2025 թվականի վերջին օրերին եզրափակիչ համարով տարին է փակում նաև «Դրօշակ» պաշտոնաթերթը։ Պաշտոնաթերթն այս համարում որոշակի դիտանկյունով փորձել է նաև փակել քաղաքական տարին՝ լայն քաղաքական ընդգրկումով։ Այսօրվա համաշխարհային քաղաքական դիմանկարի ուրվագծի փորձ է համարի «Առաջնորդողը»։
Քաղաքագետ Վահե Դավթյանը ներկայացնում է Հայաստանի էլեկտրացանցերի «ոդիսականը» աշխարհաքաղաքական չափումների ընդգրկուն շրջագծում։ Մոսկվայի Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Սարգսյանը «Թրամփի Զանգեզուրյան երթուղու» վերաբերյալ առաջարկում է ծանոթանալ արեւմտյան, թուրքական, ռուսական, արաբական լրատվամիջոցներով արտահայտված տեսակետներին և գնահատականներին։ Տվյալ թեմայի յուրօրինակ շարունակությունն է Ամերկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ուսումնասիրությունը, Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության նկատվող ակտիվության վերաբերյալ, ինչպես և վերջինիս հավանական ազդեցությունը տարածաշրջանային ուժերի քաղաքականության վրա։
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Դրօշակի» համար գրված վերլուծությամբ անդրադարձել է 2025 թվականին Իրանի հետ և Իրանի առանցքի շուրջ տեղի ունեցած աշխարհաքաղաքական անցուդարձերին։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել Իրանի ունեցած և զարգացող փոխհարաբերություններին տարածաշրջանային շահագրգիռ տերությունների հետ։
Տարվա եզրափակիչ այս համարին տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ վերլուծություն է տրամադրել նաև Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Խոսելով տարածաշրջանային մեծ քարտեզի և նրանում տեղի ունեցող գործընթացների մասին չի կարելի անտեսել այստեղ ձևավորված ու թափ հավաքող մեծ դաշինքները։ Քաղաքագետ Արփի Աբրահամյանը «Դրօշակի» նախորդ համարում հանդես եկավ ԲՐԻԿՍ-ին վերաբերող հոդվածով։ Այս անգամ նա պաշտոնաթերթին տրամադրել է տարածաշրջանային երկրորդ հզոր դաշինքը՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ներկայացնող վերլուծություն։
«Դրօշակի» սույն համարում անդրադարձ կա կարևոր տարեթվերի՝ ՀՅ Դաշնակցության 135 ամյակին և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» 35 ամյակին։ Համաստեղի ուշագրավ հոդվածն է վերահրապարակվել Գարեգին Նժդեհի մահվան 70-րդ տարելիցի առիթով։
Ներբեռնել համարը


