- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Սոցիալական բողոք, շարժում եւ համակարգային փոփոխութիւններ

2011 թուականն սկսուեց քաղաքական եւ սոցիալական բուռն բողոքներով: Թունիսի քաղաքական յեղափոխութեան եւ Ալժիրում, Մարոկկոյում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձութիւններին յաջորդեց Եգիպտոսի հասարակութեան բուռն ընդվզումը, որը եւս պարունակում է ոչ միայն քաղաքական սրընթաց փոփոխութիւնների վիթխարի ձըգտման, այլ նաեւ սոցիալական լիարժէք յեղափոխութեան բնորոշ տարրեր:

Հայաստանեան քաղաքական բեմահարթակում էլ 2011 թուականն սկսուեց սոցիալական բողոքներով. «փողոցային» առեւտրականների ցոյցերից յետոյ, անմիջապէս, բողոքի ակցիաներ անկացրեցին` Երեւանի տօնավաճառների առեւ- տրականները` մաքսատուրքերի բարձրացման դէմ, կանանց նկատմամբ բռնութիւնների դէմ պայքարող հասարակական կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ խաղաղ պայմաններում զոհուած զինուորների մայրերը: Սոցիալական սոյն բողոքները, թէեւ բխում են սահմանափակ թուով շերտերի շահերից, այդուհանդերձ դրանց գրեթէ համաժամանակեայ դրսեւորումները խօսում են հայաստանեան հասարակութեան սոցիալական խորը դժգոհութեան մասին, ինչն առայժմ արտայայտւում է ոչ միասնաբար:

Մարդու հասարակական կեանքի պատմութիւնը ցոյց է տալիս, որ սոցիալական տարանջատ բողոքների հանրագումարը, սոցիալական գաղափարախօսութեան առկայութեամբ եւ տարածմամբ, ի վիճակի է վերածուել սոցիալական մեծ շարժման:

Յատկապէս ժամանակակից հասարակական կեանքի պրակտիկան ցոյց է տալիս, որ սոցիալական բողոքի ալիքների վրայ բարձրանում են մի քանի հանրածանօթ գաղափարախօսական հոսանքներ.

– Պահպանողական հոսանքները, առհասարակ, սոցիալական բողոքը դարձնում են քաղաքական իշխանութեան հակակշռման հարուածային մեխանիզմ, որի միջոցով, ժամանակ առ ժամանակ, որոշակի փոփոխութիւններ են պարտադրում պետութեան ներքին կամ արտաքին քաղաքականութեան մէջ:

– Նոր ազատական հոսանքները սոցիալական բողոքը յանգեցնում են քաղաքական համակարգի կադրային փոփոխութիւնների, եւ յաճախ, «գունաւոր յեղափոխութեան»` արդիական շաբլոններով, նախաձեռնում են դրսից առաւել կառավարելի եւ վերահսկելի իշխանութիւնների ձեւաւորմանը:

– Ընկերվար-ժողովրդավարական հոսանքները, ի տարբերութիւն վերոնշեալ երկու տեսակների, հիմնականում, ձգտում են համակարգային փոփոխութեան: Նրանք, արդարութեան գաղափար հաղորդելով սոցիալական բողոքին, զերծ են մնում տարերայնութիւններից, մեքենայութիւններից եւ արկածախնդրութիւններից: Երբ դեմոկրատական սոցիալիզմն է դառնում գերակայ գաղափարախօսութիւն եւ մղիչ ուժ, ապա շարժումը, սիստեմատիկ կերպով, ձգտում է համակարգային բարեփոխումների. սոցիալական բողոքը վերածւում է ոչ թէ սոցիալական բունտի (խռովութեան), այլ` գիտակցուած սոցիալական շարժման:

Սոցիալական բողոքը Հայաստանում ի յայտ է եկել անկախութիւնից ի վեր: Սակայն կարելի է ասել, որ դրա տիրական գաղափարախօսութիւնը կամ պահպանողականութիւնն է եղել, կամ նոր ազատականութիւնը: Դեմոկրատական սոցիալիզմը դեռ չի հասցրել դառնալ Հայաստանի սոցիալ-քաղաքական ոլորտի գերակայ գաղափարախօսութիւնը: Թերեւս տուեալ իրողութեան բազմաբնոյթ պատճառներից մէկը` խորհրդային ամբողջատիրական համակարգի առարկայական փորձն ու թողած ենթակայական հետքերն են: Այսօր այս հետքերը թօթափելու դժուարին հրամայականի դէմ յանդիման են կանգնած հայկական սոցիալ-դեմոկրատական հոսանքները:

Գաղափարա-քաղաքական ճակատի վրայ, հայկական սոցիալ-դեմոկրատա-կան հոսանքները պէտք է մի կողմից պայքարեն պահպանողական եւ նոր-ազատական գաղափարախօսութիւնների վնասակար ազդեցութիւնների դէմ, իսկ միւս կողմից, կազմակերպականօրէն, ստանձնեն սոցիալական շարժման հեգեմոնի ամբողջական պատասխանատուութիւնը: Մի կողմից պէտք է ձգտեն համակարգային փոփոխութիւնների, պայքարելով յանուն արդարութեան եւ անապահով շերտերի սոցիալական շահերի պաշտպանութեան, իսկ միւս կողմից` պէտք է պահպանեն պետութեան ներքին կայունութեան եւ ազգային անվտանգութեան սկզբունքները:

Այսպիսով, հայկական սոցիալ-դեմոկրատական ճակատի համար սպասւում է համախմբման դժուարին գործ` Հայաստանում սոցիալական շարժումը առաջնորդելու համար եւ, միաժամանակ, պահանջւում է համապատասխան լրջութիւն, գաղափարական սկզբունքայնութիւն եւ պատասխանատուութեան գիտակցում:

Սա նշանակում է օր առաջ կազմել գաղափարա-քաղաքական ճակատ եւ մշակել սոցիալական համալիր քաղաքականութիւն եւ գործունէութեան ծրագիր:

Համոզուած ենք, որ Հայաստանի եւ բովանդակ հայութեան շահերից է բխում իրականացնել այս գործը` գաղափարապէս եւ կազմակերպականօրէն տէր կանգնել մեր քաղաքացիների սոցիալական բողոքին եւ շարժումը առաջնորդել դէպի համակարգային, արմատական փոփոխութիւններ: