- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Սկսվեց

khmbagrakan [1]Եթե գրենք, որ սկսվել է հակադաշնակցական քարոզչության նոր արշավ, վերջին երկուսուկես տասնամյակների Հայաստանի ներքաղաքական անցուդարձին ծանոթ մարդիկ կարող են մտածել, թե.«Իսկ երբ էր այդ քարոզչությունը դադարել»: Իսկապես էլ ոմանց համար կյանքի գործ դարձած այդ երեւույթը երբեք չի դադարել, սակայն ունեցել է իր, այսպես ասած, մակընթացության ու տեղատվության փուլերը: Ուրեմն ավելի ճիշտ կլինի ասել, որ սկսվել է ակտիվության նոր փուլը: Իսկ ակտիվության փուլերը մշտապես ունեն իրենց բացատրությունը: Ցավոք մեզանում այդպես էլ չարմատավորվեց քաղաքական պայքարը գաղափարների ու ծրագրերի մրցակցության ձեւով իրականացնելու գործելակերպը: Անցած դարի 90 ականների սկզբներից արմատավորված ավանդույթի համաձայն ավելի հեշտ եւ ոմանց համար ընդունելի քաղաքական մրցակցությունը հակառակորդին սեւացնելու, վարկաբեկելու մեթոդն է: Պարզունակ կլինի իհարկե ասել, որ սա նախընտրության հարց է՝ ճշմարտությունն այն է, որ հայհոյախոսությունը սկսվում է այնտեղ, որտեղ սպառվում է փաստը: Ասելիք չունեցողը, քաղաքական կենսագրությամբ պարծենալու հնարավորութամբ աչքի չընկնողը, ինչ պետք է անի դիմացինից լավ ու խելոք երեւալու համար:

Դաշնակցության հասցեին վերջին շրջանի ասեկոսեներն էլ նախկինների նման ունեն իրենց պարզ եւ կոնկրետ բացատրությունը:Երկրում թափ է հավաքում Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը: Դարձյալ ցավով արձանագրենք, որ հատկապես եռանդով դեմ հանդես եկողները, (որոնց մեկ մասը նույն «սկզբունքայնությամբ» ժամանակին կողմ էր արտահայտվում տվյալ փոփոխություններին) օրենսդրության հետ չառնչվող մի քանի քաղաքական գնահատականներից բացի այլ ասելիք չունեն: Ավելին, ինչպես գրեթե առանց թաքցնելու արտահայտվում են այդ ուժերը՝ նպատակը սահմանադրական փոփոխությունները չեն, այլ ընձեռված առիթն օգտագործելը՝ իշխանափոխության հարցը հերթական անգամ քաղաքական օրակարգ բերելու համար: Եթե երեւույթի ավելի խորքերըը նայենք, կպարզվի, որ իրականում պահի գերխնդիրը նույնիսկ իշխանափոխության հարցը չէ: Իրականում այս մարդիկ իհարկե հիմար չեն, որպեսզի հարյուր անգամվա անհաջող փորձից հետո հավատան, եւ կարողանան հանրությանը հավատ ներշնչել, թե այս անգամ հաջողացնելու են իշխանությանը հրաժարական պարտադրել: Որպեսզի պարզ մարդը հավատար նման հավանականությանը առնվազը պետք է տեսներ, թե իշխանափոխության նախորդ փորձերից հետո այդ ի՞նչ նոր առավելություններ են ձեռք բերել «իշխանություն փոխող» ուժերը՝ ունեցած շարքե՞րն են ստվարացել , սոցիալական հենարա՞նն է մեծացել, հաջողվել է աննախադեպ հզոր դաշի՞նք ձեւավորել, թե՞ այս անգամ իսկապես իշխանությունները ճամպրուկները կապել ու մտածում են, թե ոնց կարողանան անփորձանք փախչել երկրից: Հետեւաբար, քանի-որ, անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ չկան, ողջ այս իրարանցումի նպատակը բոլորովին այլ է: Իրականում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տանող քաղաքական գործընթացը գտնված նոր առիթ է հանրության ուշադրությունը գրավելու համար: Ընտրություններն էլ յոթ սարի ետեւում չեն եւ կազմակերպական ժանգոտած թափանիվը տեղից շարժել փորձելու ժամանակն է:

Բայց սա իհարկե իրենց գործն է եւ իրենց օրինակով չենք ցանկանում ընդդիմադիր ուժի պայքարը՝ ընդդիմադիր ուժերի դեմ ուղղել:

