- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Գործընթացի մեջ, թե՞ գործընթացից դուրս

khmbagrakan [1]2016 թվականի հունվարի 20-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ Նախագահ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց կոալիցիոն կառավարություն կազմելու հավանականության մասին, միաժամանակ նշելով, որ հավանական համագործակցության թե ձեւաչափը եւ թե ժամկետները վերջնականորեն ճշտված չեն: Բառացիորեն ասվել է հետեւյալը. «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանում է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրել այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության»: «Առայժմ դժվար է ասել, թե իշխանության հետ համագործակցությունն ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում ենք բանակցությունների նախնական փուլում»:

Ըստ հարցազրույցը վարող լրագրողի. «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացավ նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․ – «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետև իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետև կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար պետք է իրար պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»:

Այս հարցազրույցը կարճ ժամանակ անց դարձավ տեղեկատվական դաշտի ամենաշրջանառվող լուրը, որոշ դեպքերում ներկայացվելով, որպես սենսացիային հավասար իրադարձություն:

Այն պարագայում, երբ նույն լրատվամիջոցները, վերլուծաբաններն ու քաղաքական տարբեր գործիչներ նախորդող ամիսներին եւ նույնիսկ տարիներին շարունակաբար նման կանխագուշակումներ էին կատարում:
Ինչպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի բացատրությունից է հետեւում մինչ այժմ նման բանակցություններ չեն եղել, չնայած տարբեր խոսակցություններին, սակայն այժմ երբ սկսվել են համապատասխան բանակցությունները անհրաժեշտ է համարել այս մասին իրազեկել հանրությանը:

Ակնհայտ է, որ սենսացիայի արժեք ունեցող երեւույթ մեջտեղում չկա, իսկ ենթադրությունների ու կանխագուշակումների իրավունքը, եթե վերապահված է լրագրողին ու վերլուծաբանին, ապա այդ գայթակղությունից պետք է զերծ մնա քաղաքական գործիչը:

Նույնքանով թափանցիկ են նաեւ գործընթացները, որոնք հանգեցրել են ներքաղաքական նման հավանականությանը:

Դաշնակցությունը դեռեւս 2012 թվականին իշխանություններին ներկայացրել է 7 կետից բաղկացած բարեփոխումների պահանջ, որոնց հիմնական մեկ մասը կոնկրետ ժամկետների մեջ կիրականան, իսկ մյուս մասը մշակման եւ իրականացման հունավորում է ստացել նույն՝ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ:

Երբ այս ամենը տարիներ շարունակ հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, երբ կարդալու ու դիտելու կարողություն ունեցող ամեն մարդ կարող էր հետեւել, ինչպես 25 տարի շարունակ Դաշնակցության հետապնդած համակարգային եւ այլ փոփոխությունների պահանջները միս ու արյուն են ստանում, պետք էր եզրակացնել, որ որեւէ արտառոց, գաղտնի, հակատրամաբանական բան տեղի չի ունեցել:
Հիմնական խնդիրը, որ մեզանում մշտապես զգայնության տեղիք է տալիս, Հայաստանի օրվա իշխանությունների հետ համագործակցելու հարցն է: Այս հարցը երբեմն այն աստիճան է շահարկվում ու հասցվում ծայրահեղության, որ օրինակ Հանրապետության Նախագահին պահանջներ ներկայացնող ընդդիմադիրները չեն ցանկանում հանդիպել նույն նախագահի հետ, ներկայացնելու համար, թե ինչ է իրենց ուզածը եւ կամ լսելու որքանով է Նախագահը պատրաստ բավարարելու ընդդիմության պահանջը:
Իսկ հարցերն, ինչպես հայտնի է, ընդհանրապես լուծվում են երկխոսության միջոցով եւ եթե չկա երկխոսություն չի կարող լինել նաեւ լուծում:

Լեւոն Տեր Պետրոսյանի իշխանության օրերին ընդդիմությունը հայտարարված էր թշնամի եւ գտնվում էր կարծես անհաղորդ բարիկադի մյուս կողմում: Հետեւանքն այն էր, որ նույն անհանդուրժողության ջրբաժանը պառակտել էր նաեւ հասարակությանը: Իշխանությունը դարձել էր ինքնագլուխ, ընդդիմությունը անզիջում՝ արդյունքում պետականության կայացման պատմական պահին հնարավորությունների ցավալի կորուստներ ունեցավ երկիրը:

Երբ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ, փորձում է ողջ այս դաշտին թելադրել սեփական կանոնները եւ իշխանության առջեւ հանդես է գալիս միայն հրաժարականի պահանջով, կարելի է մտածել, նա ավելի շատ ինքն իր օգտին է գործում, թե՞ օգուտ է տալիս իշխանությանը: Որովհետեւ նա նմանվում է մեծ տան մեջ իր սենյակում կամավորապես փակված մեկին, ով հնարավորություն է տալիս դիմացինին, այդ տան մեջ հանգիստ զգալ իրեն եւ տնօրինել ուզածի պես: Առնվազն այդ է վկայում մեր երկրի վերջին տաս-տասնհինգ տարիների իրականությունը: Պատահական չէ, որ մաքսիմալ պահանջների կոչով հրապարակներ դուրս եկող ընդդիմությանը այլեւս միանում է խիստ նվազ բազմություն: Հարյուր հազարավոր մյուս դժգոհները տարակուսանքի մեջ մնում են տանը, չհասկանալով, որ եթե ընդդիմությունն իր ծրագիրն իրականացնելու հնարավորություն ակնհայտորեն չունի, այդ դեպքում ինչ նպատակով է հերթական լարվածության պահին կրկին ու կրկին նույն կարգախոսերով գրավում հրապարակը:

Իրականում երկխոսություններն ու համագործակցությունները ամոթալի են, եթե կողմերից մեկը կամ մի քանիսը կորցնում են սեփական ինքնուրույնությունը եւ դառնում են ուրիշի կամակատարը: Իսկ սեփական դեմքն ու ինքնուրույնությունը կարելի է կորցնել նաեւ առանց համագործակցության ու երկխոսության կամ դրանք անելով ստվերում եւ կամ անուղղակիորեն:

Երբ 2008 թվականին Հայաստանի իշխանությունները անակնկալ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները Դաշնակցությունը դա համարեց կարմիր գիծ իր համար եւ դուրս եկավ իշխող կոալիցիայից: Դաշնակցությունը կազմակերպեց լայն հակաքարոզչություն՝ ցույցեր ու հացադուլներ, ինչպես եւ «Ոչ-ի» լայն շարժում ծավալեց հայկական գաղութներով մեկ: Միաժամանակ Դաշնակցությունը վերջնականորեն չշրխկացրեց դռները, այլ հանդես եկավ նախագահին ուղղված «Նախագահ մի՛ զիջիր» պահանջով, շարունակեց նույն պահանջներով հարաբերվել իշխանության տարբեր օղակների ու ներկայացուցիչների, ինչպես եւ Սահմանադրական դատարանի հետ: Դաշնակցության ոչ վերջնագրային կեցվածքը հնարավորություն տվեց Երկրի նախագահին շրջագայության մեկնելու սփյուռքյան հայահոծ գաղութներով, ուրիշների կողքին նույն Դաշնակցության անդամների եւ կուսակցության համակիր շրջանակների հետ քննարկելու համար խնդիրը:
Հետագայում, ինչպես հայտնի է գործընթացը կանգ առավ, ինչին նպաստեց մասնավորապես Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը, որով հայկական կողմի համար իրավականորեն սահմանափակվում էին երբեւէ ոչ հայանպաստ զիջումների գնալու հնարավորությունները:

