«Դրօշակի» ընթերցողը այսօրվանից համացանցում կարող է գտնել պաշտօնաթերթի այս տարվա նախավերջին համարը։ Նոր համարի քաղաքական, հասարակական խորագրերի ներքո ներկայացվում է Հայաստանի իշխանությունների ազգային շահերը վտանգող արտաքին քաղաքականությունը, ազգային արժեքներից հեռացումը, դրանցից հանրությանը օտարելու քաղաքականությունը։ Ընթերցողի համար հետաքրքրական կլինի հետևելը «Դրօշակի» և գրականագետ Դավիթ Գասպարյանի զրույցին, որի առանցքային թեման է անկախությունից հետո կրթության, գիտության, մշակույթի ասպարեզներում, ինչպես և հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և հայաստանյան իրականության մեջ ներկայումս առկա տագնապահարույց երևույթները։ Հասարակության ներկայիս բարոյահոգեբանական վիճակին և հավաքական մտայնություններին է անդրադառնում հրապարակախոս Մանվել Մկրտչյանը։
«Դրօշակի» երրորդ հերթական համարում զետեղված է օտարերկրյա մասնագետների և մասնագիտական կենտրոնների ուսումնասիրությունների համադրման հիման վրա մոսկվայաբնակ վերլուծաբան Սարգիս Սարգսյանի հեղինակած հոդվածը՝ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ հայ և ադրբեջանական կողմերի գործածած զենքերի, իրականացրած մարտավարության ու ռազմավարության, ինչպես և պատերամից հետո կատարած ռազմական գնումների պատկերը։ Փաստական հարուստ նյութի հետ ծանոթանալը հետաքրքրական կլինի թե՛ համապատասխան փորձագիտական և քաղաքագիտական շրջանակների և թե Արցախյան խնդրով և հայ-ադրբեջանական հարաբերություններով հետաքրքրվողների համար։
Ուշագրավ ուսումնասիրություն է ներկայացրել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։ Նրա ուսումնասիրության թեման է Համշենահայության ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ.։ Ներկայացվող ծավալուն նյութը առաջին մասն է քիչ ուսումնասիրված այս թեմայի և լրացնում է Հայոց ցեղասպանության պատմության և ժողովրդական ինքնապաշտպանության էջերը։
Հոդվածը պարունակում է հարուստ փաստական տվյալներ և անկասկած նույնպես հետաքրքրական կլինի ոչ միայն պատմաբանների ու այլ մասնագետների, այլև լայն հանրության համար։
«Դրօշակի» նոյեմբերյան համարը ընթերցողի ուշադրությանը ներկայացնում է տարբեր թեմաներով ուշագրավ այլ նյութեր ևս։
Ներբեռնել համարը