- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Իշխանափոխութինն` իշխանութիւնների նոր որակ ձեւաւորելու նպատակով

ՀՅ Դաշնակցութիւնը միշտ ձգտել եւ այժմ էլ ձգտում է նոր որակի իշխանութիւններ ձեւաւորել Հայաստանում: Հայաստանի երեք նախագահների օրոք ձեւաւորուած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակագերից եւ ոչ մէկը լիարժէք զարգացումներ չապահովեց Հայաստանի եւ հայութեան համար:

Առաջին նախագահի ստեղծած համակարգը յատկանշւում է տնտեսութեան համատարած քայքայմամբ ու թալանով, մէնիշխանական (ավտորիտար) բռնատիրութեամբ, հասարակութեան ճնշիչ մեծամասնութեան աղքատացմամբ, Արցախեան ազատագրական պայքարի, Հայ դատի եւ առհասարակ հայոց պահանջատիրութեան նկատմամբ բացասական դրսեւորումներով, զիջողականութեամբ եւ այլն: Դաշնակցութիւնը այս շրջանում ամբողջական ընդդիմութիւն էր եւ քաղաքական եւ յատկապէսգաղափարախօսական իմաստով: Երկրորդ նախագահի օրոք, թէեւ անկիւնադարձային փոփոխութիւն տեղի ունեցաւ արտաքին քաղաքականութեան մէջ, թէեւ սոցիալական բարեփոխումներ եղան, առաջացան փոքր ու միջին գործարարական ոլորտներ, մութն ու ցուրտը յաղթահարուեցին, այնուամենայնիւ «ազատ շուկա»-ի մոդելի կանոնակարգմանը զուգընթաց, աստիճանաբար ձեւաւորուեց օլիգարխիկ համակարգը` կլանային, արտատնտեսական յարաբերութիւնների նախնական տիպը փոխարինուեց կապիտալիստական ուժերի սանձարձակ տիրապետութեամբ եւ քաղաքական անմիջական դերակատարութեամբ: Դաշնակցութիւնը ներքին քաղաքական դաշտը կայունացնելու եւ արտաքին քաղաքականութեան դիրքերը ամրացնելու նպատակով, նախաձեռնեց կոալիցիոն համագործակցութեան տարբերակը, ընդ որում, դրա դասական ընկալմամբ. պատասխանատուութեան չափերը յարաբերակցաբար ճշտւում էին ըստ իրաւասութիւնների եւ ներկայացուածութեան բաժինների: Ինչո՞ւ էինք պնդում նման ձեւաչափով համագործակցելու Սկզբունքի վրայ: Ինչո՞ւ էինք, սատարելով երկրորդ նախագահին եւ անդամակցելով կոալիցիային, մեր քաղաքական օրակարգում մշտապէս արծարծում սոցիալ-տնտեսական վիճակը եւ մինչեւ իսկ այլընտրանքային դիրքերից քննադատում օրուայգործադիր իշխանութեան առկայ սխալները: Որովհետեւ այս շրջանում Դաշնակցութիւնը, մաս կազմելով քաղաքական կոալիցիային, այնուամենայնիւ իրեն վերապահեց գաղափարախօսական ընդդիմադրի իրաւունք: Այս կեցուածքը հասկանալու համար բաւական է տարբերակել քաղաքականութիւն ու գաղափարախօսութիւն հասկացութիւնները, նրանցից ածանցուող մօտեցումներն ու կեցուացքները, եւ հասկանալ, որ մարդկային մտքի այդ երկու խոշոր արգասիքները միշտ էլ լինում են միասին եւ ազդւում միմեանցից, սակայն պահպանում են իրենց ուրոյն գոյութիւնը: Դասական օրինակներում, քաղաքական կոալիցիաները հիմնականում առաջանում են գաղափարապէս դրկից հոսանքների համագործակցութեան հէնքի վրայ, իսկ ընդդիմութիւնը, գաղափարախօսական առումով, լինում է առաւել այլատարր: Մեզանում դասական այս օրէնքը դեռ չի գործում իր ամբողջ հզօրութեամբ, որովհետեւ նախ դեռ երիտասարդ է մեր պետութիւնը եւ ապա` խիստ ապագաղափարականացուած է մեր քաղաքական դաշտը: Իսկ ամենագլխաւորն էլ այն է, որ ազգային անլոյծ գերխնդիրներ ունեցող մեր ազգի համար չափազանց թանկ հաճոյք է ներքաղաքական ապակայունութիւնը: Նշուած հանգամանքները յաճախ Դաշնակցութեանը ստիպում են լինել շրջահայեաց եւ, պահպանելով գաղափարախօսական սեփական մօտեցումները, քաղաքական դաշտում համագործակցել մրցակցի եւ մինչեւ իսկ հակառակորդի հետ: Երրորդ նախագահի դեռ չաւարտուած ժամանակաշրջանը ցայժմ յատկանշւում է մենաշնորհների աճով, ժողովրդի կենսամակարդակի նուազեցմամբ, փոքր եւ միջին տնտեսութիւնների քայքայմամբ, տնտեսական մի քանի խոշոր ձեռնարկատիրութիւնների օտարմամբ, հայ-թուրքական յարաբերութիւնների սխալ մեկնարկով, դիւանագիտական բնագաւառում տկարութեան անհրապոյր դրսեւորումներով: Այս շրջանը յատկանշւում է նաեւ մարտիմէկեան դէպքերի արդիւնքում ստեղծուած ներքաղաքական ապակայունութիւնը յաղթահարելու դոմինանտ եւ ինքնանպատակ ձգտումով, որն, իհարկէ, զիջողականութեան մտակեցուածք պարտադրելով ՀՀ արտաքին քաղաքականութեանը, այդուհանդերձ հանգեցրեց կայունութեան վերականգնման: Այդ պայմաններում, երբ արդէն հայ-թուրքական յարաբերութիւններում սխալ մօտեցումները դրուեցին նժարի վրայ, Դաշնակցութիւնը այլեւս հիմնարար պատճառներ չունէր մնալու իշխանութեան մէջ: Արդ գաղափարախօսական գետնի վրայ Դաշնակցութիւնը առնուազն երկու գլխաւոր առանցքներով է տարբերւում առաջին նախագահի նէոլիբերալ, երկրորդ նախագահի ազգային-ազատական, իսկ երրորդի` պահպանողական հոսանքներից:

Առաջին` Դաշնակցութիւնը, ի տարբերութիւն վերը նշուածների, ազգային ու պետական շահերը չի հակադրում միմեանց, եւ համոզուած է, որ, խելամիտ քաղաքականութեամբ, հնարաւոր է առանց ազգային հիմնանպատակներից հրաժարուելու, զարգացնել պետութիւնը: Երկրորդ` Դաշնակցութիւնը, հակառակ վերանկախացած Հայաստանի քաղաքական էլիտայի, խորապէս հաւատում է սոցիալական արդարութեան եւ համերաշխութեան սկզբունքներին եւ այդ ուղղութեամբ ունի իր համակարգային մոդելը: Մնում է խորհել, թէ այսուհետ քաղաքական ինչպիսի՞ նկարագրով ու բնութագրով պէտք է հանդէս գայ մեր պետութիւնը եւ ինչպիսին պէտք է լինի ՀՀ իշխանութիւնների նոր որակը: