Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ չորրորդ համարը

«Դրօշակ»ի ընթերցողը այսօրվանից համացանցում կարող է գտնել պաշտոնաթերթի չորրորդ համարը։ Ապրիլյան համարի հրապարակումները հիմնականում նվիրված են ցեղասպանության թեմային։

Մի քանի հեղինակների քննության առարկան է թուրքական պետության ցեղասպան բնույթը, վերլուծության է ենթարկվում այն գաղափարական խարիսխը, որի հիմքի վրա ցեղասպանական գործելակերպը մշտապես եղել և մնում է թուրքական ռեժիմների որդեգրած քաղաքականությունը՝ ինչպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ պետության ներսում, նույնպես և համաթրքության ու համաթուրանականության նվաճողական հավակնությունների ճանապարհին հանդիպող ժողովուրդների հանդեպ։

Այս խնդիրներն են արծարծվում ապրիլյան համարի խմբագրականում՝ Նարե Գևորգյանի, և Տիգրան Չանդոյանի հոդվածներում։ Հեղինակները անդրադառնում են նաև Ադրբեջանին, որպես իր պետություն դառնալուց առաջ և ցայսօր նույն ցեղասպանական քաղաքականությունը որդեգրած երկրորդ թուրքական պետական կազմավորում։ Սիրանույշ Վարդանյանն այդ քաղաքականությունը ներկայացնում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված մեկ օրինակով։

Թուրքական ու ադրբեջանական պետությունների ցեղասպան բնույթի, այդ բնույթի գաղափարական-քաղաքական ակունքների, տեսաբանների ու դերակատարների մեկ ու կես դար ձգվող արյունալի ճանապարհի վերաբերյալ, «Դրօշակ»ի առաջարկով, մանրամասն ուսումնասիրություն է պատրաստել սիրահայ հրապարակագիր ու բանասեր Ավո Գաթրճյանը։ Ներկայացվող նյութը առանձին հետաքրքրություն է ներկայացնում մասնավորապես այն պատճառով, որ Ա․Գաթրճյանը ուսումնասիրության համար հիմք է ընդունել բնագիր աղբյուրները՝ համաթուրանականության ու համաթուրքականության գաղափարախոսության հիմնադիրների ու շարունակողների, ինչպես և այս վարդապետությունը որդեգրած ոճրագործների՝ Սուլթան Համիդից մինչև երիտթուրքեր և մինչև Էրդողան ու Ալիև, աշխարհայացքն ու գործունեությունը։

Անի Մելքոնյանը «Հայ ազգային գաղափարախոսությունը» հոդվածում խոսում է ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին, առանց որի ժողովուրդները ոչ միայն սեփական ինքնությունից են հեռանում, այլև հայտնվում են այնպիսի ողբերգությունների հորձանուտում ինչպիսին որ այսօրվա հայի ու Հայաստանի վիճակն է։

Լիանա Պետրոսյանը մանրամասնորեն ներկայացնում է Ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության պետական մոտեցումը՝ նկատի ունենալով, մասնավորապես, խնդրի նկատմամբ հարևան երկրի իրարահաջորդ ղեկավարների գործնական վերաբերմունքը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը «Դրօշակ»ի համար պատրաստել է «Արցախը ԱՄՆ ուշադրության կենտրոնում» հոդվածը, որում մանրամասնորեն անդրադառնում է ներկայացվող հարցի պատմությանը և ներկային։

Կարծում ենք, որ այս հետաքրքրական նյութերի կողքին ընթերցողի ուշադրությանը կարժանանան նաև Ռուս- ուկրաինական բախման վերաբերյալ Վարդան Հակոբյանի վերլուծությունը՝ աշխարհաքաղաքական ափսեի վրա, ինչպես և նույն հարցի վերաբերյալ թուրք-ադրբեջանական դիրքորոշումն ու վերջինիս նախապատմությունը։

Ներբեռնել համարը

Տպել Տպել