Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ հինգերորդ համարը

Համացանցի վրա այսօրվանից կարելի է ընթերցել «Դրօշակ»ի մայիսյան համարը։ Ավանդաբար տոնական մայիսը մեր օրերում տրամադրում է այլ խորհրդածությունների, բնականաբար դարձյալ առանցքում ունենալով հայոց պետականության անցյալի, ներկայի ու ապագայի հիմնահարցերը։ Այդ ոգին է կրում նաև համարի առաջնորդողը, որի քննարկման հիմնական առարկան այսօրվա ներքաղաքական իրողություններն են։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Մոսկվա՞, թե՞ Բրյուսել» վերտառությամբ հոդվածում քննում է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրվող զիջումների պայմաններում Հայաստանի պատեհապաշտ իշխանությունների դեգերումների հարցը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ վարվող պարտվողական քաղաքականության դեմ այս ներկայումս ծավալվող համազգային ընդվզումը բոլորի համար ակնհայտ է դարձնում, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում համակերպվելու իշխանությունների դավաճանական քաղաքականության հետ և որ իր այս վճռական կեցվածքով ժողովուրդն իր պետությունը օբյեկտի կարգավիճակից բարձրացնում է սուբյեկտի մակարդակի։

Իշխանությունների կոլաբորացիոնիստական էությանն է անդրադառնում պատմաբան Անի Մելքոնյանը, այս անգամ ևս երևույթը ընդհանրացնելով պատմական համապատկերի վրա։

Հիմնվելով Հայաստանի բարձր պաշտոնյաների արտահայտությունների վրա միջազգային իրավունքի մասնագետ, Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գևորգ Հակոբճյանը նկատում է, որ պետական-պաշտոնական մակարդակով փորձ է արվում ճարպկորեն հրաժարվել հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման պահանջատիրությունից հայտարարելով, թե․
«Մե ր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովուրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների
ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»: ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձից արված այս մեջբերումը, ըստ հոդվածագրի, ազգային կարևոր հիմնահարցից հրաժարվելու, այն մոռացության մատնելու ձև է։

104 տարի առաջ հայոց անկախ պետականության վերականգնմանը, այդ ճակատագրական իրողության դասերին ու խորհուրդներին է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը։ Նույն շրջանին հետազոտողի հայացք նետելով պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանը լուսաբանում է 1918 թվականին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտին, դրան առնչվող իրադարձություններին, ինչպես և ճակատամարտի նշանակությանը վերաբերող խնդիրներ։ Պատմաբան դոկտոր Վանիկ Վիրաբյանի ։ հոդվածը նվիրված է առաջին հանրապետության շրջանում Ադրբեջանի գործադրած ջանքերին Հայաստանից խլելու Զոդն ու Բասարգեչարը(Վարդենիսը)։ Ավելորդ է ասել, որ շոշափվող թեման խիստ արդիական է ներկայումս Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերի վրա։

«Դրօշակ»ի ընթերցողը հետաքրքրությամբ կընթերցի նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանի հոդվածը՝ նվիրված Եղիշե Չարենցին և Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանին նվիրված գրքին անդրադարձը՝ կանադահայ մտավորական, Ճարտարապետ, գրող, հրապարակագիր Վրեժ Արմենի կողմից։

Ներբեռնել համարը

Տպել Տպել