- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Քաղաքական մենաշնորհ

khmbagrakan [1]Գաղտնիք չէ, որ Խորհրդային ժամանակներում Հայաստանում, ինչպես եւ ողջ ԽՍՀՄ-ում իշխում էր կոմունիստական կուսակցության քաղաքական մենաշնորհը:

Հետագայում այդ մենաշնորհը շարունակվեց, երբ դեռ Հայաստանը չէր էլ անկախացել: Երեւանի Ազատության հրապարակում դիրքերն ամրապնդող ՀՀՇ-ն, գործող իշխանությանը զուգահեռ, անհանդուրժող էր դառնում նաեւ ընդդիմության հանդեպ, փորձելով ով իր հետ չէր դուրս մղել քաղաքական դաշտից: Հեռահար հաշվարկով, դեռ այն ժամանակների իր ելույթներում, Լեւոն Տեր Պետրոսյանը զգուշորեն ակնարկում էր, նաեւ թե «Սփյուռքի ավանդական կառույցներն իրենց սպառել են եւ նորերն են անհրաժեշտ»: Խորհրդային Հայաստանի վերջին, 1990 թվականի ընտրություններում, ընդդիմադիր ՀՀՇ-ն նույնիսկ իր մեջ ճշտել էր, թե անցումային խորհրդարանում որ ուժերի հայտնվելը նպատակահարմար չէ: Կարելի է հիշել արդեն այդ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետություն թերթում, ուր նա «ափսոսում» էր, որ քաղաքական դաշտում իրենց այլընտրանք չկա:

Քաղաքական մենաշնորհը եւ դրա հավակնոտ մտայնությունը մեր երկրում վերահաստատվեց դեռ այն օրերից: Եւ յուրօրինակն այն է, որ անցնող տարիներին, ընդդիմությունը մեզանում հաճախ շատ ավելի մեծ կրքով պայքարեց ոչ թե իշխանության, այլ մյուս ընդդիմադիր ուժերի դեմ:

Իհարկե միայն այսպիսին չէ մեր նորանկախ երկրի քաղաքական պատմությունը: Զուգահեռաբար եղել են քաղաքական ընդդիմադիր ուժերի համատեղ գործունեության բազմաթիվ, այդ թվում նաեւ հաջողված օրինակներ: Անկախության հենց առաջին տարիներից իշխանության դեմ ընդդիմադիր հիմնական ուժերը հանդես են եկել համատեղ, այդ գործունեության մեջ ներգրավելով հասարակական կազմակերպություններին եւ մտավորականությանը: Բազմաթիվ անգամներ, տարբեր ծրագրերի քննարկման համար, ընդդիմադիր ուժերը կազմակերպել են (մինչեւ օրս էլ կազմակերպում են) տարբեր ձեւաչափի բաց քննարկումներ՝ քաղաքական ու հասարակական ուժերի, փորձագետների, մտավորականների, լրագրողների ու այլոց մասնակցությամբ: Կարելի է հիշել մի քանի ընդդիմադիր ուժերի կողմից սահմանադրության միասնական նախագծի կազմումից, մինչեւ գործող իշխանության դեմ միասնական պայքարը 90 ականների սկզբներին, ապա հինգ ուժերի կողմից նախագահի միասնական թեկնածուի առաջադրումը 1996 թվականին եւ նման համախմբումների բազում այլ փաստեր: Սա եւս մեր քաղաքական մշակույթի մասն է կազմում , ինչը համոզված ենք լուրջ ազդեցություն է թողել Հայաստանում ժողովրդավարության զարգացման, երկրի կարեւորագույն հարցերի շուրջ հիմնական ուժերի միավորման, հասարակության համախմբվածությանը նպաստելու առումով:

Վերադառնանք, սակայն քաղաքական մենաշնորհին:

