Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․երկրորդ համարը

«Դրօշակի» ընթերցողները այսօրվանից համացանցում կարող են ընթերցել ՀՅԴ պաշտոնաթերթի փետրվարյան համարը։ Համարի առանցքում Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության, Արցախի շրջափակման թեմաներն են։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով «Դրօշակի» հարցերին, խոսում է շրջափակման պայմաններում Արցախի ներքին վիճակի, հասարակական մթնոլորտի, Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության և այլ հարցերի մասին։

Իրանագետ Կարինե Մկրտչյանը անդրադառնում է Արցախի շրջափակումից առաջ և այդ ընթացքում տվյալ գործողության վերաբերյալ ադրբեջանցի քաղաքական և քաղաքագիտական շրջանակների արտահայտած դիրքորոշումներին։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը այս անգամ «Դրօշակի» ընթերցողին ներկայացնում է «ԱՄՆ-ի արձագանքն Արցախի շրջափակմանը» խորագրով հոդվածը։

Թուրքագետ Սաբինա Մուրդյանի ուշագրավ հոդվածը պատմում է, թե «Ովքեր են թուրք մեսխեթցիները և ինչպիսի գործոն կարող են դառնալ տարածաշրջանում»։ Ինչպես հուշում է հոդվածի խորագիրը այս քիչ արծարծվող թեման վերաբերում է մի հիմնահարցի, որի նկատմամբ հայությունը պետք է ուշադրություն դրսևորի։

«Դրօշակի» ծանոթ հեղինակ, ճարտարապետ, գրող և հրապարակագիր Վրեժ-Արմենն այս անգամ ներկայացնում է ԱՄՆի Նոտր Դամ համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Պատրիկ Դենինի աշխատությունը, որը վերնագրված է «Ազատություն ազատականությունից անդին»։ Հետաքրքրական այս աշխատությունը, ինչպես մեկնաբանում է հոդվածի հեղինակը «Ճիշտ ատենին լոյս տեսած գիրք մը, որ ցոյց կու տայ «ազատութիւն» վեհ յղացքին վրայ հիմնուած «ազատականութիւն» հասկացութեան իմաստազրկումը եւ կը նախատեսէ անոր վերջը»։ Հոդվածից իմանում ենք, որ հայտնի տեսաբանը անդրադառնում է ժամանակակից աշխարհում գերիշխող ազատականության (լիբերալիզմի) հակասությունը իր իսկ հռչակած իդեալների նկատմամբ, հասարակական կյանքում նրա բերած արատներին, ինչպես և գաղափարաքաղաքական այս չարիքը հաղթահարելու ուղիներին։

«Դրօշակի» 2023 թվականի երկրորդ համարը պարունակում է հետաքրքրական այլ հոդվածներ եւս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել