Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ չորրորդ համարը

Ապրիլի 24-ի նախօրյակին ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» նոր համարը: Ինչպես և սպասելի էր համարը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային: Ճակատագրի դաժան դասավորմամբ 21-րդ դարում հայության համար կրկնվում են հարյուրամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները՝ տեղի ունեցավ Արցախի բռնագրավումն ու հայաթափումը:

Ցեղասպան հարևանները փորձում են քայլ-քայլ զրկել Հայաստանը ինքնիշխանությունից: Եւ Պետականության պայմաններում տեղի ունեցող ողբերգությունը հնարավոր է դարձել Հայաստանի դրածո իշխանության անուղղակի և ուղղակի աջակցությամբ: Տեղի ունեցող իրողություններն էլ լուսաբանվում են հայոց ողբերգության ամսին լույս տեսնող Դրօշակում:

Համարի նյութերի հեղինակների մոտ կարմիր թելի պես զուգահեռներ են անցկացվում հարյուրամյա ժամանակային հեռավորությամբ բաժանվող իրադարձությունների՝ թուրքական ցեղասպանական գործողությունների և ձեռագրի հարցում: Քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը անդրադառնում է ցեղասպանությունների ժխտողականության խնդրին՝ ներկայացնելով այս երևույթը, որպես ցեղասպանությունների իրականացման գաղափարաքաղաքական բաղկացուցիչ և որպես երևույթ, ինչը խրախուսում և հիմք է ծառայում մարդկության դեմ ուղղված այս ոճրագործության կրկնությունների համար: Հոդվածի հեղինակը փաստում է, որ Հայության դեմ իրականացված ցեղասպանության ժխտման թեզերի հիմնադիրը եղել է դեռևս համիդյան վարչախումբը:

Թուրքագետ Մելինե Անումյանը անդրադառնում է 1919-1921 թվականներին օրվա թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքերի դատավարություններին: Այս դատավարությունների ընթացքում մեղադրյալներին են ներկայացվել իրենց ցեղասպանական գործունեությունը բացահայտող ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցվել են երիտթուրք պարագլուխների խոստովանություններով և նրանց ստորագրած հրամանագրերի նույնականացմամբ: Ելնելով այս դատավարության վերաբերյալ հրապարակված փաստերից, ինչպես և կայացված դատավճիռներից, Մելինե Անումյանի համոզմամբ, ըստ էության, հենց այդ ժամանակ են թուրքական իշխանությունները ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև միայն տասնամյակներ անց պետք է միջազգայնորեն բանաձևվեր իրավական այս եզրը:

Արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանը ներկայացնելով բռնագրավված Արցախում այս օրերին տեղի ունեցող մշակութային վանդալիզմը փաստում է, որ հայկական բռնագրավյալ տարածքների վրա տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն:

Պատմաբան Արմեն Կարապետյանը անդրադառնում է «Քրդերին հայոց բնաջնջմանը մասնակից դարձնելու համիդյան եւ երիտթուրքական քաղաքականությունը»: Հոդվածի հեղինակի համոզմամբ բազմաթիվ փաստերի շնորհիվ անհերքելի է այս երևույթը և ինչպես թուրքերը, նույնպես և քրդերն ու նրանց ժառանգները պարտավոր են հաշվի նստել տվյալ իրողության հետ:

Պատմաբան Գոհար Խանումյանը ընթերցողին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության մինչև վերջերս հանրության համար անհայտ անդամներից մեկին՝ Ահարոն Սաչակլյանին:

Արվեստաբան Մովսես Ծիրանիի ներկայացրած ակնարկը կոչվում է «Ցեղասպանութեան գեղարուեստական արձագանգները սփիւռքահայ կերպարվեստում»: Հուզիչ ու հետաքրքիր է անդրադառնալը եղեռնի ցավը հոգիներում կրող այն հայորդիների կյանքին ու գործունեությանը, ովքեր իրենց արվեստով փորձեցին աշխարհին ներկայացնել հայոց մեծ ողբերգությունը:

Ներբեռնել համարը

Տպել Տպել