Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի 6-րդ համարը

Հունիսի 13-ից համացանցի վրա է «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի հերթական համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ հայության համար ներկա օրերի գլխավոր իրադարձությանը՝ ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Նույն թեմային է նվիրված «Դրօշակ»ի առաջնորդողը։ Այս ընտրությունների կարևորության մասին է խոսում ՀՅԴ Բյուրոյի անդամ Րաֆֆի Տոնապետյանը՝ պաշտոնաթերթի անցկացրած ուշագրավ հարցազրույցում անդրադառնալով նաև հայության համար դժվարին ժամանակահատվածում մի քանի գաղութներում հայ համայնքների առօրյային, Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և, իհարկե, Արցախի ուղությամբ արվածին ու անելիքներին։

Համարի հեղինակներից Վահե Սարգսյանը անդրադառնում է ընտրությունների համար ազդակ հանդիսացած նախորդող ամիսների ժողովրդական շարժմանը։ Վիգեն Աբրահամյանն ընդհանրական ձևով է անդրադառնում այս թեմային քննելով այն հարցը, թե որքանով կարող է ճշգրիտ լինել ժողովրդական բոլոր խավերի կողմից իրականացվող ընտրությունը՝ մանավանդ այլազան քարոզչության պարագայում։

Պատմաբան Արմեն Ասրյանը լուսաբանում է ճակատագրական ժամանակահատվածների՝ անցած և ներկա դարերի երկրորդ տասնամյակների իրադարձությունների միջև զուգահեռներ տանելով ազգին առաջնորդող ուժերի ու գործիչների միջև և եզրակացնելով, որ այդ հանգամանքները որոշիչ դեր կարող են ունենալ ժողովուրդների պատմական ճակատագրերում։

Պատմական թեմաների են անդրադարձել նաև պատմաբաներ Գոհար Խանումյանն ու Անի Մելքոնյանը։

«Դրօշակ»ի ընթերցողները հունիսյան համարում կգտնեն նաև քաղաքական վերլուծություններ ու այլ հետաքրքրական նյութեր։

Ներբեռնել համարը

Տպել Տպել