգացող կապեր ունի բարեկամ Արաբական երկրների հետ: Հայաստանը նաեւ հայտ է ներկայացրել միանալու Շանհայի համագործակցության երկրներին, Եւրոմիության հետ կնքելու համաձայնագիր եւ այլն: Վերջերս Չինաստանի Բոաո քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում, Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ասելով մասնավորապես հետեւյալը. «Հայաստանը Եւրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ եւ որտեղ միաձուլված են արեւելյան եւ արեւմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եւ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ցզինպինի՝ ժողովուրդներին միավորող այդ առաջարկը»:

Տնտեսական մեծամասշտաբ համարկումի եւ որպես կապող օղակի Հայաստանի դերի մասին նախագահ Սարգսյանը հուլիսի 9-ին խոսել է նաեւ Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և Շանհայյան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովի ժամանակ՝ մասնավորապես նշելով. «Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայյան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը»:

Այս գաղափարի արդյունավետ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:
Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:

Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:

Բազում հարցականների ու ենթադրությունների կողքին ակնհայտ է հետեւյալը.

ա – տնտեսական շահերը անմիջականորեն փոխկապակցված եւ պայմանավորված են քաղաքական շահերով
բ-միջին-մերձավորարեւելյան տարածաշրջանը, լայն ընդգրկմամբ, գտնվում է փոփոխությունների զարգացող ընթացքի մեջ, ինչը ավարտվելու է այս տարածաշրջանի նորացված քարտեզի ամրագրմամբ:
Մենք պետք է ջանք չխնայենք օգտվելու պատմական պահից, ինչը Հայաստանի առջեւ նույնպես կարող է բացել միանգամայն նոր հորիզոններ: