- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի յոթերորդ համարը

[1]

Հուլիսի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրվա հեւքի հետ հրապարակված համարը գլխավորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Պաշտոնաթերթի «Հարցազրույց» խորագրի ներքո տվյալ հարցի մասին խոսում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը: Վիգեն Բաղումյանը, անդրադառնում է հարեւան Իրանի դիմագրաված դժվարություններին, որոնց վրա իրենց ծանր կնիքն են դրել համավարակը, եւ արտաքին-քաղաքական խնդիրները: Նա ներկայացնում է նաեւ Իրանի հայկական համայնքային կառույցների կազմակերպած աշխատանքների սկզբունքը ուղղված համավարակի պայմաններում մեր ազգակիցներին անհրաժեշտ օժանդակություններին: Միաժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամը համապատասխան աշխարհաքաղաքական դիտանկյունից հայացք է նետում հայ-իրանական փոխհարաբերությունների ներկայի վրա:

«Դրօշակ»-ի նոր համարը սկսվում է Կարո Արմենյանի առաջնորդող հոդվածով: Ազգային եւ կուսակցական անվանի գործիչը ահազանգ է հնչեցնում Հայաստանի համար գնալով ուռճացող ներքին բազմաբնույթ հիմնահարցերի առիթով եւ արծարծում է ապագայի հրամայականները համարժեք կարողականությամբ դիմագրավելու անհրաժեշտության խնդիրը: Հայաստանի մտահոգիչ ներկայի եւ ծագած մարտահրավերների հաղթահարման ուղիների մասին։

«Դրօշակ»-ի ներկա համարում կարելի է գտնել այլ հրապարակումներ եւս: Հանրային հույզերի ալեկոծման առիթ տված Սահմանադրական փոփոխությունների իրավական մանրակրկիտ վերլուծությունն է ներկայացված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հոդվածում:

«Դրօշակ»-ը շարունակում է հրապարակել «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի ուշագրավ հոդվածաշարը Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման հոլովույթի մասին՝ Հայաստանի անկախացման շրջանից ի վեր: Այս անգամ եւս ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու հետաքրքրական վերլուծության, որի առանցքում քննվում է Դաշնակցության դերակատարության հարցը՝ ազգային պետական կյանքում ծավալվող գործընթացներում:

Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների թեմային է նվիրված նաեւ Վիգեն Աբրահամյանի հոդվածը:

Ընթերցողին սպասվող հաճելի անակնկալ կլինի Բոստոնի «Հայրենիք» թերթի 1975 թվականի նոյեմբերյան համարից արտատպված Մուշեղ Իշխանի մտորումները Դաշնակցության ուժի գաղտնիքի շուրջ:

«Դրօշակ»-ը չի շրջանցել հուլիս ամսին տեղի ունեցած Հայոց պատմության համար անմոռանալի երկու իրադարձություն՝ Խանասորի արշավանքը եւ «Լիզբոնի» գործողությունը: Պատմության լուսարձակի ներքո այս անգամ ընդարձակ տեղ է հատկացվել նաեւ Ազգային ազատագրական պայքարի շրջանի պատմության մասնագետ Համլետ Գեւորգյանի հոդվածին: Ցավոք իր կողմից հրատարակության պատրաստված հոդվածի տպագրությունը պետք է դառնար յուրատեսակ հարգանքի տուրք հեղինակի անժամանակ հեռանալու առիթով:

Պաշտոնաթերթի քաղաքական եւ գաղափարական ասելիքով հագեցած ներկա համարը ընթերցողի համար կլինի հետաքրքրական եւ կնձեռնի նոր բացահայտումների հնարավորություն:

Ներբեռնել համարը [2]