Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ 11-րդ համարը

Ընթերցողի դատին է հանձնվել Դրօշակի 2025 թվականի նախավերջին համարը։ Հերթական համարի բովանդակությանն իսկ ծանոթանալով ակնհայտ է դառնում, որ այն հագեցած է բազմազան և բազմաժանր հոդվածներով։ Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ համարում հոդվածներ են տեղ գտել «Քաղաքական», «Պատմաքաղաքական», «Իրավաքաղաքական», «Հասարակություն», «Տարածաշրջանային», «Աշխարհաքաղաքական», «Հասարակություն» «Ժառանգություն» «Ընկերական զրույցներ» խորագրերի ներքո։ Բնականաբար «Դրօշակի» մտահոգության առանցքում Հայաստանում և Հայաստանի հետ կատարվող իրադարձություններն են, որոնք Հայաստանի հակազգային իշխանությունների գործունեության հետևանքով Արցախից հետո Հայաստանն են տանում ազգային և պետական կյանքին սպառնացող փորձությունների ճանապարհով։

Պատմաբան Անի Մելքոնյանը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով կնքվող այսօրվա փաստաթղթերի և 1921 թվականին բոլշևիկյան հեղկոմի կողմից կնքված պայմանագրերի միջև։ Իրանագետ Լիանա Պետրոսյանը նույն երևույթին անդրադառնում է ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանցի պետական-քաղաքական գործիչների և հասարակության տեսակետները։ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների և հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում իրանագետ Նարե Գևորգյանը ներկայացնում է իրանական կողմի դիրքորոշումը։

Քաղաքագետ և անվտանգության հարցերի մասնագետ Արփի Աբրահամյանը անդրադառնում է ԲՐԻԿՍ կազմակերպությանը։ Հեղինակն իր հոդվածում ներկայացնում է Աշխարհի բնակչության մեծամասնությունը կազմող, արագ զարգացող և, փաստացի, Համաշխարհային ուժի երկրորդ բևեռի վերածված այս թափ հավաքող կազմակերպության բնույթը, ներուժը և զարգացման հեռանկարները։ Թուրքագետ Սաբինա Մուրադյանի հոդվածը վերնագրված է․ «Ուղղափառ գագաուզները թուրքական կառավարության և հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում
20-րդ դարի սկզբին»։ Ծանոթ և անծանոթ այս ազգությանը վերաբերող հետաքրքրական տեղեկությունները կարծում ենք նույնպես կգրավեն «Դրօշակի» ընթերցողներին։

Բանասեր և մանկավարժ Անժելա Հարությունյանը անդրադառնում է իշխանությունների որոշմանը Հայաստանում Ադրբեջանական դպրոցներ բացելու վերաբերյալ։ Մասնագիտական հիմնավորվածությամբ հոդվածում ներկայացված է թե այդ նախաձեռնությունը ինչպիսի սպառնալիք է հայոց ազգային ինքնության համար։

Մենք անդրադարձանք պաշտոնաթերթում լույս տեսած մի քանի հոդվածների թեև ընթերցողը թերթում կգտնի հետաքրքրական այլ հրապարակումներ ևս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել