- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Հայոց բանակը

khmbagrakan [1]Հունվարի 28-ը հայոց բանակի ծննդյան օրն է: Նորաստեղծ հանրապետության զինված ուժերը ծնվեցին կռվի դաշտում, հընթացս մարտական մկրտություն անցնող կամավորական ջոկատների հիմքի վրա: Հայոց պետական բանակը երկար ժամանակ դեռ պիտի կրեր կամավորական իր թթխմորի ազդեցությունը: Նորաստեղծ պետական բանակը ձեւավորվեց խորհրդային բանակից կամավորապես հայրենիք վերադարձաց արհեստավարժ սպաների, բայց հիմնականում պատերազմի դպրոցն ավարտած կամավորականների ուժերով: Չժխտելով խորհրդային զորքերից վերադարձածների վաստակը, այնուամենայնիվ նրանք գործող կամավորական-պետական զորամիավորումների հետ ներդաշնակվելու խնդիր ունեին, իսկ մյուս կողմից իրենց թվաքանակով որակ չէին կարող կազմել ինքնաբուխ ձեւավորված հավաքականության մեջ: Որակ կազմող նախկին ֆեդայի-կամավորներն էլ զորամիավորումներ ղեկավարողի, դաստիարակի, հոգեբանի, գրքային գիտելիքով զինված արհեստավարժի կայացման ճանապարհով պիտի տանեին իրենց ենթակա նորակոչիկ պետական զինվորին: Մինչ առկա ներուժը կհամալրվեր հայկական ռազմական դպրոցի շրջանավարտ սպայական սերնդով: Մեր բանակը դժվարին կայացման ճանապարհ անցավ, մշտապես քթի տակ զգալով վառոդի հոտը եւ հակառակորդի դավադիր շունչը: Դիմագրավելիք բոլոր մարտահրավերներով հանդերձ հայ սպան ու զինվորը մշտապես կրողը եղան հոգեբանական ու բարոյական այն ամուր գիտակցության, որ հաղթած եւ հայրենիք ազատագրած նախորդների գործը շարունակողն են:

Ինքնախաբեություն կլինի մտածելը, թե հասարակությանը մաս կազմող բանակը կարող է անհաղորդ լինել այդ հասարակության բարքերին եւ արատներին: Մյուս կողմից վտանգավոր մեղք է բանակը ներքաշելը ներհասարակական եւ ներքաղաքական խնդիրների ու հակասությունների դաշտ: Ինչի ականատեսը եղանք նաեւ 2016 թվականի ապրիլի քառօրյա փորձության ժամանակ: Այն պահին, երբ զինվորը չէր լքում մահվանը ընդառաջ գնացող հրամանատարին, իսկ հրամանատարը զոհաբերում էր իրեն փրկելու համար ենթակային, այն պայմաններում, որ զոհվողների մեկ երրորդը սպաներ էին բոլորովին ժամանակը չէր խրամատներ հասնող ձայնով գոռալը, թե գեներալները թալանում են բանակը ու ման են գալիս ջիպերով:

Թեեւ տարիներ շարունակ մեր մտքի միջի կասկածի որդը հասունացնում էր այն որոմը, թե երկրում առկա անարդարությունների պատճառով անհրաժեշտ պահին ոչ բանակը կկռվի ու ոչ էլ նախկին կռվողները զենք կվերցնեն, քառօրյա պատերազմի ժամանակ եւ 18-20 տարեկան զինվորը կռվեց եւ ազգը վերածվեց ազգ բանակի:

Պետական ու համաժողովրդական այս բանակը դիմագրավեց անակնկալ հարված, որի ժամանակ, թշնամին դիրքապահների դեմ գրոհի անցավ մեծաքանակ մարդուժով, հայկական դիրքերի վրա նետեց միայն 120մմ-ից բարձր չափի ավելի քան 30 000 հրետանային արկ, «Գրադ» կայանքներից արձակեց ավելի քան հազար հինգհարյուր արկ: Չնայած մանրակրկիտ նախապատրաստությանը, անակնկալ ու լայնամասշտաբ գրոհին թշնամին չհաղթեց, ունեցավ տեխնիկայի շոշափելի կորուստ եւ, ըստ որոշ աղբյուրների, տասն անգամ ավելի զոհ:

Պատերազմը, հարձակվող կողմի խնդրանքով, դադարեցվեց չորս օրից, թշնամու ծրագրերը ձախողվեցին, հայկական կողմը չպարտվեց (զերծ մնանք հաղթանակ բառը գործածելուց, որովհետեւ թեկուզ փոքր չափի, այնուամենայնիվ հողի կորուստ ունեցանք): Ճշմարտությունը սա է եւ այն չպետք է աղավաղվի վասն ներքին հաշիվների կամ իշխանություններին չսիրելու ինքնաարդարացմամբ:
Փաստն այն է, որ չնայած այս ու այն հանգամանքներին, հայկական բանակը մնում է մարտունակ, հայ զինվորը մեռնելուց ավելի սարսափելի է համարում թշնամու առաջ հայկական բնակավայրերի ճանապարհը բացելը:

Թե մարտական գործողությունների ժամանակ եւ թե խաղաղ զորավարժությունների մեջ մեր բանակն դրսեւորում է հաղթողի ժառանգական կապը, ոգին եւ արհեստավարժությունը:
Ավանդույթ է դարձել, որ հայկական սեղանների շուրջ պարտադիր խմվի հայոց բանակի եւ հայ զինվորի կենացը: Այլեւս այդ բանակն ու զինվորը շոշափելի ու կոնկրետ են, թե իրենց եւ թե իրենց պաշտպանած հողի մերձությամբ ու հարազատությամբ:

Հայոց բանակն ամենաթանկ բանն է, որ անկախությամբ ձեռք են բերել Հայաստանի ու Արցախի պետությունները: Այն պարզ գիտակցությամբ, որ ազգի ու պետության անվտանգ ներկան եւ բաղձալի ապագան երաշխավորող գլխավոր գործոնը Հայոց զինված ուժերն են:

Պիտի կարողանանք լինել ազգ բանակ: Ոչ այն պարզունակ հասկացողությամբ, թե զինվորական ծառայության շրջանակ պետք է ներգրավվեն բոլորը, առանց սեռի ու տարիքի խտրության, այլ գործող բանակի առջեւ ֆիզիկական ու բարոյական պարտք ու պարտականություն ունենալու անհատական գիտակցությամբ, ինչը չի կարող սահմանափակվել միայն կենացներ խմելով: Եւ այո՛, նաեւ այս երկրում այնպիսի արդար հարաբերություններ հաստատելով, որոնք բարոյական եւ հոգեբանական առումով միշտ ամուր կպահեն սահմանապահ զինվորի ողնաշարը: Խաղաղ լուսաբացներ, անսասան հավատ ու անկոտրում կամք հայոց բանակին: