Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ երրորդ համարը

Համացանցի էջին խմբագրությունը ներկայացրել է «Դրօշակի» 2024 թվականի մարտյան համարը: Համարի «Առաջնորդողի» խորագիրն է «Ոտատակ ընկած Նիկոլ, ոտատակ եղող Հայաստան», ինչը ճշգրտորեն արտահայտում է այսօրվա Հայաստանի ղեկավարի քաղաքական վարքը, ինչի հետևանքն էլ աշխարհաքաղաքական վտանգավոր գործընթացների հորձանուտի մեջ ընկղմվող մեր երկիրն է:

Ի դեպ, ՀՅ Դաշնակցության Բյուրոն օրեր առաջ հայտարարությամբ անդրադարձավ իշխանությունների կործանարար քաղաքականությանը, մասնավորապես, Արցախից հետո այժմ էլ Հայաստանից տարածքներ զիջելու անհեռատես և անպատասխանատու գործունեությանը: Նշված հայտարարությունը նույնպես ներկայացված է «Դրօշակի» այս համարում:

Եթե իշխանությունները ամեն ճիգ ու ջանք գործադրում են փակելու, մոռացության մատնելու Արցախ էջը, ապա ազգային և բանական հայ մարդկանց համար անընդունելի պետք է լինի ազգային շահերի ոտնահարման այս բացահայտ դավաճանական քայլը: «Դրօշակը» սույն համարում մի քանի հոդվածով անդրադարձել է Արցախի հարցին իրավաքաղաքական տեսանկյունից, քննելով թե՛ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության առջև ծառացած իրավական բնույթի խնդիրները, թե՛ անդրադառնալով Արցախի հանրապետության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Այս շարքում ուշագրավ է նաև պատմաբան Արմեն Մարուքյանի հոդվածը, որն անդրադարձ է միջազգային ասպարեզում Արցախի հարցի հետապնդման իրավական հիմքերին:

Մոտենում է ապրիլի 24-ը, որն իհարկե կարևոր առիթ է, թեև առանց հատուկ առիթի էլ Ցեղասպանության և նրանից բխող Հայ դատի խնդիրները երբեք չպետք է դուրս դրվեն հայկական օրակարգերից:
«Դրօշակի» այս համարում, մի քանի հեղինակներ, տարբեր դիտանկյուններից անդրադարձել են այս չսպառվող ցավոտ թեմային:

«Դրօշակի» «Ընկերական զրույցների» շարքը մշտապես ներկայացնող գրող-հրապարակագիր Վրեժ-Արմենը այս անգամ անդրադառնում է մի երևույթի, որը կարելի է կոչել «հասարակական մեր կյանքը կարգավորող կանոններ» մասնավորեցնելով ասելիքը «մեր ինքնության պահպանման» կանոնների և թելադրանքների վրա:

Ինչպես միշտ ընթերցողը ակնարկված նյութերի կողքին կգտնի այլ հետքրքրական հոդվածներ ևս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել