«Սեւ ու սպիտակ» քաղաքական դաշտ

1921 թ. փետրուարեան համաժողովրդական յեղափոխության 90 ամեակը Հայաստանում նշվեց քաղաքական զարգացումների չափազանց ուշագրաւ մթնոլորտում:

Իշխանական կոալիցիայի թեւերի կողմից փետրուարի 17-ի յայտարարութիւնը, փաստօրէն, միտում ունի քաղաքական դաշտում ամբողջատիրութեան հաստատման. «…կոալիցիոն կուսակցութիւնները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրութիւններում իրենց քաղաքական կշիռն աւելացնել միմեանց դէմ պայքար ծաւալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի յարաբերակցութիւնը փոխելու հաշուին»: Նրանք ձգտում են «խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացուածութեան աճին»: Աւելին, նրանք, քաղաքական էթիկայի ու ժողովրդավարական տարրական սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ, կանխաւ ընդգծեցին նաեւ, որ «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրութիւններում հանդէս կը գայ միասնական թեկնածուով` ի դէմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխութիւնների յետագայ շարունակականութիւնն ու  մեր երկրի կայուն առաջընթացը յաջորդող հինգ տարիների ընթացքում…»:

Ծայրայեղական ընդդիմութիւնը, յանձին իր ղեկավար Լ.Տ.Պ.-ի, փետրուարի 18-ի քաղաքական հանրահաւաքում, նոյնիսկ չյիշելով կոալիցիայի նշուած յայտարարութիւնը, միանգամից կրկնեց իր առաջարկած քաղաքական վաղեմի լուծումը. «Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններն են, որոնք արդէն, քաղաքական անհրաժեշտութիւնից առաւել, վերածուել են ազգի ու պետութեան գոյութեան խնդրի»:

Այսպիսով`

ա. իշխանական կոալիցիան ամեն ինչի պատրաստ է (բնականաբար` նաեւ լայնամասշտաբ ընտրախախտումների) առաջիկայ ընտրութիւններում բացարձակ մեծամասնութիւն ապահովելու համար:

բ. ծայրայեղական ընդդիմութիւնն էլ ընդունակ է ամեն ինչի (ընդհուպ մինչեւ «սոցիալական բունտ» կոչուածի «գէշ խասեաթ»-ը ակնարկելով ու շանտաժի միջոց դարձնելով) կոալիցիայի նշուած մտադրութիւնը տապալելու համար:

Ո՞րն է քաղաքական այս երկու մօտեցումների տրամաբանական սինթեզի գլխաւոր առանցքը. ե՛ւ իշխանական կոալիցիան, ծայրայեղական ընդդիմութիւնը ձգտում են, «սեւ ու սպիտակ» երանգաւորմամբ, ձեւաւորել քաղաքական առաջիկայ բեմահարթակը: Այլընտրանքային ուժի առկայութիւնը անհանգստացնում է հայաստանեան 20-ամեայ քաղաքական էլիտային: «Սեւ ու սպիտակ» երանգաւորումը, անհրաժեշտաբար, ենթադրում է առճակատման ռէալ դրսեւորումներ` փողոցներից մինչեւ եւրոամբիոններ: Այս իմաստով, ինչպէս մարդկային ու նիւթական ռեսուրսներով, այնպէս էլ բազմաբնոյթ լրատուացանցերով, լաւապէս սպառազինուած են երկուսն էլ:

Այլ խօսքերով` առաջիկայում ե՛ւ կոալիցիոն իշխանութիւնները, ե՛ւ ծայրայեղական ընդդիմութիւնը, «նա, ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» քաղաքական վարքագծի փոխարէն, որդեգրելու են «նա, ով մեզանից մէկն ու մէկի հետ չէ` ընդհանրապէս գոյութիւն չունի» վարքագիծը:

Այս ամենը կատարւում է Հայաստանում սոցիալական շարժումը կանխելու նպատակով: Մենք ասել էինք եւ կրկնում ենք, որ սոցիալական շարժումն է վերջ դնելու 20-ամեայ էլիտայի տիրապետութեանը, որը դրսեւորուել եւ դըրսեւորւում է նոր ազատականութեամբ եւ նոր պահպանողականութեամբ:

Սոցիալական շարժման թերեւս նախնական արտայայտութիւններից պէտք է համարել ՀՅ Դաշնակցութեան նախաձեռնութեամբ փետրուարի 18-ին մեկնարկած «Ընտրական իրաւունքի պաշտպանութեան հասարակական շարժում»-ը, «Քուէն ուժ է» կարգախօսով, որին, ակնկալվում է, աստիճանաբար, կը միանան աւելի մեծ թուով քաղաքական կուսակցութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ: Սոյն շարժումը, որն, ըստ էութեան, սոցիալական մեծ շարժման իրաւական եւ քաղաքացիական բաղադրիչն է կազմում, նախ նպատակադրում է ստեղծել իշխանափոխութեան հնարավորութիւնն ապահովող ընտրական համակարգ:

Շարժումը ընտրական իրաւունքի եւ քուէը պաշտպանութեան գաղափարի շուրջ ժողովըրդի ինքնակազմակերպման ձգտում է: Շարժման թիրախը տարիների ընթացքում հասարակական գիտակցութեան մէջ ընտրութիւնների արդիւնքների կանխորոշուածութեան կարծրատիպն է, որի արդիւնքում քաղաքացիները, եւ առհասարակ մեր ազգը, կորցնում է իր հաւատը ժողովրդավարութեան կարելիութիւնների հանդէպ:

Գաղափարախօսական միեւնոյն ակունքներից ըմպած լինելով, ե՛ւ իշխանութիւնները, ե՛ւ ծայրայեղ ընդդիմութիւնը չեն հաւատում, որ սոցիալական շարժումները կարող են ընթանալ էվոլուցիոն զարգացման, խաղաղ, ոչ բռնի եղանակով եւ արդիւնաւորուել ժողովրդավարական քուէարկութեամբ: Նրանք սոցիալական շարժում հասկացութիւնը, բառացիօրէն, ասոցիացնում են սոցիալական բունտ հասկացութեան հետ եւ ստեղծում հասարակական կարծիքի շփոթ, ըստ որի սոցիալական շարժումը ազգային անվտանգութիւնը խաթարող սոսկական ապստամբութիւն է:

Զաւեշտալին այն է, որ իշխանութիւնների քաղաքական գլխաւոր ուժը, իր նոր պահպանողականութեամբ, ինքն իրեն յայտարարում է «սոցիալական արդարութեան ջատագով», իսկ ծայրայեղ ընդդիմութիւնը, իր նոր ազատականութեամբ, հռչակում է սոցիալական արդարացի պահանջներին «կազմակերպական աջակցութիւն ցուցաբերել»-ու իր պատրաստակամութիւնը:

Պէտք է վերջ դնել ծաղրանկարային այս խեղկատակութեանը:

Պէտք է սոցիալական բողոքն ու շարժումը օժտել սոցիալական համապատասխան գաղափարախօսութեամբ:

Պէտք է սոցիալական շարժումը դարձնել առաջիկայ ընտրութիւնների գլխաւոր առանցքը:

Այլապէս կանգնելու ենք, ծանօթ հանգերգերով ողողուած, «սեւ ու սպիտակ» քաղաքական բեմահարթակի առջեւ, որտեղ միշտ էլ յաղթում է «չարեաց փոքրագոյնը»:

Սկսել ենք, քաղաքացիական եւ իրաւական բնոյթով, հասարակական շարժում եւ, տարածուելով, պիտի շարունակենք:

Տպել Տպել