Փետրվարի 10-ից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» պարբերականի 2022 թվականի երկրորդ համարը: Փետրվարը հայ ժողովրդի կյանքում նշանավորվում է ազգային ըմբոստացման երկու կարեւոր փաստերով, որոնցից մեկն արձանագրվել է 1921 թվականին, իսկ մյուսը` 1988 թվականին` որպես արցախյան շարժման սկիզբ: «Դրօշակ»ի առաջնորդողը զուգահեռներ տանելով երկու ժամանակաշրջանների միջև, անդրադառնում է նաև վերոնշյալ երկու պատմական իրադարձություններին:
Արցախյան շարժման սկզբնավորման տարեդարձի առիթով ՀՅԴ պաշտոնաթերթը հրապարակել է Խորհրդային Հայաստանի ղեկավար Անտոն Քոչինյանի մտորումներն արցախյան հարցի և այն Հայաստանին վերադարձնելու` հայ ժողովրդի օրինական պահանջների շուրջ: Անտոն Քոչինյանի արխիվում պահպանված է նաև Դաշտային ու Լեռնային Արցախի հայ բնակչության նամակը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովին, որում նկարագրվում է իրենց ծանր վիճակը և խնդրվում է շտկել պատմական սխալը: Նշված նյութերը «Դրօշակի» հրատարակությանն է ներկայացրել Հայաստանի պատմության թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը: Հայ-ադրբեջանական հարաբերություններին է նվիրված Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հուշերի հիման վրա պատրաստված հոդվածը:
Արցախյան առաջին պատերազմի օրերին` հայ և ադրբեջանցի ղեկավարների միջև իրականացնելով միջնորդական առաքելություն Իրանի նախագահը բացահայտում է այդ բանակցությունների մի շարք հետաքրքրական մանրամասնություններ: Հոդվածի հեղինակն է Իրանագետ Նարե Գևորգյանը:
Սկիզբ առած Հայ-թուրքական բանակցություններին, դրանց հետ կապված մտահոգություններին է անդրադառնում Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Հայ-թուրքական հարաբերություններ։ Ի՞նչ խնդիրներ է լուծում Թուրքիան» ուշագրավ հոդվածում:
«ԱՄՆ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում» խորագրի ներքո նշյալ հարաբերությունների երեսնամյա գործընթացին է անդրադառնում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից պատրաստված վերլուծությունը:
Հայ ընթերցողին կհետաքրքրեն նաև Ղազախստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության փորձի մասին Դիվանագետ Վարդան Հակոբյանի կատարած գնահատումները:
ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարում ներկայացված են նաև Անի Մելքոնյանի «Հայկական ռազմական ուժի պատմությունից» և Մարիամ Հովսեփյանի «Միլլի շարժումը Կ. Պոլսի «Ճակատամարտ» եւ «Ժամանակ» օրաթերթերի էջերում (1919-1920 թթ.)» հոդվածների եզրափակիչ հատվածները: Իրարից միանգամայն տարբեր երկու այս թեմաների վերաբերյալ հեղինակները ներկայացնում են մանրամասն ուսումնասիրություններ, որոնք օգտակար կլինեն թե մասնագետ և թե պատմությամբ հետաքրքրվող հանրության համար:
«Դրօշակ»ի նոր համարը ընթերցողին կներկայացնի նաև հետաքրքրական այլ նյութեր։