Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ չորրորդ համարը

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2026 թ. 4-րդ համարը: Հայության համար հիշատակի և ոգեկոչման այս ամսին ՀՅԴ պաշտոնաթերթի ընթացիկ համարը նվիրված է հայոց մեծ ողբերգությանը:

Ընթերցողը «Հայ Դատ» խորագրի ներքո կծանոթանա 111 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին նյութերի, դրանց արձագանքներին մամուլում, ինչպես և իրավական, քաղաքական բեմերում՝ որպես մի գործընթաց որը շարունակվում է տարբեր դրսևորումներով: Միաժամանակ որպես մի գործընթաց, որն իր պատմական հանգուցալուծումը դեռևս չի ստացել մարդկության վերապրած առաջին ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ինչպես և հետևանքների վերացման առումով: Որպես անպատժելիության պայմաններում 1915 թվականի եղեռնական իրադարձությունների շարունակություն «Դրօշակն» անդրադառնում է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին:

Հեղինակ Մարի Հովհաննիսյանը, ասվածի բնորոշ օրինակ որպես, անդրադառնում է 1992 թ. Արցախի Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածին: Սահմռկեցուցիչ իրադարձությունների նկարագրությունը ակնառու կերպով ի ցույց է դնում նույն արյունարբու ձեռագիրը, որով մեծ եղբայրը մոտ մեկ դար առաջ իրականացնում էր Հայոց ցեղասպանությունը:

Ազգի ոչնչացման և նրա բնօրրանին տիրանալու ցեղասպանական քաղաքականության մեկ դրսևորումն էլ սպիտակ ցեղասպանությունն է կամ, այլ խոսքով, ժողովրդի մշակութային, հոգևոր ու պատմական հետքերի ոչնչացումը: Մշակութաբան Արմինե Տիգրանյանը անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախում շարունակվող հայկական կոթողների ոչնչացման պետական քաղաքականությանը, միջազգային իրավունքի տեսանկյունից տեղի ունեցողը բացահայտելով որպես ցեղասպանական գործողություններ:

Անդրադառնալով մեկ դարից ավելի շարունակվող հայաջինջ քաղաքականությանը որոշ հոդվածների հեղինակներ ցավով նշում են, որ տեղի ունեցողի խորապատկերին Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն լռություն են պահպանում հայկական ինքնության դեմ ուղղված ակնհայտ վանդալիզմի հարցում, այլև փորձում են հայ ժողովրդին համոզել, թե երեկվա ու այսօրվա թշնամին այլևս բարեկամ է, որի հետ հաստատված է հավերժական խաղաղություն:

Անկախ արծարծած նյութի բովանդակությունից հրապարակված հոդվածների միջով կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը պետականորեն պետք է պաշտպանի իրեն և չդադարեցնի ինքնության, սեփական հողի վրա ինքնիշխան ու արժանապատիվ գոյության համար պայքարը: Միայն ամուր պետականության շուրջ համախմբված պայքարունակ ժողովուրդն է երաշխավորված իր մշտական տեղն ունենալու աշխարհի հարափոփոխ քարտեզի վրա:

Ներբեռնել համարը

Տպել Տպել