Խուսափելով միմյանց հետ ծրագրերի ու գաղափարների շուրջ առողջ մրցակցությունից, քաղաքական տարբեր ուժեր ու միավորումներ, ընտրում են շատ ավելի «կարճ» ճանապարհ՝ փորձել մրցակիցներին ասպարեզից դուրս մղել վարկաբեկումների ճանապարհով: Ավելի դժվար ու աշխատատար համարելով քաղաքական-օրենսդարական ճանապարհներով երկրում դերակատարության հասնելու հնարավորությունը, նրանք առաջնորդվում են ուրիշներին դուրս հրելով իրենց համար ընդդիմադիր դաշտում առավել լայն տեղ բացելու մարտավարությամբ: Ծրագրերի ու գաղափարների մրցակցության փոխարեն մերժումի ու վարկաբեկումի ամբոխվարական գործելակերպի որդեգրումը իրականացվում է անհանդուրժողության դրսեւորումներով, մրցակից նկատված ուժերի ծրագրերի ու գործունեության վարկաբեկումով, տարբեր մեղքերի մեջ մեղադրանքներով, որոնցից ամենամոդայիկը եղել եւ մնում է իշխանություններին ծախված լինելու մեղադրանքը: Այս մեղադրանքը կենսունակ է արդեն ավելի քան քսանհինգ տարի եւ կասկած չկա, որ ով ներկայումս է մյուսներին մեղադրում ծախվածության մեջ կարճ ժամանակ անց, գուցե հենց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ինքն է արժանանալու նույն խարանին: Տարիներ շարունակ հրապարակներին տիրելու մարմաջը այնքան է բորբոքել նշյալ մտայնությունը, որ իրականությունը հաճախ վերածվում է զավեշտի ու անհեթեթության: Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ներկա իշխանության նկատմամբ կոշտ ընդդիմադիր կեցվածք որդեգրած Հայաստանի առաջին իշխանությունը, մեղադրվեց ծախվածության մեջ, երբ պահանջների շուրջ բանակցություններ սկսեց գործող իշխանության հետ:

Նույն «բախտից» խուսանավելու նպատակով 2015թվականին «Բաղրամյան պողոտա» դուրս եկած ընդդիմությունը փողոցում գոռում էր պահանջների մասին, բայց հրաժարվում էր նույն պահանջները ուղղակիորեն ներակայացնել հասցեատիրոջը:

Հետաքրքիրն այն է նաեւ, որ հրապարակները «օկուպացնող» հերթական ուժը որքան նոր է, անփորձ ու անծրագիր, այնքան բարձր է գոռում, թե միակ անկեղծ ընդդիմադիրն ինքն է, իսկ մնացածը սխալ ճանապարհով են գնում եւ ծախված են:

Ամբոխվարությունը ամբոխվարություն, բայց անհանդուրժողության ու վարկաբեկումի քաղաքական պլատֆորմով շատ առաջ չես գնա, հետեւաբար բոլոր այս ուժերը շուտ թե մի քիչ ավելի ուշ հայտնվում են ծայրահեղ քայլերի ընտրանքի առաջ: Այդպես է, քանի-որ իրականում գոյություն ունի երկու հիմնական ճանապարհ՝ կամ պետությունն ու իշխանությունը փոխել օրենքների, մեխանիզմների համակարգված ու ժամանակատար աշխատանքի ճանապարհով, կամ այդպիսի գործի համար չունենալով ոչ՝ հավես, ոչ՝ հավակնություն փորձել հարցը լուծել մեկ հարվածով, հայտարարել կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու նպատակի մասին: Որքանո՞վ է այս ճանապարհը արդարացված՝ ենթակայական չնկատվելու համար ոչ թե անձնական կարծիք ասենք, այլ փաստենք, որ ցայսօր բոլոր այդ փորձերը տապալվել են, իսկ գրեթե բոլոր փորձարարները, դուրս են մղվել գործուն քաղաքական դաշտից:

Կարելի է ափսոսանքով նշել, որ օգտակար էր լինելու, եթե ընդդիմության շատ ուժեր մասնակցեին սահմանադրական վերջին բարեփոխումների քննարկումներին, եւ մենք ավելի շատ տեսակետներ լսեինք: Ենթադրենք, թե ինչ-որ հարց էլ կարող էր այլ կերպ լուծվել այդ ընդդիմության այլընտրանքային մոտեցման շնորհիվ, սակայն ոմանց համար գերադասելի էր հայտարարել, թե այդ ամենը կեղծ խաղ է, ավելի լավ է միանգամից իշխանություններին փոխենք, իսկ հետո երկիրը կփոխենք ինչպես ուզենք:

Քաղաքական մենաշնորհը ստեղծում է անհանդուրժողության մթնոլորտ, սրան ի հետեւանք առաջացնելով հասարակական լարվածություն եւ պառակտում: Անհանդուրժողությունն առաջ է բերում լարում ու հակադրություն ոչ միայն իշխանություն-ընդդիմություն, այլեւ ընդդիմություն-ընդդիմություն հարաբերություններում: Տարիների վարկաբեկումների եւ այլամերժության հետեւանքն է այսօրվա մեծ թերահավատությունը եւ անվստահությունը առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի, ընտրությունների եւ առհասարակ քաղաքական գործընթացների նկատմամբ:

Այսպիսի քարոզիչներին հաջողվել է լրջորեն արմատավորել հասարակության մեջ այն մտայնությունը, թե անվստահելի քաղաքական ուժերի միջոցով, անվստահելի ընտրությունների անցկացումը, քաղաքական գործընթացներին մասնակցելը ի սկզբանե ձախողության դատապարտված գործ է: Բայց ձեւավորած հասարակական կրավորականության հետեւանքում, ոչ թե դրա «սերմնացաններն» են օգտվելու, այլ հույսի բացակայությունը նպաստելու է հերթական հեշտ վերարտադրությանը:

Արժե մտածել հետեւյալ հարցի շուրջ. Ի՞նչ տարբերություն քաղաքական մենաշնորհի հավակնող ուժը իշխանական դաշտում է գործում, թե՞ ընդդիմադիր: Նախկին ընդդիմադիր մենաշնորհյալները չէի՞ն, որ դարձան մենաշնորհյալ իշխանություններ, եւ նույնը չի՞ լինելու վաղը: Անհանդուրժողության ու այլամերժության դրոշով իշխանությունների փոփոխության հետեւանքները մեր աչքի առաջ դեռ շարունակվում են արաբական աշխարհում ու մեր աչքի առաջ տեղի են ունեցել նախկին կոմունիստական ողջ ճամբարում: Որոշակի գործելակերպով ընդդիմադիր ձեռագիրը հետո վերածվում է իշխանության ձեռագրի: Տեղի է ունենում պայքարի տրամաբանական շարունակություն, արդեն իշխանության կարգավիճակով՝ պահպանելու համար նոր դիրքերը հին մրցակիցներից:

Այո հաճախ հնարավոր է զանգվածային հետաքրքրություն առաջացնել նման ամբոխվարական գործելակերպով, բայց «աննավ ու անղեկ» նավարկումները հետո փորձանք են դառնում ուղեւորների համար:

Հ.Գ

Աշնանը Հայաստանում կսկսվի նախընտրական, ոչ պաշտոնական մրցարշավը եւ առավել մեծ կրքով կհնչեն ժողովրդին միակ նվիրվածը լինելու աղաղակները, կծավալվի կռիվ քաղաքական մենաշնորհի համար: Կսկսվի աղաղակողների առեւտուրը «միակ չծախված հայրենասեր» ապրանքով: Վերջում վաճառողները կստանան փոքր շահույթ, իսկ գնորդները՝ մեծ հիասթափություն:

11 օգոստոսի 2016