Հարցն այն է, թե ինչո՞ւ է կրկին քարզչություն ծավալվում ընդդիմադիր Դաշնակցության դեմ:
Ի տարբերություն այս, ինչպես եւ ուրիշ ուժերի, Դաշնակցությունը սովոր է ասելիքն ուղիղ ասել եւ գործունեությունն էլ իրականացնել ըստ ասված խոսքի:

Դաշնակցությունն այսօր Սահմանադրական բարեփոխումների, հիմնական ջատագովներից մեկն է (եթե ոչ ամենաակտիվը): Սրա մեջ պահի հաշվարկ փնտրելը, այս դիրքորոշումը իշխանությունից ունեցած ինչ-ինչ ակնկալիքներով պայմանավորելը անհեթեթություն է, որովհետեւ ամեն ոք էլ գիտի, որ Դաշնակցությունն այս փոփոխությունների մասին խոսում է Հայաստանի անկախացման առաջին օրերից: Այսինքն փոփոխությունների գաղափարը արդեն իսկ նպատակ է ՀՅԴ-ի համար եւ այս մասին խոսում է պարզորեն ու բարձր ձայնով՝ առանց հաշվի առնելու ում դուր կգա, ում՝ ոչ եւ թե ապագայում քանի ձայն կկորցնի կամ կգտնի:
Պարզվում է Դաշնակցությունը սարսափելի մտադրություն ունի՝ ցանկանում է մաս կազմել իշխանությանը: Իհարկե նման առիթով ոմանք չեն զլանում հարյուր տարի ետ գնալ եւ «ջրի երես դուրս բերել» օրինակ «ՀՅԴ-ի ու երիտթուրքերի համագործակցության փաստը»: Հանրաքվեի քարոզչության ծավալման հետ ուրիշ-ուրիշ բաներ էլ կհիշվեն ու կբացահայտվեն:

Ամեն անհեթեթության ու կեղծարարության արձագանքելու իմաստ չկա, ինչ վերաբերում է իշխանությանը մաս կազմելուն, ապա կոալիցիայից դուրս գալու հաջորդ իսկ օրվանից, ամեն Աստծո օր, առանց հոգնելու, նույն ուժերը Դաշնակցականներին պաշտոնների են նշանակում: Եւ այս «բացահայտումներն» արվում են այն դեպքում, երբ դաշնակցականները հարյուր անգամ բացատրություններ են տվել, շատ բաներ բացահայտել է հենց ժամանակը եւ վերջապես, նույն դաշնակցականները չեն ժխտել, որ եթե երկրում կատարվեն իրենց նախանշած բարեփոխումները, ապա կուսակցությունը կարող է համագործակցել իշխանությունների հետ:

Հետաքրքիր է. Եթե այդքան վատ բան է իշխանությունը, ինչո՞ւ է նույն ընդդիմությունը ձգտում իշխանության՝ ինչո՞ւ է մասնակցում ընտրությունների, հայտարարում, թե պետք է փոխարինի գործող իշխանություններին եւ գտնվելով խորհրդարանում, ըստ էության չի խորշում լինել իշխանություն՝ իր բոլոր «հետեւանքներով» հանդերձ:

Իշխանություն լինել-չլինելը մեղք չէ եւ արդարացման կարիք չունի, որովհետեւ որեւէ ուժի քաղաքական-բարոյական կերպարը, համոզմունքներին հավատարիմ մնալը, ինքնուրունության չափը, այս հանգամանքներով չեն պայմանավորված: Կարելի է եւ չլինել իշխանություն, ամեն օր իբրեւ թե հայհոյել վերջինիս, բայց քաղաքական գոյությունը պահպանել, փեշի տակից կախված մնալով հենց նույն իշխանության ստինքից:

Առջեւում սահմանադրական հանրաքվեն է: Իսկապես հետաքրքիր պետք է լինի, մանավանդ պարզ ընտրողի համար, լսելու տրամաբանված հիմնավորումներ, թե ինչու պետք է կողմ լինել կամ ինչու պետք է դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին: Կարեւոր է, որ մարդիկ իսկապես համոզումով կատարեն իրենց քվեարկությունը: Երկրին տեր զգալու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր, թեկուզ նվազագույն, լուման ներդնի այդ երկրի զարգացման գործում: Ինչ վերաբերում է անպտուղ զազրախոսություններին, ապա անցկացնենք ականջի կողքով, ինչպես, որ արել ենք անցած, ավելի քան, քսան եւ հինգ տարիների ընթացքում: