- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի երկրորդ համարը

[1]

Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի երկրորդ համարը: Առաջին հայացքից իսկ հետաքրքրվողների համար պարզ կդառնա, որ ՀՅ Դաշնակցության պաշտոնաթերթի ներկա հրատարակությունը կրում է մեր անհանգիստ օրերի շունչը:

Հայ ժողովրդի եւ Հայաստան երկրի համար տագնապալի ու հակասական քաղաքական համայնապատկերին է նվիրված պարբերականի հոդվածների զգալի բաժինը: Առկա իրողությունների լուսաբանմանն է նվիրված եւ «Դրօշակ»ի առաջնորդողը:

Պատասխանելով պաշտոնաթերթի հարցերին Հայաստանի ներազգային եւ ներքաղաքական իրողություններին իր գնահատականն է տալիս ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը: Խոսելով գործող իշխանությունների ապիկար ու անպատասխանատու կառավարման հետեւանքով երկրի կրած մեծ կորուստների ինչպես եւ այսօր էլ ազգային հեռանկարին սպառնացող առկա մարտահրավերների մասին Ա. Համբարձումյանը անդրադառնում է ընդդիմության գործունեությանը, մասնավորապես և վերջին շրջանում Դաշնակցության կողմից իրականացված ու իրականացվող գործերին:

Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին տարբեր տեսանկյուններից, հետաքրքրական վերլուծություններով անդրադառնում են քաղաքագետներ Վահե Սարգսյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ Վահրամ Էմմիյանը: Այս շարքը լրացվում է հայտնի ազգային-կուսակցական գործիչ երջանկահիշատակ էդուարդ Հովհաննիսյանի 1981 թվականին «Դրօշակ»ում հրապարակած «Զանգվածների ապստամբություն»ը հոդվածով, որը զարմանալի, միաժամանակ տրամաբանական օրինաչափությամբ այժմեական է նաեւ ներկա քաղաքական որոշակի գործընթացների մեկնաբանության առումով:

«Հորիզոն» թերթի անգլերեն, Ֆրանսերեն հավելվածների եւ «Հորիզոն գրական» հավելվածի խմբագիր Վիգեն Աբրահամյանը քննում է Հայաստանի ներկա ճգնաժամի հիմքերը, դրանք հայտնաբերելով երկրի կառավարման համակարգի մեջ:

Փետրվարյան այս թողարկմամբ «Դրօշակ»ի խմբագրակազմը բնականաբար չէր կարող չանդրադառնալ Փետրվարյան ապստամբության հիշարժան եղելությանը, որի հարյուրամյակը լրանում է հենց այս համարի լույսընծայման օրը՝ փետրվարի 18-ին: Հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրված այս ճակատագրական իրադարձությանն են նվիրված Վարդան Պետրոսյանի եւ Անի Մելքոնյանի հոդվածները: Հոդվածագիրները նաեւ զուգահեռներ են տանում մեկդարյա անցյալի եւ ներկա գործընթացների մեջ՝ ցուցանելով դրանց նմանությունները եւ անհրաժեշտ դասերը:

«Պատմության լուսարձակ» խորագրի ներքո Ավո Գաթրջյանը բացում է է թերեւս շատ քչերին հայտնի եւ ցայսօր չլուսաբանված հերոսական մի էջ անցյալ դարի սկզբին տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների պատմությունից:

Եզրափակելով այս համարի ասելիքը կրկին մեզ ընկերական զրույցի է հրավիրում կանադահայ գրող և հրապարակախոս Վրեժ-Արմեն Արթինյանը: Հետաքրքրական այս զրույցի թեման ֆիզիկականից վեր հոգևոր ու ոգեղեն արժեքներն են և այն գլխավորը ինչի համար ապրում մարդը, ինչ որ երազում ու հանուն ինչի ապրում է հայը:

Ներբեռնել համարը [2]