«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնորոշել նոր համարի նյութերի թեմատիկ ընդհանրությունը, ապա կարելի է ասել, որ այն արձագանք է այս օրերին հասարակությանը հուզող ազգային-պետական բնույթի մի շարք հարցերի։ Համարի «Առաջնորդողն», օրինակ, անդրադարձ է գալիք համապետական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկին, որն արդեն ընթացքի մեջ է։ Ըստ «Առաջնորդողի» քաղաքական նոր դասավորության պայմաններում ակնառու է ազգային ուժերի հաջողության հասնելու հավանականությունը, եթե իհարկե նրանք չտարվեն իրար դեմ պայքարով և համախմբվեն այս գործընթացի սահուն, օրինական ընթացքը ապահովելու կարևոր խնդրի շուրջ։
Քաղաքագետ Վահե Դավթյանի հեղինակած հոդվածի խորագիրն է «Տրանսպորտային պատերազմի նոր փուլը. «Թրամփի երթուղին» որպես աշխարհաքաղաքական գործիք»։ Քաղաքագետը մասնագիտական խորությամբ ներկայացնում է տարածաշրջանում առկա և զարգացող հիմնական հաղորդակցական ուղիները, ըստ որոնց էլ ակնառու են դառնում ներգրավված ուժերի աշխարհաքաղաքական շահերը։ Այս համատեքստում քննարկման առանցքում է Հայաստանի հնարավոր տեղն ու դերակատարությունը այս դաշտում՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով։
Պատմաբան Անի Մելքոնյանն այս անգամ անդրադարձել է Ստալինյան բռնապետության տարիներին հայ եկեղեցու դեմ խորհրդային անաստված համակարգի ձեռնարկած հալածանքներին, որոնք ի վերջո ձախողության մատնվեցին և հայ եկեղեցին շարունակեց իր ազգանպաստ, աստվածաշնորհ առաքելությունը։ Բնականաբար զուգահեռ է բերվում Հայաստանի այսօրվա նեոբոլշևիկ, օտարահպատակ իշխանությունների հակաեկեղեցական հակահոգևոր արշավի հետ, որը նույնպես դատապարտված է ձախողման։
«Դրօշակին» առաջին անգամ թղթակցող երկու հեղինակներից մեկն է Անժելա Հարությունյանը։ Բանասեր և մանկավարժ հեղինակը գրում է․ «Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը կորցրել եւ կորցնում է իր հոգեւոր, բարոյական ու հասարակական արժեքը, խորությունը՝ ստեղծելով վտանգավոր աշխարհայացք եւ ընկալում նոր սերնդի համար»։ Ա․ Հարությունյանը գրում է, որ այսօր Հայաստանի դպրոցում նոր կարգախոս է հայտնվել․«Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես»: Հոդվածագիրն անդրադառնում է մեր կյանքի այս նոր «ճշմարտությանը» փաստելով, որ այն արտացոլում է երկրի այսօրվա կառավարողների մտածողությունը, որը և նրանք փորձում են փաթաթել ազգի վզին, որպես նոր վարդապետություն։
Պաշտոնաթերթի մշտական հեղինակ Վրեժ-Արմենը գրում է․ «Ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն մէկն է, թերեւս՝ ամենէ՛ն հիմնականը, «ո՛չ» ըսելու, չհամաձայնելու, տարակարծիք ըլլալու իրաւունքը։ Այդ իրաւունքի բացակայութիւնը ակնառու է եղած պատմութեան սկիզբէն ի վեր՝ մենատիրական ու սակաւապետական երկիրներու մէջ, բռնատիրական կարգերու տակ։ Այսօր, սակայն, մենք ականատես կ՚ըլլանք այդ իրաւունքի ոտնակոխման այլուր, ցարդ «ժողովրդավար» ճանցուած պետութիւններու մէջ, որոնց քաղաքացիներուն մենաշնորհն էր, կը կարծէինք, կարենալ «ոչ» ըսելը»։ «Դրօշակի» հոկտեմբերյան համարում ընթերցողը կարող է կարդալ նաև Արցախի հիմնահարցին նվիրված Աբրահամ Գասպարյանի և Արմեն Սարգսյանի հոդվածը։
Պատմաբան Արմեն Մարուքյանի հոդվածն այն մասին, թե ինչպես Ադրբեջանական իշխանությունները քայլ-քայլ լուծարում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունը՝ միջազգային պայմանագրի խախտմամբ այն դարձնելով Ադրբեջանի հանրապետության մաս։
Պաշտոնաթերթում տեղ են գտել հետաքրքրական այլ հոդվածներ ևս:
Ներբեռնել համարը


