- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Շուշիի ազատագրումը տարիների հեռվից

khmbagrakan [1]Շուշիի ազատագրումը միշտ նշվում է ավելի մեծ հանդիսավորությամբ ու շուքով, քան ԼՂՀ անկախության հռչակումը: Իրականությունն այն է, որ Արցախի անկախացումը շատ ավելի պայմանավորված է Շուշիի ազատագրմամբ , քան անգամ համապատասխան հանրաքվեով եւ անկախության հռչակմամբ: Կարելի է հիշել, թե պատմական այն օրերին ինչ նշանակություն ուներ Շուշիի ազատագրման երազանքը: Զինվորական, քաղաքական գործիչ, թե Արցախի պարզ բնակիչ, ինչպես եւ հայությունն առհասարակ, հասկանում էին, որ քանի դեռ Շուշին ազերիների ձեռքին կլինի Արցախի անվտանգության եւ ազատագրության մասին ավելորդ է մտածելը: Կասկած չկա, որ նույն զգացողությունն ունեին նաեւ ադրբեջանցիք:

Եւ պատահական չէ, որ հաջորդած տարիներին հայկական կողմից «հնարավոր» զիջումների շարքում հակառակորդ կողմը պատկերացնում էր նաեւ Շուշին: Սա վկայում է Շուշիի ռազմավարական նշանակության մասին, եւ իմիջիայլոց, պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրմանը հաջորդեց Արցախի ու Հայաստանի միջեւ եղած միջանցքը բացելու անհրաժեշտության գիտակցումն ու հնարավորությունը: Շուշիի ազատագրումը նաեւ հնարավորություն ընձեռեց անվտանգ ձեւով իրար կապելու Արցախի հարավն ու հյուսիսը, ինչպես եւ նպաստավոր հիմք ստեղծեց ավելի հարավ ընկած, նախկին ԼՂ սահմաններին կից, տարածքների ազատագրման համար: Այսինքն Շուշիով ապահովվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգ եւ կենսունակ ամբողջության կայացումը:

Գաղտնիք չէ, որ շատ ավելի փոքր բնակավայրերից ազերիներին դուրս քշելու համար առավել կատաղի բախումներ եղան, քան համեմատության մեջ նույնը տեղի ունեցավ Շուշիի պարագայում: Արցախի հինավուրց մայրաքաղաքի հայացումը տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան այնտեղ ոտք կդներ հայ զինվորը: Շուշին նախ եւ առաջ ազատագրվեց հայության գիտակցության մեջ այդ գաղափարի հաղթանակով՝ ադրբեջանցիների գիտակցության մեջ սերմ նետած Շուշին պահելու անհնարինության գիտակցության նկատմամբ: Մինչ Շուշիի ազատագրումը դրան սպասում եւ այդ մասին խոսում էր ողջ Ղարաբաը՝ երեխաներից մինչեւ ծերեր, ինչպես եւ դժգոհ անհամբերությամբ ամենօրյա խոսակցության առարկա էր այն հարցը, թե ինչու է կարեւոր գործն ուշացվում: Համեմատության համար հիշենք նաեւ, որ անմիջապես Շուշիի ժայռակուռ բերդապարիսպների տակ ծվարած փոքրիկ Քարինտակ գյուղը ազերիներն այդպես էլ չկարողացան դատարկել, որովհետեւ Քարինտակցին եւս վստահ էր, որ իր գլխին կախված փորձությունը շուտով ավարտվելու է:

Ուրեմն եւ ԼՂՀ հետագա ճակատագիրը որոշելու է, առաջին հերթին, հայության աներկբա կամքն ու վճռականությունը: Եւ դիվանագիտական, քաղաքական ու նույնիսկ ռազմական գալիք դիմակայությունների պարագայում չպետք է մոռանալ, որ ուժերի հարաբերակցության առումով երբեք իրավիճակը մեզ համար ավելի աննպաստ չի եղել, քան այն ժամանակահատվածում, երբ հաջողվեց ազատագրել Արցախը: Հետեւաբար նաեւ առկա դժվարությունների արձանագրումը չպետք է վերածվի հավանական զիջումների հիմնավորման:

Եթե Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը պատմական հիշողության արժեք ունեցող երբեմնի Հայաստանի վերածունդն էր, ապա Շուշիի ազատագրումը շրջադարձ էր ցեղասպանության, առաջին հանրապետության անկման եւ հայկական տարածքների վերաբաժանման հետեւանքով ձեւավորված իրողությունից եւ հայության համար բացում էր հայոց նոր պատմության գրվելիք էջը: Շուշիի եւ Ղարաբաղի հայացումը Հայաստանը ուժեղացնում են ոչ թե առկա տարածքի համեմատության չափով, այլ մի քանի անգամ մեծացնում են այսօրվա ու վաղվա Հայաստանի հզորացման ներուժը:

Ցավոք մեր ներքին կյանքի այսօրվա դժվարությունները, կարծես թե ստվերում են իրական հնարավորությունները, թույլ չտալով լիարժեքորեն զգալ ձեռք բերածի չափը, կշիռը եւ հնարավորությունը:
Իհարկե երազանքները իրականության չեն վերածվում միայն խանդավառության շնորհիվ: Օրինակ ազատագրված տարածքը նշանակությունից զուրկ աշխարհագրություն է, եթե այնտեղ աճող փուշ ու տատասկի վրա քամիներն են թափառում եւ նույն տարածքը վերածվում է քաղաքական գործոնի, երբ մուրճն ու բահը ձեռքին այդ հողի վրա կանգնում է տերը:

Արցախի եւ ազատագրված տարածքների ապագան կորոշի նա ում մեջ ավելի զորեղ կլինի տիրոջ զգացումը: