- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Մէկ դատ, երկու բաղադրիչ

Հայ Դատն ունի պատմական, բարոյական, իրաւական եւ քաղաքական էական կողմեր ու հիմնաւորումներ եւ խտանում է հետեւեալ կէտերում.
ա. Ամբողջական Հայաստանի ստեղծում` Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարածքներում: Արցախի հարցի արդար լուծումը հանդիսանում է Հայ Դատի հանգրուաններից մէկը:
բ. Սփիւռքի տարագիր հայութեան համախմբում` իր հայրենի հողերի վրայ:
գ. Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում:
ՀՅԴ Ծրագիր, 1998թ.

Մեր ազգային հիմնահարցը, պահանջատիրութիւնը ՙՀարց՚-ի հարթութիւնից փոխադրուել է ՙԴատ՚-ի հարթութիւն այն ժամանակներից ի վեր, երբ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով մեր հայրենատիրական ձգտումներին հաղորդուեց իրաւական հիմք, իսկ թուրքական պետութեան կողմից մեր ազգի ծրագրուած ոչնչացման ոճրագործութիւնը, ՙՑեղասպանութեան կոնվենցիա՚-ով, համարուեց միջազգային իրաւունքով սահմանուած յանցանք:

Պատմաքաղաքական դիտանկիւնից, նշուած երկու հիմնաւորումները ենթակայ են միեւնոյն տրամաբանութեան, սակայն, զուտ իրաւագիտական իմաստով, ինքնուրոյն բաղադրիչներ են, որոնք պէտք է միատեղ կամ զուգահեռ առաջադրել, որպէս պահանջատիրական հայց: Սխալ է կարծել, թէ այս հիմնաւորումներն իրաւականօրէն պայմանաւորուած են միմեանցով, եւ մեկի բաւարարմամբ` միւսն էլ է ինքնաբերաբար բաւարարուելու: Հետեւաբար սխալ է կարծել, թէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, անհրաժեշտաբար, յանգեցնելու է տարածքային հատուցման: Եթէ նոյնիսկ չլինէր 1915-18թթ. ցեղասպանութիւնը, այլ լինէր միայն Վիլսոնի 1920թ. նոյեմբերի վճիռը, ապա մեր ազատագրական պայքարը, մեր պահանջատիրութիւնը դրանից չէր դադարի:

Ցեղասպանութեան ճանաչումը եղել եւ պէտք է մնայ Հայ Դատի առանցքային պահանջներից մէկը: Սակայն չի կարելի միայն ցեղասպանութեան հարցով սահմանափակել մեր պահանջատիրութիւնը: Սա նշանակում է ինքնակամ հրաժարուել ոչ միայն պատմական իրաւունքից, այլեւ միջազգայնօրէն ճանաչուած իրաւական այնպիսի լծակից, ինչպիսին վիլսոնեան իրաւարար վճիռն է, որի նախադէպը դժուար է գտնել մարդկութեան պատմութեան մէջ, եւ որի նմանը, հազիւ թէ, վերստին, ձեռք բերի հայութիւնը:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, ըստ ամենայնի, նպաստաւոր պայմաններ կարող է ստեղծել Վիլսոնի իրաւարար վճռի իրագործման համար: Սակայն դա հնարաւոր է պայմանով, որ մեր պահանջատիրութեան այդ բաղադրիչը, իրաւական հայցի ձեւով, արդէն ներկայացուած լինի միջազգային պատկան ատեաններին:

Ցեղասպանութեան կամ այլ պատերազմական յանցագործութիւնների հատուցումը, հիմնականում, պատկերացւում է Ֆինանսների եւ ոչ թէ, յատկապէս, տարածքների վերադարձի տեսքով: Մի պահ պատկերացնենք, որ Թուրքիան, ինչ-որ հրաշքով, ճանաչի Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, ներողութիւն խնդրի ու մինչեւ իսկ վնասի հատուցում առաջարկի հայկական կողմին: Տուեալ դէպքում, եթէ նախապատրաստական շարժի մէջ դրուած չլինի տարածքային պահանջի իրաւական բաղադրիչը, ապա չափազանց դժուար կը լինի բարձրացնել մեր բռնագրաւուած հայրենիքին վերատիրանալու հարցը:
Մարտավարական նկատառումներով, եթէ դեռ չի արծարծուել տարածքային պահանջը, ապա դա չի նշանակում, թէ պէտք է իսպառ մոռացութեան տալ այդ բաղադրիչը: Առաւել եւս` չի նշանակում, թէ պէտք է շարունակել առկայ միառանցքեայ ընթացքը:

Ներկայիս քաղաքական պայմանները, իհարկէ, նպաստաւոր չեն միւս բաղադրիչը եւս մէջտեղ բերելու համար: Սակայն պէտք է գիտակցել, որ այս առումով քաղաքական առաւել բարենպաստ պայմաններ հազիւ թէ գոյանան, իսկ գոյացման դէպքում էլ` միշտ չէ, որ հնարաւոր է լինում օգտուել դրանցից, եթէ պատրաստ չենք տակաւին:

Հայաստանի ու հայութեան ազգային շահերից մեկնելով, պէտք է այլեւս խորհել Հայ Դատի միւս բաղադրիչի` տարածքային պահանջի ուղղութեամբ եւս ընթանալու մասին, ինչը ենթադրում է ոչ միայն համազգային գաղափար ու կամք, այլեւ պետական միտք ու մօտեցում: