Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ ութերորդ համարը


Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի բազմազան նյութերի շարքում հիմնական տեղ են զբաղեցնում ազգային-պետական տագնապալի կյանքին նվիրված վերլուծական բնույթի հոդվածները: Պաշտոնաթերթի «Առաջնորդողը» քննության նյութ է դարձնում այն խնդիրների բեռը, որոնք այսօր ծառացած են զարտուղի ճանապարհներով սեփական իշխանության վերարտադրությունն ապահոված երկրի ղեկավարի ուսերին:

«Դրօշակի» սույն համարում արևելագետ Լիանա Պետրոսյանի հրապարակած հոդվածի խորագիրը հուշում է արծարծված նյութի բովանդակության մասին.««Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոսի 8-ի դիվանագիտության հետնաբեմը եւ վաշինգտոնյան ձեւաչափի «թակարդները»»: Հետաքրքրական և համակողմանի այս վերլուծությունը հիմնավորված է կոնկրետ փաստարկներով:

Ազգային հիմնահարցերի, արտաքին խնդիրների հարցում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության իրականացրած քաղաքականությունը պատմաբան Անի Մելքոնյանի եզրահանգմամբ դամոկլյան սուր է կախված Հայաստանի գլխին:

Մեկ այլ դիտանկյունից է անդրադառնում վերոհիշյալ խնդիրներին «Դրօշակի» մոսկովյան թղթակից Սարգիս Սարգսյանը: Նա գտնում է, որ «Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձելի կետին»: Մի բան, ինչը հաստատվում է Հայաստանի իշխանությունների ներկայիս քայլերով և իհարկե փաստարկված է Սարգիս Սարգսյանի ներկայացրած հիմնավորումներով:

Արևելագետ Նարե Գևորգյանն էլ ներկայացնում է Իրանի մտահոգությունները անմիջապես իր սահմանով անցնելիք, այսպես կոչված, Թրամփի ճանապարհի վերաբերյալ:

Հայ հասարակության ներկա հոգեբանական վիճակին, երկրում տեղի ունեցող իրողությունների նկատմամբ հանրային մտայնություններին են անդրադառնում հոդվածագիրներ Մանվել Մկրտչյանը և Արեգ Ղարաբեգյանը:

Պատմաբան Տարոն Հակոբյանը շարունակում է ներկայացնել Արցախի պետականության կայացման ճակատագրական տարիներին հայկական նորաստեղծ հանրապետության ներքաղաքական գործընթացները: Հայ մարդու համար անմոռանալի այդ պատմության դրվագների լուսաբանությունը կշարունակվի «Դրօշակի» հաջորդական համարներում:

Լրագրող Արմեն Վարդանյանը որը «Դրօշակին» մշտապես տրամադրում է նյութեր Հայաստանի բնապահպանական հիմնահարցերի վերաբերյալ, այս անգամ ներկայացրել է իշխանություններին հատկապես հուզող ասֆալտապատման վիճակն ու այս ոլորտում առկա հիմնահգարցերը:

Ընթերցողը «Դրօշակ»ի օգոստոսյան համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ ևս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել