Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» ընթացիկ տարվա վեցերորդ համարը: 2026 թվականի հունիսը մեզ համար ակտիվ նախընտրական գործընթացների եզրափակման և խորհրդարանական ընտրությունների ամիս է: Այս գործընթացներն իրենց անդրադարձ են գտել հրապարակված նյութերի շարքում: Օրվա քաղաքական զգայուն հիմնահարցերից մեկնելով քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանն անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «Արևմտյան Ադրբեջանի» թեմային: Հոդվածի հեղինակը խորությամբ և համակողմանիորեն մեկնաբանում է խնդիրը ներկայացնելով, թե զավթողական հավակնություններից բխող այս ծրագիրը ինչ լրջագույն սպառնալիք է պարունակում Հայաստանի նկատմամբ, չնայած որ ՔՊ ական իշխանությունը փորձում է հնարավորինս շրջանցել ու նվազեցնել թշնամի հարևանի կողմից գեներացվող սպառնալիքը:
Մանվել Մկրտչյանը լուսարձակի տակ է առնում հայաստանյան հասարակության մտքի ներկա շփոթին, որը միտումնավորությամբ ձևավորել են գործող իշխանությունները, ծրագրված կերպով թիրախ դարձնելով ազգային ինքնությունը: Ազգային արժեքների, հիշողության և երազանքների դեմ ուղղված այս արշավին է ադրադառնում նաև Անժելա Հարությունյանը՝ մասնավորապես գրելով.«Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած վտանգը միայն տարածքային կորուստները, անվտանգային սպառնալիքները կամ էլ քաղաքական մարտահրավերները չեն։ Ավելի խորը եւ երկարաժամկետ վտանգ է ազգային դիմագծի խեղումը, ազգի ինքնության, պատմական հիշողության թուլացումը եւ ազգային երազանքի վերացումը։ Եթե ժողովրդի գիտակցության մեջ սերմանվում է այն միտքը, որ նրա հազարամյա պատմությունը երկրորդական է, որ նրա պատմական հայրենիքը պարզապես անցյալի էջ է, իսկ ազգային նպատակներն ու ձգտումները վտանգավոր կամ ավելորդ են, ապա հարված է հասցվում հենց ազգի գոյության հիմքերին»։
Պատմաբան Տարոն Հակոբյանը «Դրօշակին» է տրամադրել իր հոդվածաշարի երկրորդ հոդվածը, որը կոչվում է «Միացումից անկախացում: Ներքաղաքական խմորումները Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում (1992-1993 թթ.)»: Արցախի ազատագրական պայքարի և պետականության կայացման դժվարին շրջանին նվիված այս հոդվածաշարը հետաքրքրական է բազմաթիվ մանրամասների վեր հանմամբ, որոնք այսօր էլ հետաքրքիր պետք է լինեն Արցախ ճակատագրով ապրող մարդկանց համար: Հաջորդաբար «Դրօշակը» կներկայացնի պատմական տվյալ իրողությունների հետագա զարգացումները:
Շարունակելով արցախահայության դեմ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկված ոճրագործություններին անդրադարձը, Մարի Հովհաննիսյանը արժանի հավաստիությամբ և մանրամասնությամբ ներկայացնում է հետևյալ թեման ««Օղակ» գործողություն. արցախահայության բռնի տեղահանում եւ պետական ահաբեկչություն»»: Հեղինակի համոզումն է, որ մարդկության դեմ ուղղված և միջազգայնորեն ճանաչված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն ու հայ ժողովուրդը ուշ թե շուտ պետք է բարձրաձայնի դրանց մասին:
ՀՅԴ պաշտոնաթերթի ներկա համարը ընթերցողին ներկայացնում է հետաքրքիր այլ հոդվածներ ևս:
Ներբեռնել համարը