Կարելի է նաեւ ասել, որ սահմանադրական ներկա բարեփոխումները հազիվ թե այս տեսքով ընդունվեին, եթե չլիներ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցության միջեւ մի քանի տարի տեւած համատեղ աշխատանքը: Ասել, որ բոլոր խնդիրներն արդեն լուծված են իհարկե ճիշտ չէ: Հայտնի ասույթի համաձայն սատանան մանրամասների մեջ է եւ եթե սահմանադրական բարեփոխումների ոգուց բխող համապատասխան օրենքներ չընդունվեն եւ օրենքներում փոփոխություններ չկատարվեն, ապա առկա վիճակի համեմատությամբ շատ բան չի փոխվի: Առաջիկա ամիսներն ու տարիները, այս առումով կարեւոր ու պատասխանատու ժամանակահատված են: Եթե որեւէ քաղաքական ուժ պատասխանատվությունից չի վախենում, չի վախենում իշխանության հետ համագործակցելու մեղադրանքներից պետք է ասելիքն ասի այս հարցում: Մասնավորապես այսօրվա կարեւորագույն խնդիրներից է Ընտրական նոր օրենսգրքի մշակումն ու ընդունումը: Կարելի է վստահորեն նշել, որ նախնական քննարկումների փուլում գտնվող նախագիծը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում, իրական մրցակցության ճանապարհով, փոփոխությունների հասնելու համար: Մեղմ ասած անհասկանալի պետք է լինի այն ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր սեփական իսկ շահի հետապնդման նախանձախնդրությամբ չպետք է ներգրավվեն տվյալ ձեռնարկման մեջ: Ի դեպ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի եւ այդ ուժերի ներկայացուցիչների զգալի հատվածը վերջին շրջանում հակվածություն է դրսեւորել խնդիրները քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, եթե անգամ ունեցել է սկզբունքային անհամաձայնություններ:
Քաղաքական նեղմիտ հաշվարկով, ընտրություններից մեկուկես տարի առաջ, ձեռնտու է թվում պահպանելը իշխանության նկատմամբ թունդ անհանդուրժողության կեցվածքը եւ շարունակել ծածանել հրատապ իշխանափոխության կարգախոսը: Եթե, սակայն նկատի ենք ունենում, որ նույն ընդդմությունը ավելի շատ շահելու է հենց ընտրական օրենսգրքի փոփոխությունից, եթե նկատի ենք ունենում որ ընդդիմությունն ու ժողովուրդը ավելի շատ շահելու են դատական համակարգի անկախությանն ուղղված բարեփոխումներից, շահելու են ընդդիմության իրավունքների ընդլայնման, վերահսկողական լծակների բաշխման, մարդու իրավունքների ընդլայնման իրավական ամրագրումներից, նման պարագայում գործուն դերակատարություն չստանձնելը հավասարազոր է պատասխանատվությունից խուսափելուն:

Այս դեպքում մեր նպատակը ընդդիմության անելիքը ճշտելը չէ, այլ փաստարկելը, թե ինչով է հիմնավորված գալիք տարի-տարիուկես ժամանակահատվածում իշխանության հետ, նպատակահարմար ձեւաչափով, Դաշնակցության համագործակցությունը:

Դաշնակցությունը խուսափելով անիրատեսական հակադրությունների անպտուղ դրսեւորումներից, վերջին տարիներին գերադասեց, կողքից հայհոյելու փոխարեն թեւքերը ծալած, սեփական թղթապանակով մխրճվել գործընթացների մեջ: Դա իրական ազգային ուժերի պարտավորությունն է, երբ վճռվում են երկրի ապագան կերտելու խնդիրները: Այլապես քաղաքական ուժը, սեփական երկրում, կարող է վերածվել կյանքի ընթացքին կողքից հետեւող ջղագրգիռ ու մաղձոտ դիտորդի:

«Դրօշակ»ի Խմբագրական
22 Հունվարի 2016