Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ երկրորդ համարը

Այսօրվանից կարելի է համացանցի վրա ընթերցել «Դրօշակի» 2026 թ․ 2-րդ համարը։ Պաշտոնաթերթի բազմազան խորագրերը հուշում են նոր համարի բովանդակության մասին։ Փետրվար ամիսը մեզ հիշեցնում է հայության համազգային պոռթկումների մասին հանուն ազգային ազատության և արժանապատվության։ 1921 թվականի Փետրվարի 18-ի և 1988 –ի Արցախյան ըմբոստացումներին է անդրադարձել Անի Մելքոնյանը, ազգային պայքարի այս հերոսական էջերի հետ հակադրության մեջ տեսնելով Հայաստանի այսօրվա հայրենադավ իշխանության ազգային շահերին դավաճանելու պարտվողական քաղաքականությունը։ Պատմաբան Տարոն Հակոբյանը Արցախյան ազատագրական շարժման հերթական տարեդարձի առիթով մանրամասնորեն անդրադառնում է 36 տարի առաջ այդ պայքարի սկզբնավորման և պայքարի ներսից Արցախի ազգային պետական կառույցների ձևավորման գործընթացին։

Սրա կողքին «Դրօշակը» անդրադարձել է նույն 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի ոճրագործ իշխանության իրականացրած ցեղասպանական գործողություններին։ Սումգայիթի հայության ջարդերին իրադարձությունների ժամանակագրական մանրամասնությամբ անդրադարձել է ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը։

Լրագրող Արմեն Վարդանյանի հոդվածը վերաբերում է Երևանի այսօրվա բնապահպանական իրավիճակին։ Բնապահպանական ոլորտի այս ուսումնասիրությունը մեր ուշադրությունը սևեռում է նույնպես մտահոգիչ հիմնահարցի վրա, փաստելով որ իշխանությունների անտարբեր ու շահադիտական քաղաքականության հետևանքով Հայաստանի մայրաքաղաքը այսօր գտնվում է բնակչության առողջության համար խիստ վտանգավոր բնապահպանական կացության մեջ։

Մեր ժամանակի լավագույն հայագետներից մեկը՝ երջանկահիշատակ Ալբերտ Մուշեղյանը, Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձի առիթով «Դրօշակի» համար 2025 թվականի աշնանը պատրաստել է նշանավոր պոետի սոցիալական և պայքարի թեմայով մի քանի ստեղծագործությունների խորազննին վերլուծություն ցավոք, սակայն, չապրելով մինչև հոդվածի հրապարակումը։ Կարծում ենք գրականությամբ ու ոչ միայն գրականությամբ և մշակույթով հետաքրքրվողներին կձգի այս ուշագրավ ուսումնասիրության ընթերցումը։ «Դրօշակի» այս համարում տեղ գտած մյուս հոդվածները նույնպես անկասկած կգրավեն ընթերցողի ուշադրությունը։

Ներբեռնել համարը

Տպել Տպել