Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի հինգերորդ համարը


Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատված երեք տասնամյակի ավանդույթը մայիսյան «Դրօշակ»ը զուրկ է տոնական տրամադրությունից և արտահայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: Այդ նույն տրամադրության արտահայտություն է նաև համարի առաջնորդողը, որով փորձ է արվում պարզաբանել մոտ ապագայի համապետական հնարավոր ընտրություններում ինչ սկզբունքների հիման վրա է անհրաժեշտ կատարել մեր և մեր երկրի վաղվա օրը մեծապես կանխորոշող ճակատագրական ընտրությունը:

Առաջնորդողին հաջորդող Անի Մելքոնյանի «Խլված հաղթանակների մայիսը» հոդվածը անդրադարձ է մեկ դար առաջ ծանր դիմակայության գնով ձեռք բերված պետականության ձևավորման շրջանին, Արցախյան նոր հերոսապատումին և երկրին պատուհասած այսօրվա իշխանությունների գործունեության արդյունքում կրած ծանր պարտությանն ու կորուստներին: Հայոց անկախ պետականության վերականգնման բախտորոշ իրադարձություններին է անդրադառնում նաեւ պատմաբան Արմեն Խաչատրյանը:

Կարծում ենք ընթերցողի համար հետաքրքրական կլինի ընթերցելը պատմական գիտությունների դոկտոր, Վանիկ Վիրաբյանի երկու հոդվածները, որոնցում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում նորաստեղծ պետության անվտանգության համակարգը կազմող Միլիցիայի, բանակի և հետախուզության ստեղծման պատմությանը:

Պատմական թեմային անդրադարձը շարունակվում է պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանի «Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ. » հետաքրքրական հոդվածի երկրորդ և վերջին մասով:

Արցախի թեմային «Դրօշակի» համարում անդրադարձել է Արցախցի գրող և լրագրող Նորեկ Գասպարյանը: Արցախի խնդրին և ադրբեջանական հավակնություններին իրավաքաղաքական տեսանկյունից անդրադարձել է Գևորգ Հակոբջյանը:

Անկասկած հետաքրքրություն կշարժի նաև Վրեժ-Արմենի հոդվածը, ով հրատարակված գրքի առիթով անդրադառնում է թե տվյալ գրքի հեղինակին և թե հատկապես գրքի հերոսներին՝ Բալյանների ընտանիքին, ովքեր հսկայական հետք են թողել Օսմանյան կայսրության ճարտարապետական դիմագծի վրա: Կարծում ենք «Դրօշակ»ի մյուս հոդվածները եւս կարժենան ընթերցողների ուշադրությանը:

Ներբեռնել համարը

Տպել Տպել