Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ երրորդ համարը

ՀՅԴ պաշտոնաթերթի մարտյան համարը սկսվում է անդրադարձով վերջերս Երևանում տեղի ունեցած «Հայաստան» նորացված ձևաչափով նախընտրական դաշինքի ձևավորման առիթով տեղի ունեցած միջոցառմանը: Հայաստանն այս օրերին դանդաղորեն մտնում է գալիք ընտրությունների նախընտրական հևքի մեջ և նրա բնորոշ դրսևորումներից մեկը քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացրած նախընտրական հայտերն են: Սրանով հանդերձ պատահական չէ, որ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացավ ՀՅ Դաշնակցություն և Առաջ կուսակցությունների կողմից նախընտրական դաշինքի ձևավորումը, որն էլ վարչապետի թեկնածու առաջադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Դրօշակի» առաջնորդողը ընթերցողին և առհսարակ հայ ընտրողին առաջարկում է պետության համար ճակատագրական ընտրությունից առաջ հստակեցնել այն չափանիշերը, որոնք պետք է բավարարեն առկա մարտահրավերների պայմաններում երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնող անձի պարագայում:

«Դրօշակի» մշտական հոդվածագիր Անի Մելքոնյանը մտահոգությամբ անդրադառնում է սահամանադրության այն նախագծին, որը գործող իշխանությունները պատրաստվում են ներկայացնել ժողովրդին: Հիմնվելով փաստաթղթի նախագծի վրա հոդվածագիրը փաստում է, որ այն, ավելի շուտ, «Մահվան վկայական» է պետության հայկական պատկանելությանը:

Մեր տարածաշրջանում բռնկված մեծ պատերազմի թեման, բնականաբար, չէր կարող դուրս մնալ «Դրօշակի» ուշադրությունից. քաղաքագետ Վահե Դավթյանը, իրանագետներ Լիանա Պետրոսյանը և Նարե Գևորգյանը տարբեր դիտանկյուններից անդրադարձել են այս թեմային՝ օրինաչափորեն շոշափելով այն հանգամանքը, թե տվյալ վտանգավոր իրադարձությունը ինչ ազդեցություններ կարող է ունենալ Հայաստանի վրա:

Պաշտոնաթերթի ներկա թվի ընթերցողը կնկատի, որ այս համարի շատ նյութեր առնչվում են մարտ ամսին լրացած այս կամ այն հիշատակելի օրվա հետ: Ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը ներկայացրել է 1920 թվականի այս օրերին, անգլիացիների թողտվության պայմաններում, Ադրբեջանի ոճրագործ ղեկավարության կազմակերպած Շուշիի ջարդերին:

Թեհրանում լույս տեսնող «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը, մահվան տարելիցի առիթով, «Դրօշակին» է տրամադրել ՀՅԴ գաղափարական և քաղաքական հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի հայացքների վերլուծությունը, որոնք արդիական են մեր օրերում, երբ մասնավորապես կասկածի է ենթարկվում որևէ ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքն ու դրա հիմնավորվածությունը:

Կարծում ենք ընթերցողը հաճույքով կընթերցի նաև նշանավոր գրող Համաստեղի հոդվածը նվիրված Դաշնակցության ականավոր գործիչ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, Վահան Նավասարդյանին:

Բանասեր և մանկավարժ Անժելա Հարությունյանը «Դրօշակի» էջերում քննում է այն հարցը, թե ինչպիսի մեթոդներով են ապազգային ու կործանարար քաղաքական-պետական իշխանությունները ձգտում լռեցնել սերունդների դաստիրակության կարևորագույն առաքելությունը ստանձնած գիտակրթական էլիտաներին:

Նշված հոդվածների կողքին ընթերցողը կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ ևս, որոնք տեղ են գտել «Դրօշակի» 2026 թվականի մարտյան համարում:

Ներբեռնել համարը

Տպել Տպել