- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 11-րդ համարը

[1]Նոյեմբերի 19-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ» 11-րդ համարը: Բնականաբար համարի նյութերի մեծ մասը նվիրված է պատերազմին եւ վերջինիս հետ առնչվող իրադարձություններին: Համարի «Հարցազրույց» խորագրի ներքո հրապարակվել է Բեյրութի «Վանա ձայն» ձայնասփյուռի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի հետ: Ծավալուն հարցազրույցի մեջ Հակոբ Խաչերյանը անդրադարձել է պատերազմի ինչպես եւ սրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին՝ մանրամասնություններ եւ մեկնաբանություններ ներկայացնելով ՀՀ իշխանության ու մասնավորապես երկրի վարչապետի քայլերի վերաբերյալ: Միաժամանակ լուսաբանվում է հիշյալ ժամանակահատվածում ՀՅԴ Բյուրոյի եւ ողջ կուսակցության գործունեությունը՝ ուղղված պատերազմի մեջ գտնվող հայրենիքին համակողմանի աջակցությանը: Ինչպես նշվեց հարցազրույցում ընթացքում ներկայացվում են բավականին մանրամասներ ու գնահատականներ խնդրո առարկա հայտնի իրադարձությունների վերաբերյալ եւ վստահ ենք, որ ընթերցողը այն կկարդա հետաքրքրությամբ:

Պաշտոնաթերթը ներկայացնում է նաեւ պատերազմի սկսվելուց ժամեր անց Երեւանում, Արամ Մանուկյանի արձանի դիմաց տեղի ունեցած ՀՅԴ կամավորների համախմբման ժամանակ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի ելույթը: Այս ելույթում, ըստ էության արտահայտելով կուսակցության դիրքորոշումը Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ այդ պահից քաղաքական բոլոր տարաձայնությունները մի կողմ են դրվում, հանուն թշնամու դեմ ազգային միասնականության ապահովման: Դաշնակցական կամավորների կազմակերպության ղեկավարը նաեւ հայտարարեց, որ ՀՅԴ կամավորականների առաջին վաշտը այդ պահից մեկնում է պատերազմի դաշտ, իսկ նրան կհետեւեն մյուս վաշտերը:

Պաշտոնաթերթի սույն համարում զետեղված է նաեւ ՀՅԴ Բյուրոյի նոյեմբերի 12-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ Վարչապետի ստորագրած խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունը պարտվողական ու նվաստացուցիչ փաստաթուղթ լինելով ոչ միայն. «Մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ նաեւ միանշանակօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ եւ գալիք սերունդների` անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու եւ արժանապատիւ ապագայ կառուցելու բացարձակ իրաւունքը»։ Այս հայտարարությամբ ՀՅԴ բարձրագույն ղեկավար մարմինը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Դրօշակը ներկայացնում է հոդվածներ, ուր պատերազմի թեժ շրջանում արտացոլված են Ռուսաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական պաշտոնական շրջանակների դիրքորոշումները հիշյալ իրադարձությունների վերաբերյալ:

Վաչե Բրուտյանը քննելով նորանկախ Հայաստանի քաղաքական եւ գաղափարական հենքի հարցը ցավով նշում է, որ անցյալի ուսանելի փորձը ներկայի իրարահաջորդ կառավրողները չփորձեցին ուսումնասիրել եւ յուրացնել ու այդ ճանապարհին մնացին վտանգավոր խարխափումների մեջ:

Անցյալի դասերի առումով ուշագրավ զուգահեռներ է ներկայացնում պատմաբան Անի Մելքոնյանը՝ անդրադառնալով 1920 թվականի ճիշտ այս նույն ժամանակաշրջանում Հայաստանի դեմ ձեռնարկված թուրքական ինտերվենցիային:

Դրօշակի ընթերցողը պաշտոնաթերթի ներկա համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:

Ներբեռնել համարը [2]